Գիրք` 15. Ա Տիմոթեոսին

Գլուխ 4

Սուտ վարդապետություններ
   

1. Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝

2. ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է,

3. որոնք արգելում են ամուսնությունը, օգտագործումը այն ուտելիքների, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն։

4. Որովհետև Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և ոչինչ խոտան չէ, եթե գոհությամբ է ընդունվում,

5. քանի որ սրբվում է Աստծու խոսքով ու աղոթքով։

 
Հիսուս Քրիստոսի լավ ծառան
   

6. Սրանք եղբայրներին խորհուրդ տալով՝ Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես՝ սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։

7. Բայց պիղծ ու ծեր կանանց հորինած առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ աստվածապաշտությա՛մբ կրթիր,

8. որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։

9. Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի։

10. Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների Փրկիչն է։

11. Այս բանե՛րը պատվիրիր և ուսուցանիր։

12. Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։

13. Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն։

14. Անփույթ մի՛ եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռնադրմամբ։

15. Սրանց մասի՛ն մտածիր, սրանց մե՛ջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։

16. Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։