Ի վերայ Տիւրոսի:
1. Եւ եղև յամին մետասաներորդի որ օր մի էր ամսոյն. եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
2. Որդի մարդոյ, փոխանակ զի ոտնհար եղև Տիւրոս ‘ի վերայ Երուսաղեմի, և ասէ. Վա՛շ վա՛շ, զի բեկաւ կորեաւ. առ իս դարձցին ազգքն, որովհետև լի՛ն աւերեցաւ։
3. Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ‘ի վերայ քո՝ Տիւրոս, և հանից ‘ի վերայ քո ազգս բազումս, որպէս ելանէ ծովդ ալեօք իւրովք․
4. և կործանեսցեն զպարիսպս Տիւրոսի, և կործանեսցեն զաշտարակս նորա. և հոսեցից զհող նորա ‘ի նմանէ, և արարից զնա յապառաժ․
5. և ձգանք ուռկանաց եղիցի ‘ի մէջ ծովուն. զի ե՛ս խօսեցայ՝ ասէ Տէր Տէր. և եղիցի յաւա՛ր ազգացն,
6. և դստերք նորա ‘ի դաշտի սրով սպանցին. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր:
7. Զի ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ածից ‘ի վերայ քո Տիւրոս՝ զՆաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց ‘ի հիւսւսոյ, որ է արքա՛յ արքայից. կառօք և երիվարօք, գունդագունդ հեծելօք ազգաց բազմաց յոյժ։
8. Նա զդստերս քո ‘ի դաշտի սրո՛վ կոտորեսցէ. և շուրջ զքև պա՛հ դիցէ, և փո՛ս փորեսցէ, և պատնէշ կանգնեսցէ. և զամրութիւն զինուց,
9. և զգեղարդունս իւր յանդիման քո կանգնեսցէ. և զպարիսպ քո և զաշտարակս կործանեսցէ սրով իւրով։
10. Եւ ‘ի բազմութենէ հեծելոց նորա՝ ծածկեսցէ՛ զքեզ փոշի նոցա. ‘ի ձայնէ հեծելոց՝ և յանուոց կառաց նոցա շարժեսցին պարիսպք քո ‘ի մտանելն նորա ‘ի դրունս քո, որպէս որ մտանիցէ ‘ի դաշտէ ‘ի քաղաք:
11. Սմբակօք երիվարաց իւրեանց կոխեսցեն զհրապարակս քո, և զազգդ քո սրո՛վ սատակեսցեն, և զհաստատութիւն զօրութեան քոյ յերկի՛ր կործանեսցէ:
12. Եւ աւա՛ր առցէ զզօրութիւնս քո, և կողոպտեսցէ զինչս քո, և կործանեսցէ զպարիսպս քո, և զցանկալի ապարանս քո տապալեսցէ. և զքարինս և զփայտս և զհողն ‘ի ծովն ամասցէ։
13. Եւ քակտեսցէ զբազմութիւն արուեստականաց քոց, և ձայն երգոց մի՛ ևս լուիցի ‘ի քեզ:
14. Եւ արարից զքեզ յապառաժ, և եղիցիս ‘ի ձգա՛նս ուռկանաց. և մի՛ ևս շինեսցիս. զի ես խօսեցայ՝ ասէ Ադովնայի Տէր։
15. Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցՏիւրոս. Ոչ ապաքէն ‘ի ձայնէ կործանման քոյ, ‘ի հեծելոյ վիրաւորաց քոց, ‘ի մերկանալոյ սրոյ ‘ի միջի քում, շարժեսցի՛ն կղզիք քո։
16. Եւ իջցեն յաթոռոց իւրեանց ամենայն իշխանք ազգաց ծովուդ, և վերացուսցեն զխոյրս իւրեանց ‘ի գլխոց իւրեանց, և զպէսպէս հանդերձս իւրեանց մերկասցին, տագնապելո՛վ տագնապեսցին. յերկիր կործանեսցին, և զարհուրեսցին ‘ի կորստեան իւրեանց, և յոգոց հանցեն ‘ի վերայ քո․
17. ողբս առցեն ‘ի վերայ քո՝ և ասասցեն. Զիա՞րդ կորեար, քակտեցար ‘ի մէջ ծովու քաղաքդ հոյակապ. որ եղեր զօրացեալ ‘ի մէջ ծովու՝ դո՛ւ և բնակիչք քո, որ զարհուրեցուցանէիր զամենայն բնակիչս քո:
18. Եւ երկիցեն կղզիք յօրէ կործանման քոյ. և խռովեսցին կղզիք ծովուդ ‘ի հերքելոյն քումմէ:
19. Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յորժամ տա՛ց զքեզ քաղաքդ յաւերակ, իբրև զքաղաքս որ բնա՛ւ չիցեն բնակեալ, ‘ի հանել ինձ ‘ի վերայ քո զանդունդսն, և ծածկեսցեն զքեզ ջուրք բազումք․
20. և իջուցից զքեզ առ իջեալսն ‘ի խորխորատ, առ ժողովն յաւիտենից. և բնակեցուցից զքեզ ‘ի խորս երկրի, իբրև զաւերակսն յաւիտենից, ընդ իջեալսն յաւիտենից ‘ի խորխորատ։ Զի մի՛ ևս բնակեսցես, և մի՛ կանգնեսցիս յերկիր կենաց․
21. ’ի կորո՛ւստ մատնեցից զքեզ՝ և ո՛չ ևս իցես. և խնդրեսցիս՝ և ո՛չ գտանիցիս յաւիտեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: