Գիրք` 48. Եզեկիել

Գլուխ 9

Երուսաղեմը պատժվում է
 

1. Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։
2. Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։
3. Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։
4. Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։
5. Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։
6. Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։
7. Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։
8. Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։
9. Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։
10. Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպն իրենց գլխով եմ տալու»։
11. Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։