Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:33

Հովհաննես Ծործորեցի

Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:
   

   Եվ ով ուրանա Ինձ (զԻս) մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, Ով երկնքում է:

   Այստեղ չասաց «յԻս», այլ՝ «զԻս», որովհետև երբ մեկն Աստծո պարգևներից դատարկ է լինում, այդ ժամանակ է ուրանում [Նրան]: Բայց եթե մեկը հարցնի. «Այդ դեպքում նա ի՞նչ մեղք ունի, չէ՞ որ լքվել է [Աստծուց]», կասենք, որ լքվելու պատճառն ինքն է և ոչ թե [Աստված], ինչպես Հուդայի պարագայում, ում հանդեպ [Աստված] շատ անգամ խնամք տածեց, բայց նա ուրանալով [Աստծուն] մերժեց: Տիրոջ հանդեպ ուրացություն է, ինչպես Պետրոսինը, [որ ասաց]. «Չգիտեմ այդ Մարդուն» (Մատթ. 26:72), կամ երբ Նրան սոսկ մարդ են խոստովանում, կամ՝ թե երևութապես է երևացել, ինչպես Աբրահամի մոտ  586, և ոչ թե իսկապես մարմին առել: Այլև Քրիստոսի հանդեպ ուրացություն է ասելը, թե Նրա մարմինն անսկիզբ է, կամ՝ թե Խոսքը  587 Կույսից է սկզբնավորվել, կամ էլ Նրա օրենքից գործերով հրաժարվելը: Իսկ Տիրոջ՝ [մեզ] ուրանալը հենց այն է, որ ասաց. «Չգիտեմ ձեզ» (Ղուկ. 13:25). ոչ թե որ ծածկվել էին Նրանից, այլ որ չի կամենում խոստովանությամբ ճանաչել նրանց: Կամ էլ ատելն ու նրանցից զզվելն է [Տերն] «ուրանալ» ասում՝ ըստ այսմ. «Ովքեր ուրանում էին, ատեցի նրանց» (Սաղմ. 100:3): Նաև՝ աշակերտներին ոչ միայն բարի բաներով է հորդորում, այլև տրտմեցուցիչ բաներով, որպեսզի թե բարիքները ցանկանալու, թե տրտմեցուցիչ բաների պատճառով խորշեն [չարից], որովհետև մեծ տրտմություն է Հորը տեսնելուց զրկվելը, քանի որ սա է [նշանակում] «Հոր առաջ» [խոսքը]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17