1. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Վասն այդորիկ մարգարեա՛ որդի մարդոյ, և հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ Երուսաղեմի. և հայեա՛ց ‘ի սրբութիւնս նոցա, և մարգարէասցիս ‘ի վերայ երկրին Իսրայէլի,
3. և ասասցե՛ս ցերկիրն Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո, և մերկացի՛ց զվաղակաւորն իմ ‘ի պատենից իւրոց, և սատակեցից ‘ի միջոյ քումմէ զանիրաւն և զանօրէնն.
4. փոխանակ զի սատակեցից ‘ի քէն զանիրաւն և զանօրէնն։ Վասն այնորիկ ելցէ՛ վաղակաւորն իմ ‘ի պատենից իւրոց ‘ի վերայ մարմնոյ, յարևելից մինչև ‘ի հիւսւսի:
5. Եւ ծանիցէ ամենայն մարմին թէ ես Տէր մերկացի զվաղակաւորն իմ ‘ի պատենից իւրոց. և անդրէն ո՛չ ևս դարձցի:
6. Եւ դու որդի մարդոյ՝ հեծեծեսջիր բեկեալ միջովք քով, և հեծեծեսջիր ցաւովք յանդիման նոցա:
7. Եւ եղիցի թէ ասիցեն ցքեզ. Վասն է՞ր հեծես, ասասցես. Զի բօթ լուայ՝ և գալոց է. և բեկցին ամենայն սիրտք, և ամենայն ձեռք լքցին. և ցամաքեսցի ամենայն մարմին և ամենայն շունչ, և ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. ահաւասիկ գայ և եղիցի, ասէ Տէր Տէր Աստուած:
8. Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
9. Որդի մարդոյ մարգարէա՛ց և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ ասասցես. Սո՛ւր սո՛ւր՝ սրեա՛ց և զայրացի՛ր,
10. զի սպանցես զսպանումն. սրեա՛ց՝ ջի՛նջ լեր. պատրաստեա՛ց ‘ի հաշումն, կոտորեա՛. արհամարհեա՛ որդեակ իմ. յապաւեա՛ զամենայն ծառ։
11. Եւ ետ զնա ‘ի պատրաստ, ունել ‘ի ձեռին իւրում. սրեցաւ պատրա՛ստ է սուրն տալ ‘ի ձեռս կոտորչի:
12. Ձա՛յն առ, ճի՛չ բարձ որդի մարդոյ. զի եկն՝ եհաս այն ‘ի վերայ ժողովրդեան իմոյ, և ‘ի վերայ իշխանացն Իսրայէլի. պանդուխտք եղիցին, քանզի եհաս սուրն ‘ի վերայ ժողովրդեան իմոյ. վասն այնորիկ ծա՛փս հար ձեռամբ քով,
13. զի արդարացաւ. և զի՞նչ է, ապրիցի՞ ազգն. ո՛չ եղիցի՝ ասէ Տէր Տէր։
14. Եւ դու որդի մարդոյ մարգարէա՛ց, ծա՛փս հար ձեռամբ. կրկնեա՛ զսուրն, զի երրորդ սուրն վիրաւորա՛ց է. սուր վիրաւորացն սաստկացեալ է. և զարհուրեցուսցէ զնոսա,
15. զի բեկցին սիրտք իւրեանց, բազմասցին տկարացեալք յամենայն դրունս նոցա, զի մատնեցան ‘ի սպանումն սրոյ. գեղեցկացաւ ‘ի փայլիւն, պիտանի եղև ‘ի սպանումն:
16. Շրջեա՛ց յածեա՛ց սրեա՛ց յաջմէ և յահեկէ. զի ուր քո՛ երեսք զարթիցեն,
17. և ես անդ ծա՛փս հարից, և կայթեցից, և արձակեցից զբարբառ իմ. ե՛ս Տէր խօսեցայ:
18. Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
19. Եւ դու որդի մարդոյ՝ պատրաստեա՛ դու քեզ երկուս ճանապարհս, մտանե՛լ սրոյ արքային Բաբելացւոց. զի ‘ի միոջէ աշխարհէ ելցեն երկու առաջք, և ձեռնպատրաստ՝ ե՛լ ‘ի գլուխ ճանապարհի քաղաքին:
20. Իսկզբան ճանապարհին կարգեսցիս. և դու պատրաստեա՛ ևյարդարեա՛ ճանապարհ մտանել սրոյն ընդ Ռաբովթ որդւոցն Ամովնայ ‘ի վերայ Հրէաստանի և ‘ի վերայ Երուսաղեմի ‘ի մէջ նորա:
21. Զի եկեսցէ կացցէ արքայն Բաբելացւոց ‘ի վերայ հին ճանապարհին, ‘ի գլուխ երկուց ճանապարհաց, հմա՛յս հմայել՝ գաւազանս ընկենուլ. հարցո՛ւմն հարցանել ‘ի դրօշելոց, լերդահմա՛յ լինել:
22. Ընդ աջմէ իւրմէ ելին նմա հմայքն ‘ի վերայ Երուսաղեմի, արկանել պատնէշ, բերանալի՛ր գոչել, բարձրացուցանել զձայն աղաղակի. արկանել խի՛ց ‘ի վերայ դրանց նորա, և արկանել հո՛ղ և շինել նետակալս։
23. Եւ նա նոցա ա՛յնպէս թուիցի՝ որպէս հմայիցէ ոք հմա՛յս առաջի նոցա, և եւթներորդիցէ նոցա եւթներորդս. և ինքն յուշ արասցէ զանիրաւութիւնս նոցա յիշել։
24. Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Փոխանակ զի յո՛ւշ արարէք զանիրաւութիւնս ձեր, ‘ի յայտնել ամպարշտութեանցն ձերոց, յերևել մեղացն ձերոց՝ յամենայն ամպարշտութիւնս ձեր և ‘ի գնացս ձեր. փոխանակ զի դուք ինքնի՛ն յիշեցուցէք, ‘ի նոսի՛ն սատակեսջիք:
25. Եւ դու պի՛ղծ և անօրէն իշխանդ Իսրայէլի, որոյ եկեա՛լ է օր վախճանի ‘ի ժամանակի անիրաւութեան։
26. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. ‘Ի բա՛ց առ ‘ի քէն զխոյրդ, և հա՛ն զպսակդ. զի այդ՝ ո՛չ այդպէս վճարեսցի. խոնարհեցուցեր զբարձրացեալն, և բարձրացուցեր զխոնարհեալն․
27. արդ՝ անիրաւութիւն յանիրաւութեանց վերայ եդից զնա. և այդ՝ ո՛չ այդպէս եղիցի, մինչև եկեսցէ որում անկն է, և տա՛ց ‘ի ձեռս նորա: Առ որդիսն Ամովնայ։
28. Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ մարգարէա՛ց և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած ցորդիսն Ամովնայ. և վասն նախատանացն նոցա ասասցես. Սո՛ւր՝ սո՛ւր հանեալ ‘ի սպանումն, մերկացեալ ‘ի վախճան:
29. Զարթի՛ր զի փայլեսցես տեսլեամբ նանրութեան, և ‘ի հմայել հմայս ստութեան. մատնել զնա քեզ, ‘ի պարանոցս վիրաւորացն անօրինացն, որոց եկեալ հասեալ է օր վախճանի ‘ի ժամանակի անիրաւութեան։
30. Դա՛րձ անդրէն, մի՛ աստէն լուծանիր ‘ի տեղւոջ յորում ծնեալդ ես. անդրէն յերկրին քում դատեցա՛յց զքեզ․
31. և հեղից ‘ի վերայ քո զբարկութիւն իմ. հրով բարկութեան իմոյ փչեցից ‘ի քեզ, և մատնեցից զքեզ ‘ի ձեռս արանց բարբարոսաց՝ որ գործեն զապականութիւն։
32. Եւ եղիցես կերակուր հրոյ, և արիւն քո եղիցի ‘ի մէջ երկրի քոյ, և յիշատակ քո մի՛ գտցի. զի ե՛ս Տէր խօսեցայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: