Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 43

 

1. Եւ ա՛ծ զիս ‘ի դուռնն որ հայէր ընդ արևելս, և եհա՛ն զիս ընդ այն։

2. Եւ ահա փառքն Աստուծոյ Իսրայէլի գային ընդ ճանապարհն արևելից, և ձայն բանակին իբրև զձայն կրկնելո՛յ բազմաց. և երկիրն լուսաւորեցաւ ‘ի նմանութիւն լուսաւորաց ‘ի փառացն շուրջանակի:

3. Եւ տեսիլն զոր տեսանէի, է՛ր ըստ տեսլեանն զոր տեսի ‘ի ժամանակի իբրև մտանէի օծանել զքաղաքն։ Եւ տեսիլ կառացն զոր տեսի, է՛ր ըստ տեսլեանն զոր տեսանէի ‘ի վերայ Քովբար գետոյ. և անկայ ‘ի վերայ երեսաց իմոց:

4. Եւ փառքն Տեառն մտին ‘ի տաճարն ընդ ճանապարհ դրանն՝ որ հայէ՛ր ընդ արևելս:

5. Եւ համբա՛րձ զիս Հոգին, և տարաւ զիս ‘ի սրահն ներքին. և ահա լի՛ էր փառօք Տեառն տաճարն, և կայի անդ․

6. և ահա ձայն ‘ի տաճարէ անտի որ խօսէր ընդ իս։ Եւ այր մի կայր մօտ առ իս,

7. և ասէ ցիս. Որդի մարդոյ՝ տեսե՞ր զտեղի աթոռոյ իմոյ, և զտեղի հետոց ոտից իմոց. որովք բնակեսցէ անուն իմ ‘ի մէջ տանն Իսրայէլի յաւիտեան. և մի՛ ևս պղծեսցեն տունն Իսրայէլի զանուն իմ սուրբ, ինքեանք և առաջնորդք իւրեանց պոռնկութեամբ իւրեանց, և սպանութեամբ իշխանացն որ ‘ի մէջ նոցա․

8. ‘ի դնել ինձ զդրանդս իմ ‘ի մէջ դրանդեաց նոցա, և զսեամս իմ առ սեամս նոցա։ Եւ արկին զպարիսպս նեղել ընդ իս և ընդ նոսա. և պղծեցին զանուն իմ սուրբ անօրէնութեամբ իւրեանց զոր առնէին. և խորտակեցից զնոսա բարկութեամբ իմով և սպանմամբ:

9. Գոնեայ արդ մերժեսցեն զպոռնկութիւնս իւրեանց, և  զսպանութիւնս իշխանաց նոցա յինէն. և բնակեցայց ‘ի մէջ նոցա յաւիտեան:

10. Եւ դու որդի մարդոյ՝ ցո՛յց տանդ Իսրայէլի զտաճարդ, և դադարեսցեն ‘ի մեղաց իւրեանց, զտեսիլ դորա և զձև և զյօրինուած․

11. և նոքա ընկալցին զտանջանս իւրեանց վասն ամենայնի զոր արարին։ Եւ նկարեսցես զտունդ և զպատրաստութիւնդ իւր, և զել և զմուտ դորա, և զկահ և զամենայն հրամանս դորա. և զամենայն օրէնս և զիրաւունս դորա ցուցցես նոցա. և գրեսցես առաջի նոցա. և պահեսցեն զամենայն իրաւունս և զհրամանս իմ, և արասցեն զնոսա:

12. Եւ նկարագիր տանն ‘ի վերայ գլխոյ լերինն, և ամենայն սահմանք նորա շուրջանակի. սրբութիւն սրբութեանց են։ Ա՛յս օրէն է տաճարին:

13.Եւ ա՛յս չափ սեղանոյն. կանգուն մի ‘ի կանգնոց, և կանգուն մի և ուղուկ գոգա՛ծ խորութեան նորա. և կանգուն մի լայնութիւն. և պսակ շուրջ զծնօտիւք նորա շուրջանակի թզա՛ւ մի։ Եւ ա՛յս բարձրութիւն սեղանոյն:

14. ’ի խորութենէ սկզբան փորուածոյն մինչև ‘ի մեծ քաւութիւնն, կանգունք երկուք ‘ի ներքուստ, և ‘ի լայնութիւն կանգուն մի. և փոքր քաւութենէն մինչև ‘ի մեծ քաւութիւնն կանգունք չորք, և ‘ի լայնութիւն կանգուն մի․

15. և բունն ‘ի չորից կանգնոց. և ‘ի բնէն ‘ի վեր ցեղջեւրսն՝ կանգուն մի:

16. Եւ բունն յերկոտասան կանգնոյ, առ երկոտասան կանգուն ‘ի լայնութիւն, չորեքկուսի ‘ի չորեսին կողմանս իւր։

17. Եւ քաւութիւնն չորեքտասան կանգուն յերկայնութիւն, և չորեքտասան կանգուն ‘ի լայնութիւն, հասարակ ‘ի չորեցունց կողմանց. և ծնօտքն պատուածոյք շուրջանակի պատեալ զնովաւ ‘ի կէս կանգնոյ, և բոլորակն նորա շուրջանակի կանգուն մի. և աշտիճանքն նորա ընդ արևելս:

18. Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ՝ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ա՛յս հրամանք են սեղանոյն. յաւուր գործուածոյ իւրոյ մատուցանել ‘ի վերայ նորա ողջակէզս, և հեղուլ առ նովաւ արիւն:

19. Եւ տացես քահանայիցն Ղևտացւոց որք ‘ի զաւակէ Սադովկայ մերձեսցին առ իս՝ ասէ Տէր Տէր պաշտել զիս, զուարակ մի յանդւոյ վասն մեղաց:

20. Եւ առցեն յարենէ նորա, և դիցեն ‘ի վերայ չորեցունց եղջերաց սեղանոյն, և ‘ի վերայ չորեցունց անկեանց քաւութեանն. և շուրջ զյատակաւն, և ցանեսցեն՝ և քաւեսցեն:

21. Եւ առցեն զզուարակն զվասն մեղացն՝ և այրեսցի ‘ի զատեալ տեղւոջ տաճարին՝ արտաքոյ սրբութեանցն։

22. Եւ յաւուրն երկրորդի առցեն նոխազս երկուս յայծեաց անարատից վասն մեղաց, և քաւեսցեն զսեղանն՝ որպէս քաւեցին զուարակաւն:

23. Եւ յետ վախճանելոյ զքաւութիւնն, մատուսցեն զուարակ յարջառոց անարատ՝ և խո՛յ ‘ի հօտից անարատ։

24. Եւ մատուսցին առաջի Տեառն, և ցանեսցեն ‘ի վերայ նորա քահանայքն աղ. և հանցեն զնոսա յողջակէզս Տեառն:

25. Զեւթն օր արասցեն նոխազ մի վասն մեղաց հանապազ, և զուարակ մի յարջառոց, և խոյ մի ‘ի հօտից անարատ արասցեն:

26. զեւթն օր, և քաւեսցեն զսեղանն՝ և սրբեսցեն զնա։ Եւ կատարեսցեն զձեռս իւրեանց.

27. և վախճանեսցեն զաւուրսն. և եղիցի յօրէն ութերորդէ և անդր՝ արասցեն քահանայքն ‘ի վերայ սեղանոյն զողջակէզս ձեր, և զվասն փրկութեան ձերոյ, և ընկալայց զձեզ՝ ասէ Տէր Տէր: