Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 44

 

1. Եւ դարձոյց զիս ընդ ճանապարհ արտաքին դրա՛ն սրբութեանցն՝ որ հայէր յարևելս. և այն էր փակեալ:

2. Եւ ասէ ցիս Տէր. Ա՛յդ դուռն փակեալ կացցէ՝ և մի՛ բացցի՝ և մի՛ ոք անցցէ ընդ դա, զի Տէր Աստուած Իսրայէլի մտցէ ընդ դա. և եղիցի փակեալ։

3. Քանզի առաջնորդ իշխանն նա՛ նստցի ‘ի դմա ուտել հաց առաջի Տեառն, ընդ ճանապարհ կամարի դրանն մտցէ, և ընդ նո՛յն ճանապարհ ելցէ:

4. Եւ տարաւ զիս ընդ ճանապարհ դրանն որ ընդ հիւսւսի յանդիման տաճարին. տեսանէի և ահա փառօք Տեառն լի՛ էր տունն Տեառն. և անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց։

5. Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, դի՛ր ‘ի սրտի քում, և տե՛ս աչօք քովք, և լո՛ւր ակընջօք քովք զամենայն ինչ զոր ես ընդ քեզ խօսեցայց, ըստ ամենայն հրամանաց տանդ Տեառն, և ըստ ամենայն իրաւանց դորա. և կարգեսցես ‘ի սրտի քում զմուտ տանդ ըստ ամենայն ելից դորա, և ըստ ամենայն սրբութեանցն:

6. Եւ ասասցես ցտունդ Իսրայէլի տուն դառնացողաց. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Շա՛տ լիցի ձեզ առ ամենայն անօրէնութեամբք ձերովք տունդ Իսրայէլի,

7. մուծանել ձեզ զորդիս այլազգիս անթլփատս սրտիւ՝ և անթլփատս մարմնով՝ լինել ‘ի սրբութիւնս իմ և պղծել զնոսա, ‘ի մատուցանել ձեզ զհացդ իմ ճարպով և արեամբ, և անցանէք զուխտիւ իմով ամենայն անօրէնութեամբք ձերովք:

8. Եւ ո՛չ պահեցէք զպահպանութիւնս սրբութեանց իմոց. և կարգեցէք զնոսա պահել զպահպանութիւն սրբութեան սրբութեանց իմոց:

9. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Ամենայն որդի օտարածին անթլփատ սրտիւ և անթլփատ մարմնով, մի՛ մտցէ ‘ի սրբութիւնս իմ. յամենայն որդւոց այլազգեացն որ իցեն ‘ի տանդ Իսրայէլի։

10. Այլ և Ղևտացիքն որք հեռացան յինէն ‘ի մոլորել ժողովրդանն. որ մոլորեցան յինէն զհետ խորհրդոցն իւրեանց, և ընկալցին ըստ անօրէնութեանց իւրեանց:

11. Եւ եղիցին ‘ի սրբութիւնս իմ պաշտօնեայք բարապանք դրանց տանդ, և սպասաւորք տաճարիդ. նոքա զենուցուն զողջակէզս և զզոհս ժողովրդեանն. և նոքա կացցեն առաջի ժողովրդեանն լինել նոցա ‘ի սպասաւորս.

12. փոխանակ զի էին նոքա սպասաւորք առաջի կռոցն նոցա. և եղև տանն Իսրայէլի այն ‘ի տանջանս անիրաւութեան։ Վասն այնորիկ ամբարձի զձեռն իմ ‘ի վերայ նոցա ասէ Տէր Աստուած. և ընկալցին ըստ անօրէնութեան իւրեանց.

13. և մի՛ մերձեսցին առ իս քահանայանալ ինձ, և մի՛ հպել յամենայն սրբութիւնս որդւոցն Իսրայէլի, և մի՛ յամենայն սրբութիւն սրբութեանց իմոց. և ընկալցին զանարգանս իւրեանց մոլորութեամբն զոր մոլորեցան:

14. Եւ կարգեսցեն զնոսա պահել զպահպանութիւնս տանն. յամենայն ‘ի գործս նորա, և յամենայն ինչ զոր գործեսցեն անդ:

