Հովհաննես Ծործորեցի
Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»:
Երբ եկավ Տաճար, մոտեցան Նրան, քանի դեռ ուսուցանում էր, քահանայապետերն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես դա անում, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը»:
Իրավամբ ասվեց ավելի առաջ, որ նախանձը չափազանց դաժան է. քանի դեռ սակավ է, կրակի պես ծխում է հարդի տակից, և երբ շատանում է, մի փոքր հովից անգամ բորբոքվում, բոց է դառնում ու երես դուրս գալիս` ըստ Տիրոջ. «Սրտի ավելցուկից է խոսում բերանը» (Մատթ. 12։34): Այդպես պատահեց և սրանց, որովհետև մտքում հաչաղանք ունեին և չկարողանալով դիմանալ` այն դուրս ժայթքեց և քանի որ չէին կարող հրաշքները պախարակել, վաճառականներին Տաճարից արտաքսելը մեջտեղ բերեցին: Եվ սա` ո՛չ այն ժամանակ, երբ ժողովրդի բազմությունը հետևում էր [Հիսուսին], քանի որ [քահանայապետերն ու ծերերը] վախենում էին նրանցից, այլ այժմ, երբ մտավ Տաճար` ուսուցանելու, և ապահով տեղում էին: Մոտեցան և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես դա անում, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը», այսինքն` մի՞թե ուսուցչի աթոռ ես առել կամ քահանայության պատիվ ունես, որ այդքան իշխանություն ցուցաբերեցիր, կամ Աստվա՞ծ կանչեց [քեզ] դեպի առաջ, ինչպես Ահարոնին, որ Տաճարի զոհերը խափանեցիր, գնողներին դուրս հանեցիր և նոր ուսմունք ես քարոզում: [Այսպես ասացին], որպեսզի եթե [Հիսուսն] ասեր, թե Իրենից են այդ ուսմունքն ու զոհերի խափանումը, ասեին ժողովրդին. «Տեսնո՞ւմ եք` ինչպես է հակառակ այն Օրենքին, որ մեզ Աստված տվեց Մովսեսի միջոցով»: Իսկ եթե ասեր. «Աստվա՛ծ տվեց այս իշխանությունը», ասեին. «Ինչպե՞ս է, որ Աստված, Ով հրամայեց զոհ մատուցել, ոչ թե քահանայի միջոցով է այն խափանում, այլ Քո, որ նազովրեցի ես և չես կարող քահանայի հետ համեմատվել»: Եվ այսպես երկակի մտքով կամեցան բռնել Նրան: Իսկ սրան ի՞նչ [պատասխանեց] վերին Իմաստությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
23-27. Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»: Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
Կիրակի օրվա մեծ ցնծությունը և երկուշաբթի օրվա մեծ դեպքը, եթե մեկ կողմից ավելի էին գրգռել Հիսուսի հակառակորդներին, մյուս կողմից էլ իրենց վրա զգուշավորության անհրաժեշտությունն էին զգացել, որպեսզի Հիսուսին վնասելու դեպքում իրենք իրենց վտանգ չհասցնեն։ Անշուշտ վերջին երեկոյան ու գիշերը գաղտնի խորհրդակցություններ էին ունեցել և հաջորդ օրվա եղելություններից չափելով, եզրակացնում ենք, թե ամեն տեսակ նախապատրաստություններ ձեռնարկեցին, որպեսզի սկզբում Հիսուսի վարքը գցեն ժողովրդի մոտ և այդպիսով կարող լինեն համարձակորեն Նրա վրա ձեռք բարձրացնել և իրենց չար նպատակը իրականացնել։ Երեքշաբթի օրվա գործողությունները, որոնք մեկ առ մեկ պիտի ներկայացնենք, արդարացնում են այդ տեսակետը։ Մյուս կողմից էլ Հիսուսի հրապարակային քարոզությունների վերջին օրը լինելով, Նրա վարդապետությունների լրումն ու ամփոփումն են հանդիսանում։
Հազիվ Հիսուս Երուսաղեմ հասնելով՝ անմիջապես տաճարի բակն է մտնում և իր քարոզությունը սկսում՝ ահա սինեդրոնի անդամներից մի խումբ քահանայապետերի, դպիրների և ծերերի եռյակ դասակարգից կազմված, առաջին բարոյական հարձակումն է կատարում Հիսուսի վրա և մի տեսակ հարցաքննելու և հաշիվ պահանջելու ձևով ասում է. «Կարո՞ղ ենք արդյոք իմանալ, թե ի՞նչ իշխանությամբ ես խառնվում տաճարի գործերին և որտեղի՞ց կամ ումի՞ց է քեզ իշխանություն տրված այստեղ կարգ սահմանել՝ մեկին վռնդել և մյուսին արգելել»։ Հակառակորդներն այդ հարցումն անելու համար որպես փաստ ունեին նախորդ օրվա Հիսուսի կատարած՝ վաճառողներին և գնողներին տաճարից արտաքսելու ձեռնարկը և, անշուշտ, Հիսուս այս օրն էլ նույն գործը շարունակելով, չէր հանդուրժում, որ վաճառողներն ու գնողները կրկին ներս մտնեն, ինչը որ բացահայտորեն երևում է Ավետարանի գրածից. «Եւ ոչ թողոյր եթէ ոք անօթ ինչ անցուցանիցէ ընդ տաճարն» Մարկ. 11։16:
Հիսուսի համար շատ հեշտ էր ասել. «Իմ իշխանությունը Աստծուց է, այդ իշխանությունը երկնքից է ինձ տրված և այս նպատակով եմ աշխարհ եկել։ Ես կարիք չունեմ քահանայապետից կամ սինեդրիոնից պաշտոն և արտոնություն ստանալու»։ Բայց այդպես պարզ ու հստակ մի պատասխանը պիտի չբավարարեր լռեցնելու հակառակորդին և նրանց անսանձ լեզուն պապանձեցնելու, այլ թերևս առիթ պիտի ստանային բղավելու, թե «Օրենքը չի ճանաչում, Մովսեսին անարգում և Աստծուն է հայհոյում»։ Այս պատճառով Հիսուս, նրանց այդ ճանապարհն էլ փակելու և ճարտար կերպով նույն պատասխանը հասկացնելու համար, փոխադարձ մի առաջարկ արեց. «Լավ,- ասաց,- ես ձեր հարցին գոհացում և բացատրություն կտամ, միայն եթե սկզբում դուք էլ իմ մեկ հարցին պատասխանեք»։ Հարցնողները ամոթ համարեցին խուսափել և իրենց գիտության վրա վստահ, թե անշուշտ, Հիսուսի որևէ հարցին պատասխան տալու կարողություն ունեն, պայմանն ընդունեցին և համաձայնություն հայտնեցին, որպեսզի ավելի հեշտությամբ Հիսուսին հարկադրեն։ Սրա վրա Հիսուս հետևյալ հարցումն արեց. «Գիտեք, որ Հովհաննես Մկրտիչը, Հորդանանի կողմերում քարոզելիս, իրեն աշակերտության մտնողների համար Հորդանանում մկրտվելը պայման դրեց և այդ պայմանն էլ գործադրեց։ Արդ, Հովհաննեսի պահանջած մկրտությունը ի՞նչ իշխանությամբ էր հաստատվել՝ աստվածայի՞ն իշխանությամբ, թե մարդկային իշխանությամբ։ Այս բանի բացատրությունը տվեք, ես էլ ձեր առաջարկած բացատրությունը տամ»։
