Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 14

   
65. Եւ թագաւորն Աստիագէս յաւելաւ առ հարս իւր, և ա՛ռ Կիւրոս Պարսիկ զթագաւորութիւն նորա։

1. Եւ Դանիէլ էր կենաց կցորդ թագաւորին. և փառաւո՛ր քան զամենայն բարեկամս նորա:

2. Եւ էին կուռք մի Բաբելացւոց անուն Բէ՛լ. և ելանէր ի նմա ռոճիկ՝ աւուր միոջ, նաշիհ՝ երկոտասան արդու. և քառասուն ոչխար. և գինի վեց մար։

3. Եւ թագաւորն պաշտէր զնա. և երթայր հանապազ երկի՛ր պագանէր նմա։ Բայց Դանիէլ պագանէր երկիր Աստուծոյ իւրոյ. և ասէ ցնա թագաւորն. Դու ընդէ՞ր ո՛չ երկիր պագանես Բելայ։

4. Եւ նա ասէ. Քանզի ո՛չ պաշտեմ զկուռս ձեռագործս, այլ զԱստուած կենդանի զԱրարիչն երկնի և երկրի, որ ունի իշխանութիւն ամենայն մարմնոյ։

5. Եւ ասէ ցնաթագաւորն. Իսկ Բէլ ո՞չ թուի քեզ թէ իցէ Աստուած կենդանի. եթէ ո՞չ տեսիցես՝ որչափ ուտէ և ըմպէ հանապազ։

6. Եւ ասէ Դանիէլ ծիծաղելով. Մի՛ խաբիր արքայ, զի դա է ի ներքոյ կաւեա՛յ, և արտաքոյ պղնձի. ո՛չ կերեալ դորա երբէք՝ և ո՛չ արբեալ։

7. Եւ բարկացեալ թագաւորն, կոչեաց զքուրմսն նորա, և ասէ ցնոսա թագաւորն. Եթէ ոչ ասիցէք ինձ, ո՛վ ուտէ զսեղանն զայն՝ մահո՛ւ մեռանիցիք.

8. ապա եթէ յա՛յտ առնիցէք՝ թէ զայն ամենայն Բէլ ուտէ՝ մեռանիցի Դանիէլ՝ զի հայհոյեաց զԲէլ։ Եւ ասէ Դանիէլ ցթագաւորն. Եղիցի՛ ըստ բանի քում։

9. Եւ էին քուրմք Բելայ եւթանասուն, թո՛ղ զկանայս և զմանկտի։ Եւ եկն թագաւորն Դանիելիւ հանդերձ ի տուն Բելայ։

10. Եւ ասեն քուրմք Բելայ. Ահաւասիկ մեք արտա՛քս ելցուք. և դու ա՛րքայ՝ դի՛ր առաջի դորա զկերակուրսդ և զգինիդ խառնեալ դիցես. և փակեա՛ զդուրսդ, և կնքեա՛ մատանեաւ քով։

11. Եւ եկեալ ընդ առաւօտս, եթէ ոչ գտցի այդ ամենայն կերեալ ի Բելայ, մեռցո՛ւք մեք. ապա թէ ոչ՝ Դանիէլ որ սո՛ւտ խօսեցաւ զմէնջ։

12. Եւ նոքա վստա՛հ էին, զի արարեալ էին ընդ սեղանովն մո՛ւտ անյայտ. և ընդ ա՛յն մտանէին հանապազ և ուտէի՛ն զայն։

13. Եւ եղև իբրև ելին արտաքս, և թագաւորն ե՛դ զկերակուրսն առաջի Բելայ։ Եւ հրաման ետ Դանիէլ իւրում մանկտւոյ, և բերին մոխիր, և ցանեցին ընդ ամենայն մեհեանն առաջի թագաւորի՛ն միայնոյ. և ելեալ արտաքս փակեցին զդուռնն, և կնքեցին մատանեաւ թագաւորին՝ և գնացին։

14. Եւ քուրմքն մտին գիշերի ըստ սովորութեան իւրեանց, կանա՛մբք և որդւովք իւրեանց. կերան զամենայն և արբին՝ և ո՛չ ինչ թողին։

15. Եւ կանխեաց թագաւորն ընդ առաւօտն Դանիելիւ հանդերձ.

16. և ասէ. Ո՞ղջ են կնիքդ Դա՛նիէլ։ Եւ նա ասէ. Ո՛ղջ են արքայ։

17. Եւ եղև ընդ բանալ դրանցն՝ հայեցաւ թագաւորն ի սեղանն, ի ձա՛յն մեծ աղաղակեաց՝ և ասէ. Մե՛ծ ես Բէլ, և ո՛չ գոյ նենգութիւն ի քեզ՝ և ո՛չ մի։

18. Եւ ծիծաղեցաւ Դանիէլ. և կալաւ զթագաւորն զի մի՛ մտցէ ի ներքս, և ասէ. Աղէ՝ հայեա՛ց ընդ ատակսդ, և տես ո՞յր է հետդ այդ։

19. Եւ ասէ թագաւորն. Տեսանեմ հետ արա՛նց՝ կանանց՝ և մանկտւոյ ։

20. Յայնժամ բարկացեալ թագաւորն կալաւ զքուրմսն, և զկանայս և զորդիս նոցա. և ցուցին նմա զգաղտնի դրունս՝ ընդ որ մտանէին՝ և ծախէին զսեղանն։

21. Եւ կոտորեաց զնոսա թագաւորն, և զԲէլ ետ ի ձեռս Դանիելի, և կործանեաց զնա՝ և զմեհեան նորա։

22. Եւ է՛ր վիշապ մի մեծ, և պաշտէին զնա Բաբելացիքն։

23. Եւ ասէ թագաւորն ցԴանիէլ. Միթէ և զդմանէ՞ ասիցես թէ պղնձի է. ահաւադիկ կենդանի՛ է, ուտէ՛ և ըմպէ. և ո՛չ կարես ասել թէ չիցէ դա աստուած կենդանի. արդ ե՛կ պագ դմա երկիր։

24. Եւ ասէ ցնա Դանիէլ. Ես՝ Տեառն Աստուծոյ իմոյ երկիր պագանեմ, զի նա՛ է Աստուած կենդանի։

25. Բայց դու ա՛րքայ՝ տո՛ւր իշխանութիւն, և սպանի՛ց զվիշապդ առաջի քո առա՛նց սրոյ և գաւազանի։ Եւ ասէ թագաւորն. Տուեա՛լ քեզ։

26. Եւ ա՛ռ Դանիէլ՝ եւղ, ձիւթ, և ճարպ, և մազ. և եփեա՛ց ի միասին՝ և արար գնդակս, և եհար ի բերան վիշապին. և իբրև կերաւ՝ պայթեաց վիշապն. և ասէ. Տեսէ՛ք զպաշտամունսդ ձեր։

27. Եւ եղև իբրև լուան Բաբելացիքն՝ բարկացա՛ն յոյժ, և կուտեցան ի վերայ թագաւորին՝ և ասեն. Հրեա՛յ եղև թագաւորն. զԲէլ կործանեա՛ց, և զվիշապն սպա՛ն, զքուրմսն կոտորեա՛ց։

28. Եւ իբրև եկին, ասեն ցթագաւորն. Տո՛ւր մեզ ի ձեռս զԴանիէլ. ապա թէ ոչ՝ սպանանե՛մք զքեզ և զտուն քո։

29. Եւ իբրև ետես թագաւորն՝ եթէ կարի՛ տագնապեն զնա, հարկաւ ի ձե՛ռս ետ նոցա զԴանիէլ ։

30. Եւ նոքա արկին զնա ի գուբն առիւծուց. և ա՛նդ էր զվեց օր։

31. Եւ էին ի գբին եւթն առեւծք. և տային նոցա հանապազ երկո՛ւս մարդս, և երկուս պատրուճակս. բայց յայնժամ ո՛չ ինչ արկին նոցա, զի վաղվաղակի՛ կերիցեն զԴանիէլ։

32. Եւ էր Ամբակո՛ւմ մարգարէ ի Հրէաստանի. և եփեաց թան, և բրդեաց հաց ի կուր. և երթայր յանդ՝ տանել մշակաց իւրոց։

33. Եւ ասէ հրեշտակ Տեառն ցԱմբակում. Տա՛ր զճաշդ զոր ունիս՝ ի Բաբելոն Դանիելի՝ ի գուբն առիւծուց։

34. Եւ ասէ Ամբակում. Տէր՝ զԲաբելոն՝ իմ չի՛ք տեսեալ, և զգուբն ո՛չ գիտեմ ո՛ւր իցէ։

35. Եւ բուռն եհար հրեշտակն զգագաթանէ նորա, և կալաւ զվարսից գլխոյ նորա, և ե՛դ զնա ի Բաբելոն ի վերայ գբոյն սաստկութեամբ հոգւոյ իւրոյ։

36. Եւ աղաղակեաց Ամբակում՝ և ասէ՛. Դանիէ՛լ Դանիէլ՝ արի՛ ա՛ռ զճաշդ զոր առաքեաց քեզ Աստուած։

37. Եւ ասէ Դանիէլ. Յիշեցեր զիս Աստուած, և ո՛չ ընդ վայր հարեր զսիրելիս քո։

38. Եւ յարեաւ Դանիէլ՝ և եկեր. և հրեշտակ Աստուծոյ տարաւ զԱմբակում նոյնժամայն անդրէն ի տեղի իւր։

39. Եւ թագաւորն եկն յաւուրն եւթներորդի աշխարե՛լ զԴանիէլ. և իբրև եկն ի բերան գբոյն, և հայեցաւ, և ետես զի նստէր Դանիէլ.

40. աղաղակեա՛ց ի ձայն մեծ՝ և ասէ. Մե՛ծ ես Տէր Աստուած Դանիելի. և չի՛ք այլ ոք բա՛ց ի քէն։ Եւ ա՛ռ զնա ի վեր։

41. Եւ զվնասակարս կորստեան նորա արկին ի գուբն. և գէշ գէշ պատառեցան նոյնժամայն առաջի նորա։