Գիրք` 16. Բ Տիմոթեոսին

Գլուխ 1

Ուղերձ և ողջույն
   

1. Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսով է,

2. Տիմոթեոսին՝ սիրելի որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։

 
Գոհություն և քաջալերանք
   

3. Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ,

4. ցանկանում եմ քեզ տեսնել՝ հիշելով քո արտասուքները, որպեսզի ուրախությամբ լցվեմ։

5. Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։

6. Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերակենդանացնես Աստծու շնորհը, որ քո մեջ է ձեռնադրության միջոցով։

7. Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։

8. Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար,

9. որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ

10. և հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ. նա մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով,

11. որին ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։

12. Այդ պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։

13. Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։

14. Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգով, որ մեր մեջ է բնակվում։

15. Գիտես, որ ինձ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայում էին, ինչպես նաև Փիգելոսն ու Հերմոգենեսը։

16 . Թող Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի ընտանիքին, որ շատ անգամներ սփոփեց ինձ ու չամաչեց իմ կապանքներից,

17. այլ երբ Հռոմում եղավ, մեծ փութով փնտրեց ինձ ու գտավ։

18. Թող Տերը նրան շնորհի, որ Տիրոջից ողորմություն գտնի այն օրը, իսկ թե Եփեսոսում որքա՜ն ծառայություն մատուցեց ինձ, դու ինքդ լավ գիտես։