Առ հովիւսն Իսրայէլի։
1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ՝ մարգարեա՛ց ‘ի վերայ հովուացդ Իսրայէլի, մարգարեա՛ց՝ և ասասցես ցհովիւսդ. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ո՛ հովիւք Իսրայէլի. միթէ հովիւք զանձի՞նս արածեն. ո՞չ հովիւք զխաշինս արածեն:
3. Արդ՝ աւասիկ զկաթնդ ուտէք, և զասրդ ագանիք. զպարարտսն զենուք. և զխաշն իմ ո՛չ արածէք:
4. Զտկարացեալն ո՛չ զօրացուցանէք, և զհիւանդացեալն ո՛չ բժշկեցէք, զչարչարեալն ո՛չ յանձանձեցէք, և զբեկեալն ո՛չ պատեցէք. զմոլորեալն ո՛չ դարձուցի՛ք, և զկորուսեալն ո՛չ խնդրեցիք. զհաստահարուստն աշխա՛տ արարի՛ք:
5. Եւ ցրուեցա՛ն խաշինք իմ, քանզի ո՛չ գոյն նոցա հովիւք. և եղեն կերակուր գազանաց անապատի. և ցրուեցան,
6. և մոլորեցան խաշինքն իմ ընդ ամենայն լերինս, և ընդ ամենայն բլուրս բարձունս, և ընդ ամենայն երեսս երկրի ցրուեցա՛ն խաշինքն իմ. և ո՛չ ոք էր որ խնդրէր, և ո՛չ այն որ դարձուցանէր:
7. Վասն այնորիկ հովիւք լուարո՛ւք զպատգամս Տեառն․
8. Կենդանի՛ եմ ես ասէ Ադովնայի Տէր Տէր. եթէ ոչ փոխանակ զի եղեն խաշինք իմ յաւար, և մատնեցան խաշինք իմ ‘ի կերակուր գազանաց անապատի. վասն զի ո՛չ գոյին հովիւք, և ո՛չ խնդրեցին հովիւք զխաշինս իմ. և բուծին հովիւքն զանձինս իւրեանց, և զխաշինս իմ ո՛չ արածէին․
9. փոխանակ այնորիկ լուարո՛ւք հովիւք զպատգամս Տեառն։
10. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ե՛ս ‘ի վերայ հովուացդ. և պահանջեցի՛ց զխաշինս իմ ‘ի ձեռաց դոցա, և դադարեցուցից զդոսա յարածելոյ զխաշինս իմ, և ո՛չ ևս արածեսցեն զնոսա. և փրկեցի՛ց զխաշինս իմ ‘ի ձեռաց դոցա, և ո՛չ ևս եղիցին դոցա ‘ի կերակուր:
11. Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ինքնին խնդրեցից զխաշինս իմ, և ա՛յց արարից դոցա:
12. Զոր օրինակ խնդրիցէ հովիւ զհօտ իւր, յաւուր յորում իցէ մէգ և մառախուղ ‘ի մէջ խաշանց իւրոց վատնելոց. ա՛յսպէս խնդրեցից զխաշինս իմ, և ժողովեցից զնոսա յամենայն տեղեաց ուր ցրուեցան ‘ի նոսա յաւուր միգի՛ և մառախղի:
13. Եւ հանի՛ց զնոսա յազգաց, և ժողովեցից զնոսա ‘ի գաւառաց, և տարա՛յց զնոսա յերկիրն իւրեանց, և արածեցի՛ց զնոսա ‘ի վերայ լերանց Իսրայէլի,
14. և ‘ի ձորս՝ և յամենայն բնակութեան երկրին. յարօտս փափկութեան արածեցից զնոսա ‘ի լերինն բարձու Իսրայէլի. և ա՛նդ եղիցին մակաղատեղք նոցա, ա՛նդ դադարեսցեն՝ և ա՛նդ հանգիցեն ‘ի գրգութեան բարութեանց. և յարօտս պարարտութեան արածեսցին ‘ի վերայ լերանցն Իսրայէլի:
15. Ե՛ս արածեցից զխաշինս իմ, և ե՛ս հանգուցից զնոսա. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր.
16. Զկորուսեալն՝ խնդրեցից, և զմոլորեալն՝ դարձուցից, զբեկեալն՝ պատեցից, և զվտեալն՝ զօրացուցից, զգէրն և զհզօրն՝ պահեցից. և արածեցից զնոսա իրաւամբք:
17. Եւ դուք խաշինք իմ, ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես՝ ոչխար առ ոչխա՛ր դատեցայց, և խոյ՝ առ խո՛յ:
18. Չիցէ՞ ձեզ բաւական զգեղեցիկ արօտսն յառաջագոյն արածել. այլ և զմնացեալ ճարակն ‘ի ձէնջ առ ո՛տն կոտորէիք, և զջուրսն յստակ ըմպէիք, և զմնացեալն առ ոտն պղտորէիք:
19. Եւ խաշինք իմ զկոխան ոտից ձերոց ճարակէին. և զջուրսն պղտորեալ ‘ի կճղակաց ձերոց ըմպէին։
20. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ե՛ս դատեցայց ‘ի մէջ հարուստ և անաւագ ոչխարաց․
21. փոխանակ զի կողա՛մբք և ուսովք ձերովք գրթցէիք և ոգորէիք, և եղջերովք ձերովք խեթկէիք զամենայն անաւագն. և ‘ի բա՛ց մերժէիք զնոսա, մինչև ցրուեցա՛ն խաշինք իմ :
22. Եւ փրկեցից զխաշինս իմ, և ո՛չ ևս լինիցին ‘ի յափշտակութիւն. դատեցայց խոյ՝ առ խո՛յ։
23. Եւ կացուցից ‘ի վերայ նոցա Հովիւ մի զծառայ իմ զԴաւիթ, և նա հովուեսցէ զնոսա. նա՛ եղիցի նոցա հովիւ․
24. և ես Տէր եղէց նոցա յԱստուած. և Դաւիթ ծառայ իմ իշխան ‘ի մէջ նոցա։ Ե՛ս Տէր խօսեցայ։
25. Եւ եդից ընդ Դաւթի ո՛ւխտ խաղաղութեան, և ապականեցից զգազանս չար յերկրէ, և բնակեսցին յանապատին յուսով, և ննջեսցեն յանտառս:
26. Եւ տա՛ց նոցա շուրջ զլերամբ իմով օրհնութիւն. և տաց ձեզ անձրև, և եղիցին անձրևք օրհնութեան:
27. Ծառք ագարակի տացե՛ն զպտուղս իւրեանց, և երկիր տացէ զզօրութիւն իւր. և բնակեսցե՛ն յերկրի իւրեանց յուսո՛վ խաղաղութեանց. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր. ‘ի խորտակել ինձ զլուծ պարանոցի նոցա։ Եւ փրկեցից զնոսա ‘ի ձեռաց ծառայեցուցչա՛ց իւրեանց:
28. Եւ ո՛չ ևս եղիցին յաւա՛ր ‘ի մէջ ազգաց. և գազանք երկրի մի՛ ևս կերիցեն զնոսա. և բնակեսցեն յուսով, և ո՛չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զնոսա։
29. Եւ կանգնեցից նոցա տունկ խաղաղութեան. և ո՛չ ևս վտտեսցին ‘ի սովոյ ‘ի վերայ երկրի, և նախատինս յազգաց ո՛չ ևս կրեսցեն:
30. Եւ ծանիցեն թէ ե՛ս Տէր Աստուած նոցա՝ ընդ նոսա՛ եմ. և նոքա ժողովուրդ իմ՝ տունն Իսրայէլի, ասէ Տէր Տէր:
31. Եւ դուք խաշինք իմ ոչխա՛րք արօտի իմոյ՝ մարդիկ էք, և ես Տէր Աստուած ձեր, ասէ Տէր Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: