1. Եւ աղաղակեա՛ց յականջս իմ մեծաձայն և ասէ. Մերձեա՛լ է վրէժխնդրութիւն քաղաքիդ. և իւրաքանչիւրոք զգործի սատակման ‘ի ձեռին իւրում ունէր:
2. Եւ ահա արք վե՛ց գային ընդ ճանապարհ բարձո՛ւ դրանն՝ որ հայի ընդ հիւսւսի, և իւրաքանչիւր տապար ‘ի ձեռին իւրում. և ա՛յր մի ‘ի մէջ նոցա զգեցեալ պճղնաւոր, և կամար ականակապ յականց շափիղ’այ ընդ մէջ իւր. և մտին կացին առաջի պղնձի սեղանոյն:
3. Եւ փառք Աստուծոյ Իսրայէլի վերացան ‘ի քրովբէիցն յօդն որ ‘ի մէջ տաճարին։ Եւ կոչեաց զայրն որ զգեցեալ էր զպճղնաւորն, և ունէր զկամարն ընդ մէջ իւր:
4. Եւ ասէ ցնա Տէր. Ա՛նց ընդ մէջ քաղաքիդ Երուսաղեմի, և դի՛ր նշան ‘ի ճակատ արանցդ որ հեծեն և յոգոց հանեն ‘ի վերայ անօրէնութեանցն գործելոց ‘ի մէջ դոցա:
5. Եւ ցնոսա ասէ՝ ինձ լու ‘ի լու. Գնացէ՛ք զհետ նորա ‘ի քաղաքն՝ և կոտորեցէ՛ք. և մի՛ խնայեսցեն աչք ձեր, և մի՛ ողորմեսջիք,
6. ծերոյն և տղայոյն, կուսին և երիտասարդին. և զկանայս կոտորեսջիք ‘ի սատակումն. բայց յորոյ վերայ նշանն իցէ՝ մի՛ մերձենայցէք. և սկիզբն՝ ‘ի սրբութեանց իմոց արասջիք։ Եւ սկսան յարանց ծերոց որ էին ‘ի ներքս ‘ի տաճարին:
7. Եւ ասէ ցնոսա. Պղծեցէ՛ք զտունդ, և լցէ՛ք զտունդ դիակամբք. և ելէ՛ք կոտորեցէք և հարէ՛ք զքաղաքդ:
8. Եւ եղև ‘ի կոտորելն զնոսա, հայեցայ՝ և տեսի, և անկայ ‘ի վերայ երեսաց իմոց, աղաղակեցի՛ և ասեմ. Վա՛յ ինձ Ադովնայի Տէր, ջնջե՛ս դու աւադիկ զմնացորդս տանդ Իսրայէլի, ‘ի հեղուլ զսրտմտութիւն քո ‘ի վերայ Երուսաղեմի:
9. Եւ ասէ ցիս. Անիրաւութիւն տանդ Իսրայէլի և Յուդայ մեծացա՛ւ յոյժ յոյժ. զի լցա՛ւ երկիրդ ժողովրդովք բազմօք, և քաղաքդ լի՛ եղև անօրէնութեամբ և պղծութեամբ. զի ասացին եթէ եթո՛ղ Տէր զերկիրն, և ո՛չ ևս հայի Տէր:
10. Եւ արդ ո՛չ խնայեսցէ ակն իմ ‘ի նա, և ո՛չ ողորմեցայց, այլ ըստ ճանապարհաց նոցա տա՛լ ‘ի գլուխ նոցա:
11. Եւ ահա այրն որ զգեցեալն էր զպճղնաւորն, և ունէր զկամարն ընդ մէջ իւր, պատասխանի ետ և ասէ. Արարի՛ որպէս և հրամայեցեր ինձ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: