Հովհաննես Ծործորեցի
Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց:
Եվ ահա մեկը նրանցից, որ Հիսուսի հետ էին, ձեռքը պարզեց, իր սուրը հանեց, հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց նրա ականջը:
Հովհաննեսն ասում է` դա Պետրոսն էր 1526, որովհետև այդ արարքը նրա տաքարյունությանն էր հատուկ: Բայց պետք է պարզել, թե սրերը որտեղից ունեին և ինչո՛ւ էին կրում իրենց հետ: Սուրն այն սեղանից վերցրին, որովհետև այնտեղ դանակներ կային գառի համար: Նոր էին սեղանից վեր կացել, երբ լսեցին, թե ինչ-որ մարդիկ են գալիս, ուստի վերցրին սուրը որպես օգնություն իրենց համար: Իսկ ինչո՞ւ վերցրին: Տիրոջ հրամանի համաձայն. որովհետև Ղուկասի [Ավետարանում Տերն] ասում է. «Այժմ ով քսակ ունի, թող վերցնի, նույնպես էլ մախաղ, իսկ ով չունի, թող իր շորերը վաճառի և իր համար սուսեր գնի» (Ղուկ. 22։36): Կամ մարգարեացավ, որ վերցնելու էին, կամ էլ հրաման տվեց, որ վերցնեն, որովհետև երբ նրանց ուղարկեց արքայությունն ավետարանելու և հրաշքներ գործելու, ոչինչ չհրամայեց վերցնել, ոչ կոշիկ, ոչ մախաղ 1527, որպեսզի միայն քարոզությամբ զբաղվեին: Իսկ այստեղ հրամայում է սուսեր գնել. նախ` որպեսզի մարգարեությունն իրականացնի, թե «անօրենների շարքը դասվեց» (Ես. 53։12), և երկրորդ` որպեսզի ժամանակի փոփոխությունն ու նեղությունը հավաստի դարձնի, որ մատնվելու է. ոչ թե որ կռվի պատրաստվեն, քա՛վ լիցի, այլ որպեսզի մատնությունը կանխավ հայտնի, ինչպես ասացի: Իսկ ինչո՞ւ պայուսակը 1528 հիշեց: Որովհետև խրատում է նրանց արթուն լինել և ջանք թափել, քանի որ սկզբում իբրև նորածինների` Իր զորությամբ էր ջերմացնում ու խնամում, իսկ այժմ իբրև նորափետուր ձագուկների` հրամայում է իրենց թևերով թռչել:
Իսկ քահանայապետի ծառան և ոչ թե մի ուրիշը հարվածվեց, և ականջը և ոչ թե մեկ այլ մաս [կտրվեց], որովհետև նախ` նա էր մոլորության առաջնորդը. թեպետ կային նաև հռոմեացիներ` Պիղատոսի զինվորները, և ուրիշ հրեաներ ևս, բայց նա էր, որ ձեռքը դրեց մեր Տիրոջ վրա: Իսկ [Պետրոսն] ականջը կտրեց, որովհետև չլսեց իր Տիրոջը, թե` «Ահա առողջացար, այլևս մի՛ մեղանչիր» (Հովհ. 5։14): Նաև` խորհրդի համար եղավ սա, որպեսզի Մովսեսի խոսքերն իրականանային: Որովհետև [Աստված] ահասարսուռ նշաններով ստացավ Իսրայելին իբրև Իր ծառաների` ազատելով եգիպտացիների ու դևերի ծառայությունից, և օրենք սահմանեց, որ ով կամենա իր ծառային ազատել, և վերջինս չկամենա, ժողովրդի ծերերի առաջ [նրա տերը] հերյունով թող ծակի նրա աջ ականջը, որպեսզի լինի նրա համար օրենքը չլսելու նշան, քանի որ անտեսեց [Օրենքի] խոսքը, ուստի մինչև իր մահվան օ րը ծառայության մեջ պիտի մնա 1529: Այսպես` Աստծո Որդու գալստյան միջոցով [Աստված] կամեցավ ծառայական կարգերից նրանց ազատել խաչով` ըստ այսմ. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։32), Պողոսն էլ գրում է. «Չառաք ծառայության հոգին..., այլ որդեգրության հոգին» (Հռոմ. 8։15), բայց հրեաները դիմադարձեցին սրան և ազատություն չկամեցան, ուստի Պետրոսը կտրեց քահանայապետի ծառայի աջ ականջը, ինչը նշանակում է` մինչև ժամանակների վախճանը Օրենքի ու մեղքի ծառայության մեջ եք մնալու ձեր անձնիշխան կամքով, քանի որ արհամարհեցիք ազատության պարգևը, որը եկավ ընձեռելու ձեզ Օրենքի Տվիչը:
Մաղաքիա արք. Օրմանյան
51-56․ Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց: Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն: Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»: Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»:
Հիսուսի վրա տեղի ունեցած հարձակումը մի պահ շփոթության և խառնակության տեղիք է տալիս։ Տասնմեկը չեն ցանկանում անգործ և անտարբեր ականատեսներ մնալ, այլ ձեռքերին եղած միջոցներով փորձում են պաշտպնել Հիսուսին՝ հրում են, հարվածում, իրենց մարմնով պաշտպանում Հիսուսին, քանի որ հարձակվողները զենք չէին օգտագործում և աղմուկ չհանելու հրհանգ ունեին։ Հիսուսին կենդանի բռնել, կապկպել և հանձնել քահանայապետարան՝ այս էր միայն նրանց պարտականությունը։ Տասնմեկը տեսնելով, որ իրենց ձեռնարկած պաշտպանությունը թուլանում է, քանի որ հարձակվողները թվով շատ էին՝ բարապաններից ու զինյալներից կազմված, Հիսուսին ազդարարում են, թե պարտավորված են զենքի դիմոլ․ «Տէ՛ր, հարցուք զնոսա սրով» ու ձեռքներն են առնում երկու սրերը, որոնք ընթրիքի ժամանակ էին գտել ու իրենց հետ բերել (Ղուկ. 22:35-38): Սրերից մեկը Պետրոսի մետ էր, իսկ մյուսը չգիտենք, թե ում մոտ էր մնացել։ Պետրոսը միշտ առաջ նետվող և միշտ նախաձեռնության պատրաստ, քաշում է սուրը և տեսնելով, որ քահանայապետարանի սպասավորներից մեկը կատաղությամբ Հիսուսի վրա է խոյանում, ճանապարհը կտրում է և սրով հարվածում գլխին։ Սակայն մեծ հարվածը վրիպում է, սուրն իջնում է կողքով և կտրում է պաշտոնյայի աջ ականջը։
Ավետարանիչները, բոլորն էլ վիրավորված պաշտոնյայի ականջը կտրվելու մասին օգտագործում են «ի բաց հան» կամ «ի բաց առ» բացատրությունները։ Ըստ Հովհաննեսի նրա անունը Մաղքոս էր։ Եթե բառացի ճշտության հետևանք, պետք է ասենք, որ Մաղքոսի ականջը ամբողջությամբ կտրվեց և գետին ընկավ։ Սակայն կարիք չենք տեսնում բառացի ճշտությունը այդ խստության հասցնել, որովհետև ականջը կարող է կտրված համարվել, երբ հարվածը մի փոքր մաս կտրի և այն կախված մնա կամ ծանր կերպով վիրավորվի։ Ականջի բժշկության մասին պատմող Ղուկասը բավարարվում է «Մատուցեալ յունկն բժշկեաց» ասելով, որն ավելի վերք դարմանելու, քան թե մարմնից կտրված անդամը նորից տեղը դնելու իմաստն ունի։ Ուշադրության արժանի է նաև այն, որ Պետրոսի արածը դիմադարձ հարվածի, վիրավորողի վրա հարձակվելու կամ վրեժխնդրության առաջ բերելու պարագաների տեղիք չտվեց, այլ իբրև աննշան մի միջադեպ՝ մոռացվեց և այլևս չհիշվեց։
Սակայն վերքի ու արյան տեսքը Հիսուսին ճանաչելի չեղավ։ Թեպետ ինքն էր զինվելու հրահանգ տվողը, բայց արդեն տված հրահանգը գրեթե ետ էր վերցրել (Ղուկ. 22:35-35): Զենքի կիրառությունից ծագած տխուր հետևանքը էլ ավելի գրգռեց զինված պաշտպանության մասին ունեցած Հիսուսի հակակրանքը և իսկույն Պետրոսին դառնալով՝ հրամայեց․ «Կանգնի՛ր, առաջ մի՛ գնա, կատարվածն արդեն բավական է, սուրդ պատյանը դիր, սուր գործածելը լավ չէ, ուրիշին վիրավորողը ինքն ևս կվիրավորվի և ուրիշին սպանելու համար սուր բարձրացնողը կարող է ինքը մեռնել։ Ես սրանով պաշտպանվելու կարիք չունեմ և դիմադրելու միտք չունեմ, որովհետև Երկնավոր Հայրս ցանկանում է, որ Ես Իմ կյանքը զոհեմ և Ես էլ հանձն եմ առել խմել այդ լեղի բաժակը։ Այժմ ինչպե՞ս կարող եմ ետ դառնալ և այդ հանձնառությունիցս ու երկնային կամքին համակերպությունիցս հրաժարվել։ Եթե ցանկանայի պաշտպանվել, այդ երկու սրերին կարոտ չէի, որովհետև Իմ Երկնավոր Հայրը կարող է երկնքից օգնություն հասցնել և մեկ խնդրանքովս տասներկու գունդ հրետակներ իջեցնել, որը մեզ վրա եկող այդ ամբոխին մեկ ակնթարթում կցրեր։ Բայց այժմ անելիքներս և վիճակը այդ չէ։ Իմ մահը և փրկագործության խորհուրդը Սուրբ Գրքի մարգարեություններում արդեն կանխագուշակված են և ինչը որ մարգարեություն է` իր լրումը պիտի ունենա»։ Այս ասելով Հիսուս մոտեցավ Մաղքոսին և միջադեպը հարթելու և կատարվածի հետքը վերացնելու համար, նրա վիրավոր ականջը զննելով, արյունը անմիջապես դադարեցրեց, կտորը տեղը դրեց, վերքը սպիացրեց և կատարելապես բժշկվեց։
Ապա դառնալով վրա եկող ամբոխին՝ ասաց․ «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք այսպիսի սպառազինությամբ ու մեծաթիվ բազմությամբ՝ սրերով ու բրերով գալիս ինձ վրա, կարծես թե ինչ որ սպառազինված ավազակախմբի հետ պիտի պատերազմեք։ Չէ որ ամեն օր տաճարում էի, ձեզ հետ հանդիպում, խոսում և քարոզում էի, ամեն օր միասին էինք և ես երբեք չեմ դիմադրել։ Եթե մտադրվել էիք ինփ ձերբակալել ցերեկվա լույսով և բացահայտ կերպով կարող էիք այն իրագործել։ Բայց չէ՞ որ դուք էլ եք ամաչում ձեր գործից, քաշվում անելուց, պետք էր, խարդախությամբ ու գաղտնաբար կատարեիք, որպեսզի այն ծածուկ մնա։ Բարի գործերը լույսով են կատարվում և չար գործերն են միայն խավար ու գաղտնություն փնտրում։ Ձեր ամբողջ կարողությունը ի զորու է միայն խավարում և խարդախությամբ գործելու։ Բայց սա ևս կանխագուշակված էր մարգարեությունների մեջ և ուրեմն սա էլ այսպես պիտի տեղի ունենար»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: