Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 37

Վասն Յարութեան։
   

1. Եւ եղև ‘ի վերայ իմ ձեռն Տեառն. և եհան զիս Հոգւովն Տեառն, և եդ զիս ‘ի մէջ դաշտին. և այն լի՛ էր ոսկերօք մարդկան.

2. և շրջեցոյց զիս շուրջ զոսկերօքն. և ահա բազո՛ւմ յոյժ էին ‘ի վերայ երեսաց դաշտին, և ցամաքեա՛լք յոյժ։

3. Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դո՛ւ գիտես զայդ։

4. Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ մարգարեա՛ց ‘ի վերայ ոսկերացդ այդոցիկ՝ և ասասցե՛ս ցդոսա. Ոսկե՛րք ցամաքեալք՝ լուարո՛ւք զպատգամս Տեառն։

5. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցոսկերսդ ցայդոսիկ. Ահաւասիկ ե՛ս ածից ‘ի վերայ ձեր շո՛ւնչ կենդանի.

6. և տաց ‘ի ձեզ ջիլս, և ածից ‘ի վերայ ձեր մարմինս, և ձգեցից ‘ի վերայ ձեր մորթ. և տաց զոգի իմ ‘ի ձեզ, և լինիջիք կենդանի. և ծանիջիք թէ ես եմ Տէր.

7. և մարգարէացայ որպէս և հրաման ետ ինձ Տէր։ Եւ եղև բարբառ ‘ի մարգարէանալն իմում, և ահա շարժո՛ւմն. և մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւրաքանչիւր յօդս.

8. և տեսի և ահա ջիլք և մարմինք պատէին, և ձգէր ‘ի վերայ նոցա մորթ. և շունչ ո՛չ գոյր ‘ի նոսա։

9. Եւ ասէ ցիս. Մարգարեա՛ց որդի մարդոյ, մարգարեա՛ց ‘ի վերայ շնչոյն, և ասասցես ցշունչն. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ե՛կ շունչ ‘ի չորից հողմոց, և փչեա՛ ‘ի մեռեալս յայսոսիկ՝ և կեցցեն:

10. Եւ մարգարէացայ որպէս և հրամա՛ն ետ ինձ Տէր. և եմուտ ‘ի նոսա շունչն, և եղեն կենդանի. և կանգնեցան՝ կացի՛ն ‘ի վերայ ոտից իւրեանց, ժողովուրդ բազում յոյժ յոյժ:

11. Եւ խօսեցաւ ընդ իս Տէր՝ և ասէ. Որդի մարդոյ, ոսկերքդ այդոքիկ ամենայն տունդ Իսրայէլի է. և դոքա ասեն. Չորացան ոսկերք մեր՝ հատա՛ւ յոյս մեր՝ և մեռաք:

12. Վասն այդորիկ մարգարեա՛՝ և ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես բացի՛ց զգերեզմանս ձեր, և հանի՛ց զձեզ ‘ի գերեզմանաց ձերոց ժողովուրդ իմ. և տարայց զձեզ յերկիրն Իսրայէլի:

13. Եւ ծանիջիք՝ եթէ ե՛ս եմ Տէր, ‘ի բանա՛լ ինձ զգերեզմանս ձեր՝ և հանել ինձ զձեզ ‘ի գերեզմանաց ձերոց ժողովուրդ իմ:

14. Եւ տաց զոգի իմ ‘ի ձեզ, և լինիջիք կենդանի. և եդի՛ց զձեզ յերկրին ձերում. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր. և խօսեցա՛յ և արարից, ասէ Տէր Տէր։

15. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.

16. Եւ դու որդի մարդոյ՝ ա՛ռ դու քեզ գաւազան մի, և գրեա՛ ‘ի նմա զՅուդա և զորդիսն Իսրայէլի զմերձաւորս նորա։ Եւ առցես քեզ գաւազան երկրորդ, և գրեսցես ‘ի նմա զՅովսէփ՝ և զգաւազանն Եփրեմի. և զամենայն որդիսն Իսրայէլի զյաւելեալսն ‘ի նոսա:

17. Եւ կցեսցես զնոսա ընդ միմեա՛նս կապեալ լինել ‘ի գաւազան մի. և եղիցի ‘ի ձեռին քում:

18. Եւ եղիցի յորժամ ասասցեն ցքեզ որդիք ժողովրդեան քոյ. Ո՞չ պատմես մեզ զինչ է ա՛յդ ‘ի քեզ.

19. և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առից զազգդ Յովսեփու՝ որ է՛ ‘ի ձեռին Եփրեմայ, և զազգդ Իսրայէլի զմերձաւորս դորա. և տա՛ց զդոսա յազգն Յուդայ, և եղիցին ‘ի մի գաւազան. և եղիցին մի՛ ‘ի ձեռին Յուդայ.

20. և եղիցին գաւազանքդ յորս դու գրեցեր ‘ի ձեռին քում առաջի նոցա։

21. Եւ ասացես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առնում զտունդ Իսրայէլի ‘ի միջոյ ազգացդ յորս մտին ‘ի նոսա. և ժողովեցից զդոսա յամենայն ազգաց որ շուրջ զդոքօք են, և տարայց զդոսա յերկիրն Իսրայէլի,

22. և տա՛ց զդոսա յազգ մի յերկրին իմում ‘ի լերինսն Իսրայէլի. և մի իշխան եղիցի ‘ի վերայ ամենեցուն դոցա ‘ի թագաւոր. և ո՛չ ևս եղիցին յերկուս ազգս, և ո՛չ ևս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս:

23. Զի մի՛ ևս պղծեսցին ‘ի կուռս իւրեանց և ‘ի գարշելիս իւրեանց, և յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. և փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր մեղան ‘ի նոսա, և սրբեցից զդոսա. և եղիցին ինձ ‘ի ժողովուրդ, և ես եղէց դոցա յԱստուած։

24. Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխա՛ն ‘ի մէջ դոցա. և մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն և զիրաւունս իմ պահեսցեն, և արասցեն զնոսա:

25. Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակովբայ ուր բնակեցին հարք իւրեանց. և բնակեսցեն դոքա ‘ի նմա, և որդիք դոցա, և որդիք որդւոց դոցա մինչև յաւիտեան։ Եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխա՛ն դոցա յաւիտեան:

26. Եւ եդից դոցա ո՛ւխտ խաղաղութեան, և ուխտ յաւիտենակա՛ն եղիցի ընդ նոսա. և տա՛ց դոցա՝ և բազմացուցից զդոսա, և եդից զսրբութիւնս իմ ‘ի մէջ դոցա յաւիտեան:

27. Եւ եղիցի բնակութիւն իմ ‘ի դոսա. և եղէց դոցա յԱստուած, և դոքա եղիցին ինձ ‘ի ժողովուրդ:

28. Եւ ծանիցեն ազգք թէ ե՛ս եմ Տէր որ սրբեցի զդոսա, ‘ի լինե՛լ սրբութեանց իմոց ‘ի միջի դոցա յաւիտեան։