Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 22

Առ որդիսն Իսրայէլի
 

1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

2. Եւ դո՛ւ որդի մարդոյ, եթէ դատիցես՝  դատեսջի՛ր զքաղաքն արեանց.

3. և խայտառակեսցես զամենայն զանօրէնութիւնս նորա՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Ո՛ քաղաք  որ հեղու զարիւն ‘ի միջի իւրում, ‘ի հասանել ժամանակի իւրոյ. և խորհի  խորհուրդ զանձնէ՝ պղծել զանձն իւր

4. յարիւնս նոցա։ Զո՛ւր հեղեր՝ թաթաւեցար,  և ‘ի խորհուրդսն քո զոր խորհեցար՝ պղծեցար, և մերձեցուցեր զաւուրս քո, և  ածեր զժամանակ ամաց քոց։ Վասն այնորիկ ետու զքեզ ‘ի նախատինս ազգաց,  և յայպն ամենայն աշխարհաց:

5. Որ մօտ ‘ի քեզ էին՝ և հեռի՛ ‘ի քէն, այպանեսցեն  զքեզ՝ և ասասցեն, թէ անուանիդ ‘ի պղծութիւն մատնեցար. քանզի յաճախեցեր  յանօրէնութիւնս:

6. Ահաւասիկ առաջնորդք տանդ Իսրայէլի, իւրաքանչիւր ընդ  մերձաւորս ազգի իւրեանց խառնակէին ‘ի քեզ՝ զի հեղցե՛ն արիւն։

7. Զհայր և  զմայր անարգէին ‘ի քեզ, և ընդ եկին և ընդ պանդխտին՝ անիրաւութեամբ գնային ‘ի քեզ. զորբն և զայրին բռնադատէին ‘ի քեզ.

8. զսրբութիւնս իմ  արհամարհէին, և զշաբաթս իմ պղծէին ‘ի քեզ:

9. Արք աւազակք կային ‘ի միջի  քում զի հեղուցուն ‘ի քեզ արիւն. և ‘ի վերայ լերանց զոհէին ‘ի քեզ, և գործս  անսուրբս գործէին ‘ի միջի քում:

10. Զամօթ հօր յայտնէին ‘ի քեզ, և պղծութեամբ զդաշտանն լլկէին ‘ի քեզ։

11. Եւ իւրաքանչիւր ‘ի կին ընկերի՛ իւրում պղծէին, և  իւրաքանչիւր զնու իւր պղծէին ամպարշտութեամբ, և իւրաքանչիւր զքոյր իւր  զդուստր հօր իւրոյ լլկէին ‘ի քեզ:

12. Կաշառս առնուին ‘ի միջի քում զի  հեղուցուն արիւն, վաշխս և տոկոսիս առնուին ‘ի միջի քում. և ածից  կատարեցից զվախճան չարեաց քոց ըստ բռնութեան քում. քանզի մոռացար  զիս՝ ասէ Տէր Տէր:

13. Ահաւասիկ հարից ծա՛փս զծափի ‘ի վերայ գործոցն քոց  զոր արարեր, և ‘ի վերայ արեանցն գործելոց ‘ի միջի քում։

14. Եւ եթէ  ժուժկալեսցի սիրտ քո. եթէ զօրասցին ձեռք քո յաւուրսն յորս ե՛ս արարից ընդ  քեզ. ե՛ս Տէր խօսեցայ՝ և արարից:

15. Եւ ցրուեցից զքեզ ընդ ազգս՝ և ցանեցի՛ց  զքեզ ընդ գաւառս, և պակասեսցէ պղծութիւն քո ‘ի քէն.

16. և ժառանգեցից ‘ի քեզ  յանդիման ազգացն. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր:

17. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և  ասէ.

18. Որդի մարդոյ, աւասիկ եղեն ինձ տունդ Իսրայէլի խառնակեալ, որպէս  խառնակեալ իցէ պղինձ և երկաթ, և անագ, և կապար, և արծաթ ‘ի հալոցի:

19. Վասն այնորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի եղերուք դուք  ամենեքեան ‘ի մի խառնակութիւն, վասն այնորիկ ես ընկալայց զձեզ ‘ի մէջ  Երուսաղեմի,

20. որպէս ընդունիցի ոք զարծաթ և զպղինձ, զերկաթ և զկապար՝ ‘ի  մէջ հալոցի փչե՛լ ‘ի նա հուր և ձուլել. նո՛յնպէս ընկալայց զձեզ բարկութեամբ իմով,

21. և հաւաքեցից և ձուլեցի՛ց զձեզ. և փչեցից ‘ի ձեզ հոգւով բարկութեամբ իմով. և ձուլեսջիք ‘ի մէջ նորա,

22. զոր օրինակ ձուլեսցի արծաթ ‘ի մէջ բովոյ,  ա՛յնպէս ձուլեսջիք ‘ի միջի դորա. և ծանիջիք, թէ ես Տէր հեղի զսրտմտութիւն իմ ‘ի վերայ ձեր:

23. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.

24. Որդի մարդոյ ասա՛ ցդա. Դու՝ ա՛յն  երկիր ես որ ո՛չ թանաս. և ո՛չ եկն անձրև ‘ի վերայ քո յաւուրս բարկութեան.

25. որոյ իշխանք իւր ‘ի միջի իւրում իբրև զառիւծունս գոչէին յափշտակել  զյափշտակութիւնս. ուտեն զանձինս տնանկաց բռնութեամբ, և առնուն  պատիւս անիրաւութեամբ. և բազմացան այրիք ‘ի միջի քում.

26. Եւ քահանայք  նորա անարգէին զօրէնս իմ և պղծէին զսրբութիւնս իմ. և զսուրբն ‘ի պղծոյն ո՛չ ընտրէին, և զարատաւորն յանարատէ անտի ո՛չ զատուցանէին. և ‘ի շաբաթուց  իմոց ծածկէին զաչս իւրեանց, և զշաբաթս իմ պղծէին ‘ի միջի նոցա:

27. Իշխանք  նորա ‘ի միջի նորա իբրև զգայլք յափշտակօղք, յափշտակել յափշտակութիւնս, հեղուլ զարիւնս. կորուսանել զանձինս, զի ագահութիւն յոյժ ստասցին:

28. Եւ  մարգարէք նորա՝ որ ծեփէին զնոսա անկցին. որք տեսանէին սնոտիս. ըղձային  նոցա ստութիւն, և ասէին. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. և Տեառն չէ՛ր խօսեցեալ.

29. զժողովուրդ երկրին տառապեցուցանէին անիրաւութեամբ, և յափշտակէին  յափշտակութիւնս. զաղքատն և զտնանկն բռնադատէին, ընդ պանդխտին  իրաւամբք ո՛չ գնային:

30. Եւ խնդրեցի ‘ի նոցանէ այր մի որ ուղի՛ղ գնայցէ, և  կայցէ առաջի իմ մտադիւր ‘ի ժամանակի բարկութեան՝ զի մի՛ ջնջեցից զնոսա,  և ո՛չ գտի։

31. Եւ հեղի ‘ի վերայ նոցա զսրտմտութիւն իմ հրով բարկութեան իմոյ  կատարել ‘ի նոսա. ըստ ճանապարհաց նոցա ետո՛ւ ‘ի գլուխս նոցա ասէ Տէր  Տէր: