Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:27

Հովհաննես Ծործորեցի

Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել:

   

   Ամեն ինչ Ինձ Իմ Հորից տրվեց:

   Այստեղ հայտնապես է ցույց տալիս, որ Ինքը չէ, որ [աշխարհի իմաստուններին] զրկել է ճշմարտությունն [իմանալուց], և չի կարող որևէ բան անել [առանց Հոր]՝ ծածկել կամ հայտնել: Նաև [Հոր հետ] Իր միակամությունն է հայտնում, որպեսզի երկու անծին աստվածներ չկարծես, այլ ինչպես որ Որդին ժառանգությունն ունի Հորից, այդպես էլ՝ նույն բնությունը: Կամ էլ Իր մարմնի մասին ասաց սա, որովհետև ինչպես որ աստվածությամբ ուներ [ամեն ինչ Հորից], ամեն ինչ [Նրանից] ընդունեց նաև մարմնո՛վ՝ տնօրինաբա՛ր՝ մե՛զ համար՝ սկսած հենց հղացումից. իմաստությունը՝ որպեսզի օտար իմաստությունը խափանի, զորությունը՝ որպեսզի անօրինությունը հալածի, և ճշմարտությունը՝ որպեսզի սուտը կորստյան մատնի, քանզի Ինքն էր այդ ամենը և տրվեց մեզ բոլորիս համար ու տարվեց մահվան դատապարտվելու:

   Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ Հայրը, և ոչ Հորն է մեկը ճանաչում, եթե ոչ Որդին և նա, ում կամենում է Որդին հայտնել:

   Ինչո՞ւ եք զարմանում, ասում է, որ ամենքի Տերն եմ. սրանից էլ մեծ բան ունեմ. այն, որ գիտեմ Հորը և Նրա էությունից եմ: Եվ սա հիրավի՛. որովհետև ո՞վ է ճանաչում միտքը, եթե ոչ նրանից դուրս եկող խոսքը, և ո՞վ [է ճանաչում] խոսքը, եթե ոչ [այն] ծնող միտքը, որ վեր է ամեն ինչից:

   Նաև՝ այն չի ասում, թե ոչ ոք չգիտեր [Հորը], այլ՝ «ստո՛ւյգ գիտությամբ, ինչպես Ես գիտեմ, ուրիշ մեկը չգիտի»: Այդպես էլ Որդու մասի՛ն հասկացիր. ամենքը գիտեին Նրան, բայց ո՛չ այնպես, ինչպես Հայրը, Ով և վկայեց թե՝ «Դու ես Իմ սիրելի Որդին» (Մարկ. 1։11): Որովհետև միայն տեսնելը չի նշանակում ճանաչել. լուսատուները, քարերը և արմատները ևս երևում են, բայց չեն ճանաչվում: Ինչպես որ արևը տեսնողներից ոմանք մանուկների պես են և չգիտեն, թե այն ինչ է, այլ կարծում են, թե քար է, ոմանք էլ գիտեն, [թե այն ինչ է], բայց ոչ՝ նրա բնությունն ու պատիվը, մինչդեռ հույժ հմուտները նաև նրա բնության և կարևորության մասին են խոսում, այդպես էլ Հորն ու Որդուն ոմանք բնավ չգիտեն, ինչպես անհավատները, ոմանք էլ ճանաչում են հավատով, ինչպես հավատացյալները, բայց բնության մասին չգիտեն, որովհետև Որդու մասին ստույգ գիտությունը Հորն է պատկանում, և Հոր մասին [գիտությունը]՝ Որդուն և նրանց, ում Նրանք Հոգով կհայտնեն:

   Իսկ [հրեաներն] այդպես չճանաչեցին [Նրան], որովհետև «եթե ճանաչվեր, խաչը չէր հանվի» (Ա Կոր. 2։8), և թե՝ «Ների՛ր նրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկ. 23։34): Սրանից պարզ է դառնում, որ Աստծո բնությունն անհաս է՝ ըստ այսմ. «Ոչ ոք չի կարող Իմ երեսը տեսնել և փրկվել» (հմմտ. Ելք 33։20), «այլ միայն Միածին Որդին, որ Հոր ծոցում է, Նա՛ տեսավ ու պատմեց մեզ» (հմմտ. Հովհ. 1։18), ինչպես և [Նա] է ասում. «... և ում կամենում է Որդին հայտնել»՝ որպես Որդի, Ով ունի Հոր էության գիտությունը՝ ըստ այսմ. «Հայտնեցի [Քո] անունը» (Հովհ. 17։6): Այդպես էլ Որդու մասին [հայտնում է ոչ այլ ոք], քան Հայրը՝ ըստ այսմ. «Մարմինն ու արյունը չհայտնեցին, այլ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. 16։17):

   Նաև ո՛չ ամենքին [Տերն Իրեն] հայտնեց իբրև Աստված, այլ ում ցանկացավ՝ Իր կամքի համաձայն, և [հայտնեց] իբրև Որդի՝ Իր գործերով, երբ Նրա զորությունը ճանաչեցին Հոգով, ոչ միայն հենց Նրա հրաշագործություններից, այլև Նրա անվամբ գործված մեծամեծ զորություններից:
   

Ստեփանոս Սյունեցի

Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել:

   
   Ամենայն, ինչ տրվեց ինձ՝ իմ Հորից, և ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին»:

   Որդուն տրվեց ամեն ինչ, քանզի Որդին մատնվեց և տրվեց ամենքի համար: Տրվեց Նրան, որպեսզի՝ իբրև Աստծու իմաստություն, խափանի օտար իմաստությունները և որպես Աստծու զորություն՝ հալածի անօրենությունը ինչպես նաև իբրև ճշմարտություն՝ [կորստյան մատնի] ստությունը:

   «Ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին, և նա, ում Որդին ուզենա հայտնել»: Այս չասաց, որ չհավատան Հորը, այլ Որդուն, և [դարձյալ] ոչ ոք չհավատա և չգիտենա Որդուն, բայց [միայն] Հորը, այլ [այն պատճառով, որ] Աստծու բնության Էությունը ոչ ոք չի կարող գիտենալ, քանզի եթե հայելու օրինակով և առակով փոքր ի շատե գիտենք և փոքր ի շատե մարգարեանում ենք, -ինչպես ասում է առաքյալը (Ա Կորնթ. 13։9), -ապա ուրեմն ճշմարտությամբ ոչ ոք չգիտե Աստծուն և ոչ էլ Որդուն, եթե [իհարկե] Հայրը չհայտնի մեկին Որդու գիտությունը, ինչպես ասվեց Պետրոսի համար, թե. «Մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. 16։17):

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:25