Քահանայապետերը, դպիրներն ու ծերերը, բոլորն էլ օրենսգետ անձինք, թե՛ փարիսեցիների և թե՛ սադուկեցիների հետևողներ, անակնկալի եկածի պես շփոթվեցին Հիսուսի հարցումից և վարանեցին, թե ինչ պատասխանեն և սկսեցին իրենց մեջ լռելյայն խորհրդակցել։ «Եթե ասենք, թե Հովհաննեսն աստվածային իշխանությամբ մկրտության պայմանը դրեց, կարող է մեզ ասել. եթե ընդունում էիք, որ այդ մկրտությունը աստվալային իշխանությամբ էր, ապա ուրեմն ինչո՞ւ դուք ևս չմկրտվեցիք, ինչո՞ւ աստվածային իշխանությամբ հաստատված բանը մերժեցիք։ Իսկ եթե ասենք, որ լոկ մարդկային իշխանութբամբ էր, այսինքն՝ լոկ Հովհաննեսի քմահաճույքն էր, այդ դեպքում պիտի անարգած լինենք Հովհաննեսին և ամբողջ ժողովուրդը մեր դեմ պիտի դուրս գա, որովհետև ժողովրդի մեջ մարդ չկա, որ չհավատա, թե Հովհաննեսը իրապես երկնառաք մի մարգարե էր»։ Մարդկային իշխանության [հենց այս մեկնությունն էլ որդեգրել էին հրեաները], բայց կարող էին նաև այլ կերպ մոտենալ, օրինակ, մեկնել որպես սինեդրիոնից կամ քահանայապետերից ստացված արտոնություն, սակայն այդ էլ գոհացուցիչ չէր լինի, որովհետև Հովհաննեսը իր նոր քարոզության համար ոչ մի տեղից [էլ] իշխանություն չէր առել։ Տեսնելով, որ գոհացուցիչ մի պատասխան պիտի չկարողանան տալ, որոշեցին խնդիրն իրենց վրայից գցել, որպես իրենց ձեռնահասությունից դուրս մի գործ. «Մենք ի՞նչ գիտենք,- ասում են,- թե Հովհաննեսի պահանջած մկրտությունը ի՞նչ իշխանությամբ էր եղել՝ այդ հարցով մենք չենք զբաղվել»։
«Քանի որ,- պատասխանում է Հիսուս,- դուք իմ ուզած բացատրությունը չեք տալիս, ես էլ ազատ եմ ձեր ուզած բացատրությունը չտալ, ինչպես որ սկզբից համաձայնվել և պայմանավորվել էինք»։
Հիսուսի որդեգրած ուղին, առաջին հայացքից կարող է այնպես թվալ, թե Հիսուս պատասխանից խուսափելու ճարպիկ ձև է կիրառում։ Մինչդեռ եթե լավ քննենք, բոլորովին հակառակն է ճշմարտվում, և Հիսուս պահանջվող բացատրությունը տալիս է հակառակորդներին առանց Իրեն նախատելու առիթ տալու։ Հովհաննեսի իշխանությունը երկնքից էր, այսինքն՝ Աստծուց էր, ինչը որ հակառակորդներն էլ լռելյայն ընդունում էին, միան այդ մասին ցույց տրված իրենց հակառակությունները արդարացնել չկարողանալու պայմանով էին լռում։ Հիսուս այդ հարցումով նրանց հասկացրեց, թե Իր իշխանությունն էլ էր Աստծուց, ինչպես էր նաև Հովհաննեսի իշխանությունը։ Եվ իր փոխադարձ հարցումով նրանց ուզեց ասել, թե ինչ որ գիտեք Հովհաննեսի մասին, նույնը իմացեք նաև Իմ մասին և այսպիսով պահանջվող բացատրությունը կատարելապես տված եղավ և ոչ թե խուսափեց բացատրություն տալուց։ Հրեաներն էլ վերջիվերջո լավ հասկացան, թե իրենց պատրաստած թակարդի մեջ իրենք ընկան և այդ պատճառով առանց ձայն հանելու և առանց Հիսուսի դեմ նախատական կամ հեգնական որևէ ակնարկ անել կարողանալու, լռեցին և հարցը լուծված լինելով հեռացան, ուրիշ մի միջոց պատրաստելու կամ պատրաստվածը գործադրելու նպատակով։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: