Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:15

Հովհաննես Ծործորեցի

   

    Մեկին տվեց հինգ քանքար, մեկին` երկու, մեկին` մեկ, յուրաքանչյուրին` ըստ նրա կարղության, և գնաց:

    Հինգ [քանքար ստացողը նա է], ով միայն բնական իմաստությունն է հասկանում հինգ զգայարանների միջոցով, առանց [Սուրբ] Գրքի գիտության: Ով երկուսը վերցրեց, նրանք են, ովքեր ունեն և բնականը, և [Սուրբ] Գրքի գիտությունը: Իսկ ով մեկը վերցրեց, նրանք են, ովքեր միայն [Սուրբ] Գրքի գիտությունն ունեն: Նրանցից մեկ [քանքարն] առնելն ու հինգն ունեցողին տալն այն է, որ [Տերը] նրանցից վերցրեց [Սուրբ] Գրքի գիտությունը և տվեց բնականն ունեցողներին, ինչպես որ [Սուրբ] Գրքի մեկնությունը տվեց Դիոնեսիոսին 1396 և ուրիշների` վերցնելով հրեա ուսուցիչներից և տալով հեթանոս իմաստասերներին: Նախ արժե իմանալ, թե այս առակը և տաղանդների մասին պատմվածը, որ կա Ղուկասի [Ավետարանում] 1397, նո՞ւյնն են, թե տարբեր: Ոմանք ասում են, թե սրանք տարբեր են, բայց ինձ թվում է` նույնն են: Իսկ եթե մեկը հարցնի. «Այդ դեպքում ինչո՞ւ են տրված մնասներն այնտեղ տասը, իսկ այստեղ ութը` ընդհանուր թվով», կպատասխանենք, որ ըստ Ղուկասի` տասն են, սակայն [Տերը] երկուսը չի պահանջում, ինչպես այստեղ է ցույց տալիս, նկատի ունեմ` հավատն ու մկրտության շնորհը, քանի որ ձրի տվեց [դրանք], իսկ ուրիշներ էլ ասում են, թե ավետարանի աշակերտներից չի պահանջում բնական օրենքն ու գրավորը: Որովհետև [Մատթեոսը] տալու մասին է խոսում, իսկ [Ղուկասը]` պահանջելու:

    «Մեկին տվեց,- ասում է,- հինգ քանքար»: Տաղանդը եբրայերեն «քանքար»1398

    է ասվում, որն ինը հազար դահեկան է, ոմանք էլ ասում են` տասը [հազար]: Սրանք հինգ շնորհներն են, որ թվարկում է առաքյալը. «Եթե ձեզնից մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, հայտնություն ունի, լեզուներ ունի, թարգմանություն ունի» (Ա Կոր. 14։26): Իսկ «քանքար» են կոչվում աստվածային զտված ու փորձված շնորհի պատճառով: Կամ էլ` ով հինգը վերցրեց, ճշմարտապես հասկացավ աստվածային գործերի վեհագույն միտքը` ըստ Սողոմոնի 1399` կրթվելով աստվածային յոթ զգայարաններով 1400, որոնք [Հակոբոս] առաքյալը «կատարյալ» է կոչում 1401, ընտրելու համար բարին ու չարը` ըստ Պողոսի 1402:

    «Մեկին` երկու»:

    Սրա մասին Պետրոսն ասում է. «Եթե մեկն ուսուցանում է, ապա որպես Աստծո պատգամ, որն Աստված շնորհեց նրան. եթե մեկը մատակարարում է, ապա որպես Աստծո զորությունից, որ տրված է նրան» (հմմտ. Ա Պետ. 4։11): Կամ` «տեսանելի արարածների միջոցով ճանաչելով Աստծո աներևույթ զորությունը» (հմմտ. Հռոմ. 1։20)` ուրիշներին ևս սովորեցրին աստվածային վարդապետությամբ, կամ էլ հոգևոր ու մարմնական առաքինությունների սերմերն ընդունեցին: Նաև եթե մեկը հոգևոր պաշտոնյա է, առընթեր ունի նաև մարմնավոր հոգաբարձության պայծառությունը, կամ Հին ու Նոր Կտակարանները, աստվածսիրության ու մարդասիրության կարողությունը, հավատք ու գործեր կամ էլ տեսական ու գործնական [աստվածպաշտություն]:

    «Մեկին` մեկ, յուրաքանչյուրին` [ըստ նրա կարողության]»:

    Այսինքն` մեկ շնորհ` հոգևոր կամ մարմնավոր. հոգևոր, ինչպես [օրինակ]` սարկավագությունը, և մարմնավոր, ինչպես հյուսնությունը կամ դարբնությունը: [Տերը] սա այն նպատակով ասաց, որպեսզի ցույց տար, որ ով խիստ անկատար է, մեկի մեջ էլ է թերի, ինչպես և ասում է, որ յուրաքանչյուրն ըստ իր կարողությա՛ն ընդունեց Աստծուց և ի վերո՛ւստ ունի շնորհի օգնությունը, որով պարծենում է:
   

Ստեփանոս Սյունեցի

մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14
   

Մաղաքիա արք. Օրմանյան

մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14