Հովհաննես Ծործորեցի
Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
Եվ ապա կերևա Մարդու Որդու նշանը երկնքում, և այդժամ կկոծեն երկրի բոլոր ազգերը :
«Մարդու Որդու նշան» է [Տերը] կոչում Իր մարմինը, որովհետև երկինքը կպատռվի, և Քրիստոսը կերևա Իր մարմնով: Եթե Ստեփանոսի նահատակության ժամանակ երկինքը բացվեց, և [նա] տեսավ Մարդու Որդուն 1337, որքա՛ն ավելի [կերևա Տերն] Իր գալստյան ժամանակ` համոթ նրանց, ովքեր Նրան չեն խոստովանում Աստծո աջ կողմում մարմնով նստած, որն Իր մարդկության «նշանն» է կոչում: Կամ էլ նշան ենք հասկանում խաչը, որ արևի ճառագայթներից էլ պայծառ է փայլելու, որովհետև եթե այն չգերազանցի [արևի] փայլին, ինչպե՞ս կերևա: Եվ [կերևա] երկնքում, որպեսզի ամենուրեք տեսանելի լինի:
Իսկ ինչո՞ւ է որպես [Տիրոջ] գալստյան նշան նախ խաչը երևալու: Որպեսզի առավել պապանձվեն Նրա նշանը հայհոյող հանդուգն հրեաներն ու ուրացողները: Նաև որպես մեծ արդարություն է [Տերը] խաչն ունենալու Իր ձեռքին, երբ ատյան մտնի, որովհետև ոչ միայն Իր վերքերն է ցույց տալու, այլև նախատալից մահը, ինչպես որ քարով կառափվածն 1338 է քարը կամ արյունաշաղախ հագուստը [որպես վկայություն] բերում ցույց տալիս: [Տերը] սրանով` խաչի ահավոր տեսքով, նախքան դատաստանը կշտամբելու է [խաչողներին], ինչպես և ասում է. «Այդժամ կկոծեն երկրի բոլոր ազգերը»: Ամբաստանելու կարիք չկա, ասում է, որովհետև երբ խաչը տեսնեն, իրենք իսկ կկոծեն, որ ում պետք էր երկրպագել, խաչեցին և Նրա մահվանից էլ օգուտ չառան, ուստի այդ ժամանակ Նրա ձեռքերին տեսնելով վերքերը, որոնք Նա ստացավ սիրելիի տանը 1339` չեն կարողանա ուրանալ, այլ կկոծեն` իրենց տանջելով:
Ոմանք էլ «նշան» են համարում Նրա երկնային իմաստությունն ու ճշմարտությունը` ըստ սաղմոսի. «Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևացե (Սաղմ. 84:12), և բոլոր երկրասերները կկոծեն, որ երկնային իմաստությանը չհետևեցին` կապարի պես տարածվելով հորդառատ ջրերում և տարբեր ալեկոծություններով չարչարվելով: «Երկրի բոլոր ազգերըե ասելով [Տերը] նկատի ունի նաև ոչ միայն մեղավորներին, այլև արդարներին. մեղավորները կոծելու են, որ չհավատացին լույսին, որով լուսավորվելու էին Նրա փառքից, իսկ արդարները` որ շատ չճգնեցին, որով էր, որ այդ մեծ փառքին պիտի հասնեին. ուրեմն` սա ասացինք բոլորի մասին: Եվ բացատրվում է սա «երկրի» բառով, որովհետև սրբերը, թեկուզ երկրում լինեն, երկնային են` ըստ առաքյալի. «Մեր առաքինությունը երկնքում է» (Փիլպ. 3:20):
Եվ կտեսնեն Մարդու Որդուն երկնքի ամպերի վրա, զորությամբ ու շատ փառքով եկած: Քանի որ խաչի մասին լսեցիր, որպեսզի չկարծես, թե նրա վրա բևեռված է [Տերը] գալու, ասում է` «երկնքի ամպերի վրա», ինչպես և համբարձվեց: Այլև հիշատակում է մարգարեի [խոսքը]. «Մարդու որդու պես գալու է երկնքի ամպերով» (Դան. 7:13), ինչն Ինքը կրկնեց քահանայապետերի առաջ. «Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն երկնքի ամպերով եկած» (հմմտ. Մատթ. 26:64): Եվ քանի որ սա լսեցին և չհասկացան, այն ժամանակ իրենց աչքերով կտեսնեն, ասում է, և կողբան, իրենք իրենց կդատապարտեն, բայց այդ տանջանքից ոչ մի օգուտ չի լինի: Կամ էլ [Տերն] «ամպե է կոչում Իր մարմինը: Եվ կամ երկնքի հրեշտակներին` բանական ու անձրևածին, խիտ ու կուռ զորքերն է կոչում «ամպ», քանի որ նրանց հետ է գալու` ըստ այսմ. «Ամպից ձայն հնչեց» (Ղուկ. 9:35): Այլև Իր անճառելի գալուստն է ամպի հետ բաղդատում: «Զորությամբ ու շատ փառքով», այսինքն` աստվածային ամենակալ զորությամբ և Իր պայծառ փառքով, որը Պողոսն «անմատչելի լույս» է կոչում (Ա Տիմ. 6:16): Այլև Իմաստունն ասում է. «Թագավորի փառքը մեծ զորքի մեջ է» (Առակ. 14:28): Նաև` «փառքի Տերը»` ըստ Պողոսի (Ա Կոր. 2:8), արդարների բազմապատիկ փառքով է գալու և կարող է արդարների զանազան գործերի համաձայն զանազան փառքերով հատուցել սրբերին. սա՛ է «շատ [փառքը] »-ը, որը Նա բերելու է Իր հետ, և որը թվարկում է առաքյալը` արևի, լուսնի և աստղերի հետ բաղդատելով 1340:
Ստեփանոս Սյունեցի
Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
«Պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով»:
Ինչպես համբարձման ժամանակ ասվեց. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք 1:9), և դարձյալ. «Ամպից մի ձայն եկավ» (Մատթ. 17:5), [այպես էլ] նույն ամպի վրայով գալու է Քրիստոս: Այսինքն՝ երկնավոր բանական զորություններով պետք է իմանանք Քրիստոսի գալուստը:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:27
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: