Յոթ հրեշտակներ՝ յոթ փողերով
1. Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։
2. Եվ տեսա յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծու առաջ, և որոնց յոթ փող տրվեց։
3. Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։
4. Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։
5. Հրեշտակը խնկամանը վերցրեց ու զոհասեղանի կրակով լցրեց և երկրի վրա գցեց. եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշարժ։
6. Եվ յոթ հրեշտակները, որ յոթ փողեր ունեին, պատրաստվեցին հնչեցնելու։
Առաջին չորս փողերը
7. Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։
8. Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։
9. Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։
10. Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։
11. Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։
12. Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։
13. Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: