Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 8

 

1. Եւ եղև յամին վեցերորդի յամսեանն հինգերորդի, որ օր հինգ էր ամսոյն. ես նստէի ‘ի տա՛ն իմում, և ծերքն Յուդայ նստէին առաջի իմ։ Եւ եղև ‘ի վերայ իմ անդ ձեռն Ադովնայի Տեառն.

2. և տեսանէի՝ և ահա նմանութիւն առն, ‘ի միջոյն և ‘ի խոնարհ՝ հո՛ւր, և ‘ի միջոյն և ‘ի վեր՝ իբրև զտեսիլ փայլական. իբրև զգոյն բազմագունի ականն։

3. Եւ ձգեաց նմանութիւն ձեռին՝ և ա՛րկ զգագաթա՛մբ գլխոյ իմոյ, և վերացո՛յց զիս Ոգի ընդ երկինս և ընդ երկիր. և տարաւ զիս յԵրուսաղէմ ‘ի տեսլեանն Աստուծոյ, և կացոյց զիս ‘ի նախադուռն դրանն ներքնոյ որ հայի ընդ հիւսւսի. ուր էր արձան պատկերին Նախանձու ստացողին:

4. Եւ ա՛նդ էին փառք Աստուծոյ Իսրայէլի, ըստ տեսլեանն զոր տեսի ‘ի դաշտի անդ։

5. Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ՝ հայեա՛ց աչօք քովք ‘ի կողմն հիւսւսոյ։ Համբարձի՛ զաչս իմ ‘ի կողմն հիւսւսոյ, և ահա ‘ի հիւսւսոյ կողմանէ ‘ի վերայ դրան սեղանոյն ուր կա՛յր պատկերն Նախանձու ‘ի մուտս դրանն որ հայէ՛ր ընդ արևելս:

6. Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ՝ տեսանե՞ս զի՛նչ գործեն դոքա աստ անօրէնութիւն մեծ տունդ Իսրայէլի, հեռանա՛լ ‘ի սրբութեանց իմոց. դարձեալ ևս մեծամեծս քան զայս տեսցես անօրէնութիւնս:

7. Եւ եմո՛յծ զիս առաջի դրաց սրահին. և տեսի և ահա ծա՛կ մի յորմն։

8. Եւ ասէ՛ ցիս. Որդի մարդոյ բրեա՛ զորմդ։ Եւ բրեցի՛ զորմն, և ահա դուռն մի:

9. Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ՝  մո՛ւտ տե՛ս զանօրէնութիւնսդ՝ և զչարիսդ զոր գործեն դոքա այդր։

10. Մտի՛ և  տեսի, և ահա ամենայն նմանութիւն սողնոց և անասնոց, սնոտի գարշելիք. և տեսի զամենայն կուռս տանն Իսրայէլի նկարեա՛լ շուրջ զնոքօք:

11. Եւ  եւթանասուն այր ‘ի ծերոց անտի տանն Իսրայէլի, և Յեզոնիա որդի Սափանայ ‘ի մէջ նոցա կայր առաջի նոցա. և իւրաքանչիւր բուրուառ ‘ի ձեռին իւրում, և ծուխ խնկոյն ելանէ՛ր դիզանէր իբրև զամպ:

12. Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ՝ տեսանե՞ս զինչ ծերք տանդ Իսրայէլի գործեն այդր ընդ խաւար, իւրաքանչի՛ւր ‘ի ծածուկ ‘ի սենեկի իւրում. զի ասեն. Եթո՛ղ Տէր, և ո՛չ հայի յերկիր:

13. Եւ ասէ ցիս. Դարձեալ ևս մեծամեծ անօրէնութիւնս տեսցես՝ զոր գործեն դոքա։

14. Եւ եմոյծ զիս առաջի դրան տանն Տեառն, որ հայէր ընդ հիւսւսի. և ահա նստէին անդ կանայք՝ և ողբային զԹամուզ։

15. Եւ ասէ ցիս. Տեսանե՞ս զայդ որդի մարդոյ. դարձեալ և՛ս մեծամեծ գործս քան զայդ տեսանիցես։

16․ Եւ եմո՛յծ զիս ‘ի ներքին սրահ տանն Տեառն, և ահա ‘ի վերայ դրաց տաճարին Տեառն ընդ սեղանն և ընդ վանդակն՝ իբրև արք քսանևհինգ, որոց զթիկունս ‘ի տաճա՛րն Տեառն դարձուցեալ էր, և զերեսս ընդ արևելս, և երկի՛ր պագանէին արեգական։

17. Եւ ասէ ցիս. Տեսե՞ր զայդ որդի մարդոյ. միթէ փո՞քր ինչ իցէ անօրէնութիւն տանդ Իսրայէլի զոր գործեն աստ. զի լցին զերկիրդ անօրէնութեամբք, և դարձան ‘ի բարկացուցանել զիս. և ահա ձգեն զբազուկ որթուն ընդ արհամարհանս:

18. Եւ ես արարից ընդ դոսա բարկութեամբ, և ո՛չ խնայեսցէ ակն իմ, և ո՛չ ողորմեցայց նոցա. և աղաղակեսցեն յականջս իմ մեծաձայն, և ո՛չ լուայց նոցա: