Ծննդոց գրքի մեկնություն 11:2

Ա. Լոպուխին

Արևելքից տեղաշարժվելիս նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։ (Սինոդական թարգ․) [2]

   

      Արևելքից տեղաշարժվելիս... Քանի որ Նոյյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի լեռների վրա, ապա հենց Հայաստանն էլ դարձավ հետջրհեղեղյան մարդկության առաջին բնակավայրը: Թեև Պաղեստինի համեմատ (որտեղ Մովսեսը գրեց իր պատմությունը) Հայաստանն ընկած է դեպի հյուսիս-արևելք, սակայն աստվածաշնչյան հեղինակները սովորություն չունեն հետևելու նման ճշգրիտ աշխարհագրությանը, այլ առավելաբար գործածում են արևելք և արևմուտք ցուցումները: Մյուս կողմից՝ «արևելքից» արտահայտությունը որոշ գիտնականների առիթ է տվել կարծելու, որ «Արարատի լեռներ» ասելով, պետք է հասկանալ ոչ թե Հայաստանի Արարատ լեռը, այլ «Արիարատան» (Հինդուկուշի լեռնահամակարգի ամենաբարձր լեռը, Տիգրիս գետից արևելք), այն Նիզիր լեռը, որի վրա, ըստ ասորա-բաբելոնյան պատումի, ջրհեղեղից հետո կանգ է առել Ուտնապիշտիմի նավը: Այդ դեպքում, «արևելքից տեղաշարժվելիս» արտահայտությունը բառացիորեն ճիշտ է, որովհետև Միջագետքը կամ Սենաարը գտնվում է Արիարատայից արևմուտք:

   Նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ... Ելնելով իրենց լեռնային շրջանից՝ Նոյի ժառանգները շարժվեցին Տիգրիս և Եփրատ գետերի հոսանքն ի վար և կանգ առան Սենաարի ընդարձակ ու պտղաբեր հարթավայրում՝ ապագա Բաբելոնում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:
(Արարատ թարգ․) Արևելքից տեղաշարժվելիս Սենաար երկրում նրանք մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ:
(Գրաբար) Որդիք Յաբեթի. Գամեր, և Մագովգ, և Մադա, և Յաւան, և Ելիսա, և Թոբէլ, և Մոսոք, և Թիրաս։