Մորեխների տեսիլքը
1․ Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։
2․ Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։
3․ Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։
Կրակի տեսիլքը
4․ Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։
5․ Եվ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դադարեցրո՛ւ. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։
6․ Տերը զղջաց սրա համար։ «Սա ևս չի լինելու»,- ասաց Տեր Աստված։
Կապարալարի տեսիլքը
7․ Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։
8․ Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։
9․ Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։
Ամովս և Ամասիա
10․ Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։
11․ Որովհետև Ամովսն այսպես է ասում. Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի»։
12․ Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։
13․ Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։
14․ Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։
15․ Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին։
16․ Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ։
17․ Ուստի Տերն այսպես է ասում. Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: