Գիրք` 15. Ա Տիմոթեոսին

Գլուխ 1

Ուղերձ և ողջույն
   

1. Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ, մեր Փրկիչ Աստծու և Հիսուս Քրիստոսի՝ մեր հույսի հրամանով

2. Տիմոթեոսին՝ հավատով հարազատ որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու մեր Տեր Քրիստոս Հիսուսից։

 
Զգուշացում սուտ վարդապետություններից
   

3. Մակեդոնիա գնալիս խնդրեցի քեզ Եփեսոսում մնալ, որպեսզի ոմանց պատվիրես, որ օտար վարդապետություններ չուսուցանեն

4. և չզբաղվեն առասպելներով ու անվերջանալի ազգաբանություններով, որոնք ավելի շատ վեճեր են հարուցում, քան նպաստում հավատով իրականացվող Աստծու ծրագրին։

5. Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից,

6. որոնցից խոտորվելով՝ ոմանք դատարկաբանության մեջ մոլորվեցին։

7. Կամենում են օրենուսույցներ լինել, մինչդեռ չեն իմանում ո՛չ այն, ինչ խոսում են, ո՛չ էլ այն, ինչ պնդում են։

8. Բայց գիտենք, որ օրենքը բարի է, եթե մեկն այն օրինավոր կերպով գործադրի։

9. Գիտենք նաև այն, որ օրենքը արդարի համար չէ, այլ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայրասպանների և մայրասպանների, մարդասպանների,

10. պոռնիկների և արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների և սուտ երդում անողների և այլ բաների, որոնք հակառակ են ողջամիտ վարդապետությանը,

11. որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որն ինձ է վստահվել։

 
Երախտագիտություն Աստծու բարության համար
   

12. Երախտապարտ եմ նրան, ով ինձ զորացրեց մեր Տեր Քրիստոս Հիսուսով, որովհետև ինձ հավատարիմ համարեց նրա սպասավորությանը կարգելու,

13. ինձ, որ նախկինում հայհոյիչ, հալածող ու անարգող էի, բայց ողորմություն գտա, որովհետև գործում էի անգիտությամբ, անհավատության մեջ լինելով։

14. Իսկ մեր Տիրոջ շնորհն է՛լ ավելի մեծ եղավ հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։

15. Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։

16. Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար՝ օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար։

17. Հավիտենական Թագավորին՝ անեղծ ու աներևույթ, միակ Աստծուն պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։

18. Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝

19. ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։

20. Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։