Գիրք` 42. Զաքարիա

Գլուխ 2

Չափալարի տեսիլքը
   
1. Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։

2. Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։

3. Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։

4. Եվ նա ասաց. «Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։

5. Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ»։

   
Տուն վերադառնալու կանչ աքսորվածներին
   

6. «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։

7. -Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։

8. Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։

9. Որովհետև ես իմ ձեռքն ահա շարժելու եմ նրանց դեմ, և նրանք իրենց ծառայողներին ավար պիտի դառնան, և պիտի իմանաք, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել։

10. Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը։

11. «Այդ օրը շատ ազգեր Տիրոջն են հարելու և ինձ ժողովուրդ են լինելու, և ես քո մեջ եմ բնակվելու։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել քեզ մոտ։

12. Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։

13. Եվ թող ամեն մարմին լռի Տիրոջ առաջ, որովհետև նա զարթնեց իր սուրբ բնակարանից։