15. Եւ քահանայքն Ղևտացիք որդիքն Սադովկայ որք պահեցին զպահպանութիւնս սրբութեանց իմոց ‘ի մոլորել տանն Իսրայէլի յինէն, նոքա՛ մերձեսցին առ իս պաշտել զիս. և կացցեն առաջի երեսաց իմոց մատուցանել ինձ զոհս և ճարպ և արիւն՝ ասէ Տէր Աստուած։

16. Նոքա մտցեն ‘ի սրբութիւնս իմ, և նոքա մերձեսցին ‘ի սեղան իմ պաշտել զիս. և պահեսցեն զպահպանութիւնս իմ։

17. Եւ եղիցի ‘ի մտանելն նոցա ընդ դուռն սրահին ներքնոյ, զգեցցին զպատմուճանս կտաւիս. և մի՛ զգենուցուն ասուիս ‘ի պաշտամանն իւրեանց, ‘ի դրանէ ներքին սրահին:

18. Եւ խոյրս կտաւիս ունիցին ‘ի գլուխս իւրեանց, և անդրավարտիս կտաւիս յերանս իւրեանց, և ո՛չ զգենուցուն բռնութիւն:

19. Եւ յելանելն իւրեանց յարտաքին սրահն առ ժողովուրդն, մերկասցին զպատմուճանս իւրեանց որով պաշտիցենն. և դիցեն զնոսա ‘ի սենեակն սրբութեանց, և զգեցցին ա՛յլ պատմուճանս. և մի՛ սրբեսցեն զժողովուրդն պատմուճանօք իւրեանց։

20. Եւ զգլուխս իւրեանց մի՛ գերծցեն, և զվարսս իւրեանց մի՛ անօսրացուսցեն. ծածկելով ծածկեսցեն զգլուխս իւրեանց։

21. Եւ գինի մի՛ արբցեն ամենայն քահանայքն ‘ի մտանե՛լն իւրեանց ‘ի ներքին սրահն։

22. Եւ զայրի, և զհանեալ մի՛ առնուցուն իւրեանց ‘ի կանայս, այլ զկոյսս ‘ի զաւակէ տանն Իսրայէլի. և այրի թէ իցէ ‘ի քահանայէ մնացեալ՝ առցեն:

23. Եւ զժողովուրդն իմ ուսուսցեն ընտրե՛լ ‘ի մէջ սրբոյն և պղծոյն. և ‘ի մէջ անարատին և արատաւորին:

24. Եւ ‘ի վերայ դատաստանի արեան նոքա՛ կացցեն քննել. զարդարութիւնս իմ արդարացուսցեն, և զիրաւունս իմ իրաւացուսցեն. և զօրէնս իմ, և զհրամանս իմ յամենայն տօնս պատմեսցեն, և զշաբաթս իմ սրբեսցե՛ն:

25. Եւ ‘ի դի՛ մարդոյ մի՛ մտցեն պղծիլ. բայց թէ ‘ի հօր կամ ‘ի մօր՝ և յուստերս և ‘ի դստերս՝ ևս յեղբօր և ‘ի քեռ՝ որ առն չիցէ տուեալ՝ պղծեսցին:

26. Եւ յետ սրբելոյն նորա՝ եւթն օր թուեսցէ իւր։

27. Եւ յորում աւուր մտանիցէ ‘ի սրբութիւն սրահին ներքնոյ պաշտե՛լ ‘ի սրբութեանն՝ մատուցանէ քաւութիւն՝ ասէ Տէր Աստուած:

28. Եւ ո՛չ եղիցի նոցա ժառանգութիւն, զի ես եմ նոցա ժառանգութիւն. և կալուածք մի՛ տացին նոցա ‘ի մէջ որդւոցն Իսրայէլի, զի ե՛ս եմ նոցա ժառանգութիւն:

29. Եւ զզոհսն, և զվասն մեղացն, և զվասն անգիտութեանն՝ նոքա՛ կերիցեն. և ամենայն նուէրք Իսրայէլի՝ նոցա լիցին։

30. Պտուղ ամենայնի և անդրանիկք ամենեցուն, և երախայրիք յամենայն պտղոց ձերոց՝ քահանայի՛ցն եղիցի։ Եւ զառաջին մուտ արդեանց ձերոց տաջի՛ք քահանային՝ դնել օրհնութիւն ‘ի վերայ տանց ձերոց:

31. Զամենայն զմեռելոտի և զգազանաբեկ, ‘ի թռչնոց և յանասնոց, մի՛ ուտիցեն քահանայքն: