Հովհաննես Ծործորեցի
15-16. Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»:
Երբ քահանայապետերն ու օրենսգետները տեսան Նրա գործած հրաշքները և մանկանց, որ աղաղակում էին Տաճարում և ասում. «Օրհնություն Դավթի Որդուն», բարկացան և ասացին Նրան. «Լսո՞ւմ ես` դրանք ինչ են ասում»:
Չափազանց դառն է նախանձի կիրքը, որովհետև ոչ միայն ուրիշների օգուտը, այլև սեփական սխալները թույլ չի տալիս տեսնել, ինչպես սրանք, որ երբ տեսան այդ մարգարեություններն իրականացած, նկատի ունեմ Զաքարիայինն ու Դավթինը 1144, այլև այն հրաշքները, որ գործվեցին կույրերի ու կաղերի համար, բարկությամբ լցվեցին և հեղձամղձուկ էին լինում 1145: Նրանք պետք է որ գոնե միայն դրանից ճանաչեին Նրան, սակայն ըմբոստանալով հակառակեցին թե` «Լսո՞ւմ ես` դրանք ինչ են ասում»: [Սա նշանակում է]` կամ` ինչո՞ւ ես թույլ տալիս, որ միայն Աստծուն վայել օրհնությունը Քեզ տան, կամ էլ` Դու Քեզ Աստված և Աստծո Որդի ես ասում, իսկ դրանք, որ Աստծո զորությամբ խոսեցին, այժմ մարդու որդի են [Քեզ] հռչակում, քանի որ Դավիթը մարդ էր: Ուստի Տերը, հասկանալով նրանց միտքը, որ պատրաստվում էին մանուկներին չարախոսել, Դավթի մարգարեությամբ պատվում է մանուկների խոսքը: Այս մանուկները, որ աղաղակում էին Տաճարում, հավանաբար քառասնօրյա անդրանիկներ էին, որոնք Օրենքի համաձայն եկել էին Տաճար` Տիրոջը ներկայանալու 1146, և երբ տեսան Հիսուսին Տաճար մտած, ճանաչեցին, որ Նա է Տաճարի Տերը, և սկսեցին աղաղակել. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն»: Իսկ Ղուկասն ասում է. «[Ասացին]. «Սաստի՛ր Քո աշակերտներին, որ լռեն», և [Հիսուսը] պատասխանեց նրանց. «Եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն» (Ղուկ. 1։39, 40), ինչն իրականացավ: Որովհետև երբ աշակերտները լռեցին, մանուկները, որ քարի պես անխոս էին, սկսեցին օրհնություն երգել հրեղեն զորքերի հետ: Այլև սա իրականացավ հարության ժամանակ. երբ աշակերտները փախան ու լռեցին, վեմերը պատռվեցին, երկիրը շարժվեց, և կնքված գերեզմանները բացվեցին ու մեծաձայն հնչումով աղաղակեցին` Խաչյալին ու Հարուցյալին Աստված քարոզելով: [Այս խոսքը] նաև հեթանոսներին է ակնարկում, ինչպես որ ասվեց. «Աստված կարող է այս քարերից էլ ստեղծել Աբրահամի համար որդիներ» (Մատթ. 3։9). [հեթանոսները] քարի պես կարկամած էին անհավատությամբ, բայց Ավազանի ոռոգմամբ կակղացան և դարձան Աստծո փառաբանիչներ:
Հիսուսն ասաց նրանց. «Այո՛: Չե՞ք կարդացել. «Մանուկների և ծծկերների բերանով օրհնություն կատարեցիր» 1147:
Հայտնի բաներին էլ էին հակառակում, ուստի սաստով է ճշմարտությունն ասում` նրանց տգիտությունը հանդիմանելով թե` «Չե՞ք կարդացել»: Եվ լավ ասաց` «բերանից». որովհետև ոչ թե նրանց մտքից էին այդ խոսքերը, այլ Նրա զորության պարգևն էր, որ նրանց չհասունացած ու խակ լեզուն բացեց օրհնաբանության համար: [Սրանով] նաև սովորեցնում է, որ Ինքն է մեր բնության արարիչը, որ բացեց այդ մանուկների բերանը, որոնք խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր մի ժամանակ տգետ ու տխմար էին և հանկարծ կատարյալ մտքով մեծամեծ [իմաստություններ] հնչեցրին: Սա նաև առաքյալների մխիթարության համար տրվեց, որովհետև մտածում էին` ինչպե՞ս կարող ենք քարոզել մենք` տգետներս, ուստի մանուկները կանխելով` նրանց մտքից ամեն կասկած վանեցին` [հասկացնելով], որ նրանց բերանին էլ է [Տերը] խոսք տալու, ինչպես որ իրենց մղեց օրհնաբանելու: Տես նաև մյուս սքանչելիքը, որ [Հիսուսի] թե՛ ծննդյան, թե՛ մահվան ժամանակ անմեղ մանուկներ էին դրանց հետ ընդելուզված. Հովհաննես [Մկրտիչը] ցնծաց մոր որովայնում [Քրիստոսին] ընդառաջ գնալիս 1148, Վերջինիս ծննդյան ժամանակ [Բեթղեհեմի] մանուկները կոտորվեցին 1149 և դարձան Նրա հարսանիքի համար ողկույզներ, և Նրա չարչարանքին [մերձակա] ժամանակում ծծկեր մանուկներ են աղաղակում` Նրան օրհնելով, ովքեր հայտնապես ցույց են տալիս, որ [Հիսուսն] Աստված է և Աստծո Որդի, որ օրհնություններ է ընդունում ինչպես վերիններից, այդպես էլ ստորիններիցս` մինչև ամենավերջինը, ինչով Նրա օրհնությունը կատարվում է բոլոր արարածների կողմից:
Մաղաքիա արք. Օրմանյան
15-16. Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»:
Այդ մեծ և նշանակալից գործը, ինչպես Հիսուսին մատուցված մեսիական պատիվը, չէր կարող չգրգռել փարիսեցիներին, ովքեր սակայն չէին համարձակվում հրապարակայնորեն հակառակվել, ինչպես որ հիշեցինք: Բայց իսպառ լռելն էլ պատշաճ չհամարեցին և ուզեցին գոնե ուղղակի իրեն դիտողություն հայտնել, որ եթե օրինապահ մեկն է, պետք չէ ների, որ իր լուռ հավանությամբ իրեն այդպիսի պատիվներ տրվեն և օրհնություններ երգվեն, կարծես թե Ինքն ակնկալված Մեսիան եղած լինի, ինչը որ Իր կողմից հանդգնություն, աստվածային անվան անարգանք ր օրենքի դեմ մի գործ կլիներ: Սկզբից ի վեր Հիսուս քարոզում և պաշտպանում էր իր Մեսիայությունը, բացարձակ կերպով հայտարարոմ էր, հրաշքներն ու վկայությունները երպես փաստ էր ցույց տալիս և ելնել ու Հիսուսից պահանջել, որ այսպես անուղղակի կեպով իր ասածները հերքի և Իր կոչումը ամարգի, պետք է ասել, որ եթե շատ միամիտ մի գործ չէր, ապա անշուշտ, ժպիրհ մի լրբություն էր: Մանավանդ, որ նույն պահին և նույն ժամին տաճարի բակում այնքան նոր բժշկություններ էլ էին կատարվում, որոնք Հիսուսի վարդապետության նորանոր փաստերն էին: Սակայն երբ մարդու սիրտը կրքերով մոլորված է, ոչ թե հոգու, այլև մարմնի աչքով էլ չտեսնող կդառնա:
Փարիսեցիները, քահանայապետերն ու դպիրները, որ նշանակում է, թե նույն պահին տաճարի մեջ գտնվող սինեդրիոնի անդամները հրաշքները տեսնում են, օրհնաբանությունները լսում և փոխանակ նրանցից ազդվելու, սաստիկ կերպով զայրանում են և Հիսուսի վրա հարձակվելով, պահանջում են, որ
երգեցիկ երեխաներին հրամայի, որպեսզի լռեն. «Չե՞ս լսում,- ասում են,- թե ինչե՜ր են խոսում ու երգում և ինչպե՞ս կարողանում հանդուրժել, որ քո առջև այսպիսի բաներ ասեն»: Անշուշտ, սկզբում իրենք էին փորձել լռեցնել և չէր հաջողվել: «Ի՞նչ օգուտ,- ավելացնում են Հիսուսի հակառակորդները,- ի՞նչ օգուտ կարող է սպասվել ոչինչ չհասկացող երեխաների խոսքերից. միթե նրանց խոսքը կարող է որևէ բան հաստատել»: «Այո՛,- պատասխանում է Հիսուս,- շատ լավ կարող է հաստատել, որովհետև ընդհանրապես ընդունված է, որ ստուգությունը երեխաներից պետք է իմանալ: Ս.Գրքում էլ է նույն բանը գրված և Դավիթն էլ Սաղմոսում ասում է. «Ի բերանոյ տղայոց եւ ստնդիեցաց կատարեցեր զօրհնութիւն»: Իսկ ըստ բնագրի. «Ի բերանոյ մանկանց տղայոց ստնդիեցաց կատարեսցի օրհնութիւն» Սաղմ. 8:3:
«Գոնե աշակերտներիդ մի խոսք հասկացրու,- ասում են փարիսեցիները,- իրենց վարդապետն ես և նրանց գործը կարող է քեզ վերագրվել: Պետք, որ իրենց սաստես, որպեսզի այդպիսի անհիմն խոսակցություններ չանեն»: «Ճշմարտությունը,- պատասխանում է Հիսուս,- չի ծածկվում, որքան էլ ծածկես, այն նորից մեջտեղ դուրս կգա, ուստի իզուր եք աշխատում, որպեսզի խոսողներին լռեցնեք և ճշմարտություն քարոզողների բերանը փակեք: Վստահ եղեք, որ եթե մարդիկ լռեն, քարերը լեզու կառնեն և եթե սրանք չխոսեն, այս քարերը կսկսեն աղաղակել»:
Փարիսեցիներն իրենց ճիգերի ապարդյուն մնալը տեսնելով և Հիսուսի ասած խոսքերի դեմ ոչինչ ասել չկարողանալով, գրեթե հուսահատության մեջ են ընկնում և իրար հետ խորհրդակցելով, խոստովանում են, թե իրենց ամբողջ հնարագիտություններն ու ճարտարամտությունները ոչ մի օգուտ չեն ունեցել և այս եղանակով Հիսուսի հետ գլուխ դնելու, Նրան լռեցնելու և հաղթահարելու հույս չի մնացել: Որովհետև հակառակ իրենց աշխատության, Հիսուսի համբավը տարածվում է, Նրա քարոզությունները գրավիչ են, Նրա հրաշքները ազդեցություն են գործում և ամբողջ Պաղեստինը, Գալիլիայից Բերեա և Բերեայից Հրեաստան, Նրա ետևից են գնում և Նրան իբրև Մեսիա են ընդունում, ինչպես որ նույն օրվա ժողովրդական խանդավառությունն ու ընդհանուր հուզումն էլ ցույց էին տվել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: