Գիրք` 42. Զաքարիա

Գլուխ 7

Աստված հանդիմանում է կեղծ ծոմապահությունը
   
1․ Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,

2․ և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝

3․ Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ ծոմ պահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։

4․ Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5․ «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։

6․ Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։

7․ Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին»։
   
Անհնազանդությունը՝ աքսորի պատճառ
   
8․ Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով.

9․ «Այսպես է ասում Զորքերի Տերը. Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։

10․ Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք»։

11․ Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցին և իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։

12․ Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։

13․ «Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։

14․ -Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։