Հիսուսը մեր բարեխոսն է
1. Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։
2. Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։
3. Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։
4. Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
5. Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։
6. Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։
Նոր պատվիրանը
7. Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։
8. Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։
9. Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։
10. Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։
11. Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
Չսիրել աշխարհը
12. Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։
13. Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին։
14. Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։
15. Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։
16. Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։
17. Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։
Նեռը՝ հակաքրիստոսը
18. Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։
19. Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։
20. Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։
21. Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։
22. Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։
23. Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։
24. Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։
25. Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։
26. Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։
27. Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։
28. Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
29. Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: