Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 13

   

1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ մարգարէա՛ց 'ի վերայ մարգարէիցդ Իսրայէլի որ մարգարէանան անդ, և ասասցես ցմարգարէսդ որ մարգարանան 'ի սրտից իւրեանց. մարգարէանայցե՛ս և ասասցե՛ս ցնոսա. Լուարո՛ւք զպատգամս Տեառն.
3. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Վա՛յ դոցա որ մարգարէանանդ 'ի սրտից իւրեանց, որ երթա՛ն զհետ ոգւոց իւրեանց, և ամենևին ո՛չ տեսանեն:
4. Իբրև աղուեսք յաւերա՛կս էին մարգարէք քո Իսրայէլ.
5. և ո՛չ կացին 'ի հաստատութեան. և ժողովեցին հօտս 'ի վերայ տանդ Իսրայէլի, և ո՛չ հաստատեցան ոյք խօսէին յանուն Տեառն.
6. որ տեսանէին զստութիւն, և պատմէին զըղձութիւն սնոտի. որք ասէին. Ա՛յսպէս ասէ Տէր. և ես Տէր ո՛չ առաքեցի զնոսա. և սկսան յարուցանել բանս:
7. Ոչ ապաքէն տեսիլս սո՛ւտս տեսէք, և ըղձութիւնս սնոտիս պատմէիք. և ասէիք. Ա՛յսպէս ասէ Տէր, և ես Տէր ո՛չ խօսեցայ:
8. Վասն այդորիկ ասա՛. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի բանք ձեր սո՛ւտ են, և ըղձութիւնք ձեր սնոտի՛ք. վասն այնորիկ ե՛ս 'ի վերայ ձեր՝ ասէ Ադովնայի Տէր.
9. և ձգեցից զձեռն իմ 'ի վերայ մարգարէիցն, որ տեսանէին ստութիւնս, և խօսէին սնոտիս. 'ի խրատու ժողովրդեան իմոյ մի՛ կացցեն. և մի՛ 'ի գիրս տանն Իսրայէլի գրեսցին, և յերկիրն Իսրայէլի մի՛ մտցեն. և ծանիցեն թէ ե՛ս եմ Ադովնայի Տէր:
10. Փոխանակ զի մոլորեցուցանէին զժողովուրդ իմ, և ասէին. Խաղաղութի՛ւն խաղաղութիւն, և ո՛չ գոյր խաղաղութիւն. և ինքն շինէր որմ, և նոքա ծեփէին, զի ​​փլցի.
11. ասէ ցնոսա որ ծեփէինն, թէ անզգամութիւն է այդ, քանզի փլանելոց է. եկեսցէ անձրև՝ և ողողեսցէ, և տաց քարինս ռըմբաքարաց 'ի պահանկս նոցա՝ և կործանեսցին. հողմ յարիցէ՝ և տապալեսցէ:
12. Եւ ահա կործանեցաւ որմն. և ո՛չ ևս ասասցեն ցձեզ, թէ ուր է ծեփն ձեր՝ զոր ծեփեցէքն:
13. Զի ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Արձակեցից հողմս որ բառնայցէ սրտմտութեամբ իմով, և եկեսցէ անձրև ողողանել բարկութեամբ իմով. և զվէմս ռըմբաքարացն ածից ցասմամբ ‘ի վերայ նորա ‘ի վախճան.
14. և յատակեցից զորմն զոր ծեփէիք՝ և կործանեսցի. և ընկեցից զնա յերկիր, և յայտնեսցին հիմունք նորա, և անկցի և վախճանեսցի յանդիմանութեամբ։ Եւ գիտասջիք թէ ե՛ս եմ Տէր:
15. Եւ կատարեցից զսրտմտութիւն իմ ‘ի վերայ որմոյն, և ‘ի վերայ ծեփողաց նորա. և կործանեսցի։ Եւ ասացից ցձեզ՝ թէ չի՛ք ուրեք որմ, և ո՛չ ծեփօղք նորա:
16. մարգարէքն Իսրայէլի՝ որ մարգարէանային ‘ի վերայ Երուսաղեմի. և տեսանէին նմա խաղաղութիւն, և ո՛չ գոյր խաղաղութիւն. ասէ Ադովնայի Տէր։
17. Եւ դու որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ դստերաց ժողովրդեան քոյ, որ մարգարէանային ‘ի սրտից իւրեանց. մարգարէա՛ց ‘ի վերայ նոցա,
18. և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Վա՛յ այնոցիկ որ կարե՛ն կարկատեն զբարձկնեարդ ‘ի ներքոյ ամենայն արմկան ձեռին. և առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց թիւրել զանձինս. զի թիւրեցան անձինք ժողովրդեան իմոյ. և ապշեցուցանէին զանձինս,
19. և բամբասէին զիս առաջի ժողովրդեան իմոյ վասն ափո՛յ միոյ գարւոյ՝ և կոտորո՛յ միոյ հացի, սպանանել զանձինս որ ո՛չ էին մահապարտք. և ապրեցուցանել զանձինս որոց ո՛չ էր պարտ կեալ, ‘ի բարբառելն ձեր յականջս ժողովրդեանն, որ ախորժէ զբարբառ նանրութեան:
20. Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ բարձկներոյդ ձերոյ, յոր դուք ժողովէիք զանձինս, և պատառեցից զայդ ‘ի բազկաց ձերոց. և առաքեցից զանձինս զոր դուքն թիւրէիք ‘ի ցրումն:
21. Եւ պատառեցից զգլխադիրսն ձեր. և ապրեցուցից զժողովուրդ իմ ‘ի ձեռաց ձերոց, և ո՛չ ևս եղիցին ‘ի ձեռս ձեր ‘ի ժողովս։ Եւ  ծանիջիք թէ ես եմ Տէր:
22. Փոխանակ զի խոտորէիք զսիրտ արդարոյն անիրաւութեամբ, և իմ ո՛չ էր թիւրեալ զնա. և զօրացուցանէիք զձեռս անօրինին չդառնա՛լ ամենևին յանօրէնութենէ իւրմէ, և 'ի ճանապարհաց իւրոց չարաց՝ և կեալ:
23. Վասն այնորիկ զստութիւնսն մի՛ ևս տեսանիցէք, և ըղձութիւնս այլ ո՛չ ևս ըղձանայցէք. և ապրեցուցից զժողովուրդ իմ 'ի ձեռաց ձերոց. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր: