Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով, որովհետև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա»։
   
    «Եթե պետք է գայթակղություններ գան, - գուցե ասի հակառակորդներից մեկը, - ապա ուրեմն Քրիստոս ինչո՞ւ է ցավում աշխարհի համար՝ այն դեպքում, երբ պիտի ազատեր աշխարհը գայթակղություններից և օգնության ձեռք մեկներ։ Չէ՞ որ սա հենց բժշկի ու միջնորդի պարտականությունն է, իսկ ցավել ամեն մեկն էլ կարող է»։ Իսկ ի՞նչ ենք մենք պատասխանում այսպիսի անամոթ խոսքերին։ Կարո՞ղ ես դու գտնել մի բան, որը հավասարազոր կլինի այս բժշկությանը․ Աստված լինելով՝ Քրիստոս քեզ համար դարձավ մարդ, ընդունեց ծառայի կերպարանք, ենթարկվեց ամեն տեսակի նախատինքի և Ինքն անձամբ կատարեց այն ամենը, ինչ Իր կողմից հարկավոր էր անել։ Բայց քանի որ այս ամենը երախտամոռ մարդկանց ոչ մի օգուտ չբերեց, ուստի Հիսուս ցավում է նրանց համար․ ցավում է ա՛յն բանի համար, որ նույնիսկ այսպիսի բժշկություն ստանալուց հետո նրանք չազատվեցին իրենց հիվանդությունից։ Հիսուս ցավ է ապրում՝ այնպես, ինչպես եթե մեկը, ցավելով հիվանդի համար, ում բժշկության համար մեծ ջանքեր էին գործադրել, բայց ով չցանկացավ հնազանդվել բժշկի ցուցումներին, ասեր հետևյալը՝ «վա՜յ այս մարդուն ա՛յն հիվանդության պատճառով, որը նա ինքը սաստկացրեց իր սեփական անհոգությամբ»։ Այս վերոհիշյալ պարագայում, սակայն, ցավ ապրելը որևէ մի օգուտ չուներ, մինչդեռ Քրիստոսի՛ ցավելն անգամ այստեղ ծառայում է որպես բժշկություն, քանի որ այդպիսով Քրիստոս կանխագուշակում է ապագան և ցավում է աշխարհի համար։ Իսկապես, մարդիկ հաճախ շատ խորհուրդներ ստանալով՝ ոչ մի օգուտ չեն ունենում, մինչդեռ ցավից ուղղվում են։ Հատկապես դրա՛ համար Փրկիչն ասաց՝ «վա՜յ աշխարհին», - որպեսզի այդպիսով արթնացնի մարդկանց, պատրաստի նրանց սխրանքների և ստիպի արթուն մնալ։ Միևնույն ժամանակ, Նա բացահայտում է Իր սերն ու հեզությունը մարդկության հանդեպ, քանի որ ցավում է նույնիսկ հակառակորդների համար՝ ոչ միայն վրդովվելով, այլև Իր ցավով ու կանխագուշակությամբ կամենալով նրանց ուղղել, որպեսզի դեպի Իրեն դարձնի նրանց։

    «Բայց ինչպե՞ս է դա հնարավոր», - կհարցնես դու։ Եթե գայթակղություններ, այնուամենայնիվ, պետք է լինեն, ապա ինչպե՞ս կարելի է խուսափել դրանցից. թեև գայթակղությունների գալն անխուսափելի է, բայց դրանց պատճառով կորստյան մատնվելո՛ւց պետք է խուսափել։ Եթե, օրինակ, մի բժիշկ ասի (ոչինչ չի խանգարում կրկին ներկայացնելու նույն օրինակը), - պիտի վրա հասնի այսինչ կամ այնինչ հիվանդությունը, սրանից դեռ չի հետևում, թե այդ հիվանդությունը անպայմանորեն վնաս պիտի պատճառի անգամ զգուշավոր մարդուն։ Փրկիչն այս խոսքերն ասաց, - ինչպես ես վերևում նշեցի, - ա՛յն բանի համար, որ մյուսների հետ միասին քնից արթնացնի նաև Իր աշակերտներին։ Որպեսզի Իր աշակերտները քնի մեջ չընկնեն՝ կարծելով, թե իրենց ապահով ու անհոգ կյանք վարելու արտոնությունն է տրվել, Քրիստոս կանխագուշակում է նրանց սպասվող ներքին ու արտաքին բազմաթիվ կռիվների մասին։ Այդպես նաև Պողոսը, սա մատնանշելով, ասաց. «Դրսից՝ պայքարներ, ներսից՝ արհավիրքներ...վտանգներ՝ սուտ եղբայրներից» (Բ Կորնթ. 7:5, 11:26)։ Նաև, Եփեսոսի հովիվների հետ Միլետոնում խոսելով՝ ասում էր. «Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ են խոսում» (Գործք 20:30)։ Եվ Ինքը՝ Քրիստոս էլ ասաց. «Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն» (Մատթ. 10:36

    Երբ Քրիստոս խոսում է գայթակղությունների անհրաժեշտության մասին, այդպիսով ո՛չ մեր ազատ կամքն է վերացնում, ո՛չ էլ կամքի ազատությունը, և ո՛չ էլ մեր կյանքը ենթարկում է ինչ-որ գործողությունների անհրաժեշտության, այլ միայն կանխագուշակում է այն, ինչ անպայմանորեն պիտի պատահի։ Այդ միևնույն միտքն է արտահայտում նաև Ղուկաս ավետարանիչը՝ ասելով. «Անկարելի է, որ գայթակղություն չգա» (Ղուկ. 17:1)։ Իսկ ի՞նչ են, ուրեմն, գայթակղությունները։ Խոչընդոտներ՝ ուղիղ ճանապարհին։ Այդ բառով թատրոնում կոչում են նրանց, ովքեր հմտորեն խոչընդոտներ են դնում և ճարպկորեն շուռ են տալիս մարմիններ։ Այսպիսով, Փրկչի կանխագուշակումը չէ գայթակղությունների պատճառը. բնա՛վ, գայթակղությունների գոյությունը պայմանավորված չէ նրանով, որ Փրկիչը կանխագուշակել է դրանց մասին, այլ Նա կանխագուշակեց, քանի որ դրանք անպայմանորեն պիտի պատահեին։ Եթե մարդիկ, որոնցից բխում են գայթակղությունները, հանկարծ որոշեին այլևս չարիք չգործել, ապա գայթակղություններ էլ չէին լինի, իսկ եթե դրանք չպիտի լինեին, ապա և չէին էլ կանխագուշակվի։ Բայց քանի որ մարդիկ մատնվեցին չարիքին և ընկան անբուժելի հիվանդության մեջ, ուստի գայթակղություններ եկան, և Փրկիչը միայն կանխագուշակում է այն, ինչ պիտի պատահեր։ Իսկ եթե նրանք ուղղվեին, - կասես դու, - և ոչ ոք գայթակղություններ չառաջացներ, ապա մի՞թե սուտ չէր դառնա այս կանխագուշակումը։ Ամենևին ոչ. դա այդ ժամանակ էլ չէր լինի։ Եթե բոլոր մարդիկ կարողանային ուղղվել, ապա Փրկիչը չէր էլ ասի՝ «հարկ է, որ գայթակղությունները գան»։ Բայց քանի որ Նա կանխատեսում էր, որ ոմանք չեն ցանկանա ուղղվել, դրա համար իսկ ասաց, թե գայթակղություններն անպայմանորեն գալու են։ Բայց ինչո՞ւ ուրեմն,- գուցե հարցնես դու, - Տերը չվերացրեց դրանք։ Իսկ ինչո՞ւ պիտի վերացներ։ Նրա՞նց համար, ովքեր վնասվում են դրանցից։ Բայց այդպիսիք վնասվում են ո՛չ թե գայթակղություններից, այլ իրենց անհոգությունից։ Սա երևում է առաքինի մարդկանց օրինակից, որոնք ոչ միայն որևէ վնաս չեն կրում գայթակղություններից, այլ նույնիսկ ամենամեծ օգուտն են ստանում դրանցից։ Այդպիսին էր Հոբը, այդպիսին՝ Հովսեփը, այդպիսին էին բոլոր արդարներն ու առաքյալները։ Իսկ եթե շատերն էլ կորստյան մատնվեցին գայթակղություններից, ապա դա տեղի ունեցավ իրենց անհոգության պատճառով։ Եթե այդպես չլիներ, և կործանումը կախված լիներ գայթակղություններից, ապա բոլորը պիտի կորչեին։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք խուսափում են գայթակղություններից, ապա նրանցից չխուսափողը պիտի մեղադրի հենց ինքն իրեն։ Գայթակղությունները, ինչպես ասացի, մարդկանց արթնացնում են քնից, զգուշավոր ու խորաթափանց են դարձնում, և ո՛չ միայն նրանց, ովքեր իրենց պահպանում են գայթակղություններից, այլև ընկածին նույնպես արագ վերականգնում են. գայթակղությունները մեղքի մեջ ընկած մարդուն զգուշավորություն են ուսուցանում և անորսալի են դարձնում։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը:
   
    Վա՛յ աշխարհի գայթակղություններին. գայթակղությունները հա՛րկ է, որ գան, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով գայթակղություն կգա:

    Այս «վայ»-ը հասցեագրում է կամ գայթակղեցնողներին, ովքեր աշխարհասեր են և շատերին են գայթակղեցնում, այսինքն՝ ուղիղ ճանապարհն արգելում ու խափանում են, և նրանց «վայ» է ասում նրանց գայթակղեցուցիչ գործերի և խոսքերի պատճառով, որովհետև նախ ասաց. «Ավելի լավ կլիներ, եթե էշի երկանաքար կախվեր նրա պարանոցից», այժմ էլ ավելացնում է, թե [գայթակղեցնողը] դրանով չի ազատվելու, առջևում դարձյալ վայ ու անեծք կա՝ ըստ օձի օրինակ (Ծննդ. 3։14-15), որպեսզի սրանով արթուն լինեն և ոչ ոքի չգայթակղեցնեն, որովհետև [Տերը] ոչ միայն գարշում է սրանից, այլև նախապես ողբում սրա վրա: Կամ էլ ողբում է գայթակղվածներին, որովհետև ոչ միայն կործանողներն են տանջվելու, ասում է, այլև կործանվածները, քանի որ վրեժ է խնդրվելու ոչ միայն նրանցից, ովքեր չարն են գործում, ասաց առաքյալը, այլև «ովքեր կամակից են լինում [չար] գործերին» (Հռոմ. 1։32):

    Բայց թող ոչ ոք չասի, թե եթե գայթակղությունը հա՛րկ է, որ գա, ինչո՞ւ է [Տերը] վայ կարդում նրան, ում պետք էր օգնության ձեռք մեկնել, որովհետև սա է [պատշաճում] բժշկին, մյուսը [հատուկ է] չնչին մեկին: [Սա ասողը] թող իմանա, որ ինչպես այն հիվանդին, ով բազմաթիվ բուժամիջոցներ վայելելով հանդերձ՝ չի կատարում բժշկի պատվերը, բժիշկը ողբում է թե՝ «Վա՛յ այսինչին, որովհետև իր ծուլությամբ է՛լ ավելի է հիվանդությունը բարդացնում», որովհետև [վայ կարդալը] նույնպես բժշկության ձև է, այդպես էլ Տերն արեց, քանի որ շատերը չխրատվեցին լավ վերաբերմունքից, այլ այն ժամանա՛կ օգուտ ստացան, երբ նրանց ողբացին:

    Իսկ «հարկ է» ասելու պատճառով թող ոչ ոք չկարծի, թե եթե հա՛րկ է, որ [գայթակղությունը] գա, ինչպե՞ս փախչենք [դրանից]: Որովհետև հարկ է, որ գայթակղությունը գա՝ ըստ Ղուկասի. «Հնարավոր չէ, որ գայթակղություն չգա» (Ղուկ. 17։1)՝ մեր սխալական ու նյութական բնության և սատանայի նախանձաբեկության պատճառով, սակայն հարկ չէ, որ կործանումը գա, որովհետև [Տերը մեր] անձնիշխան ազատությունը չի վերացնում և [մեր] վարքն ու ընթացքը չի դնում հարկադրանքի տակ, այլ նախապես ասում է այն, ինչ լինելու է: Ուստի ոչ թե Նրա կանխաճառությունն 1 է գայթակղություն առաջ բերում, այլ որովհետև դա լինելու էր, կանխագուշակեց, որպեսզի Նրա կանխագիտությունը ցույց տրվի՝ ըստ առաքյալի (Եփես. 1։9), և մարդիկ զգուշանալով փրկվեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6