Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը:
Պետրոսը հեռվից գնում էր Նրա հետևից մինչև քահանայապետի սրահը և ներս մտնելով` նստեց սպասավորների հետ` տեսնելու, թե վերջում [ինչ էր լինելու]:
[Պետրոսը] կամ ջերմ [սիրուց] հետևեց [Նրան], երբ տեսավ, որ մյուսները փախան, և ներս մտավ ու մնաց Նրա մոտ` տեսնելու, թե ինչ վճիռ էր կայացվելու, որովհետև Հովհաննեսը ծանոթ էր քահանայապետին և Պետրոսին ներս մտցրեց, կամ էլ այնտեղ ընթացավ, որպեսզի հարցնեին նրա` [Քրիստոսի] աշակերտը լինելու վերաբերյալ, նա ուրանար, Տիրոջ խոսքը ճշմարտվեր: Իսկ Պետրոսի հեռվից գնալն այն պատճառով էր, որ չկարծվեր, թե [Հիսուսի աշակերտներից] էր, և չբռնվեր:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը:
Առաքյալններին թողեցինք Գեթսեմանիի պարտեզում, երբ Հիսուսի ձերբակալումից հետո, իրենց սպառնացող վտանգը տեսնելով, բոլորն էլ ցիրուցան եղան՝ վերահաս վտանգից իրենք իրենց ազատելով։ Առաքյալներից իբշնը ինչ արեցին եւ ուր գնացին՝ չգիտենք։ Մատթեոսն էլ այդ փախչողներից մեկն էր եւ իր ինչ անելու մասին չի գրում։ Միայն երկուսն Հիսուսին լքելու ու նրանից հեռանալու սիրտ չունեցան, եւ իրենց անտարբեր մնալու զգացումը իրենց չներեցին, եւ գոնե որպես հետաքրքրվող եւ անծանոթ՝ ուզեցին հեռվից, ծածուկ կերպով, առանց ճանաչվելու եւ առանց ճանչել ուզելու հետեւել եւ իմանալ, թե գործը ինչպես պիտի վերջանա, եւ իրենց հրաշագործ վարդապետը, որ ամեն նեղ պահին ազատելու եւ ազատվելու կերպը գտել էր, այս դեպքում ինչ պիտի աներ։ Այդ երկուսն էին Հովհաննես Զեբեդյանը եւ Պետրոս Հովնանյանը. առաջինը Հիսուսի ազգակիցն էր եւ նրա հետ հատուկ սիրով էր կապված, երկրորդը ավելի խիզախ էր, ամեն բանի մեջ համարձակ, առաջ նետվող։
Նրանք առաջ փախչելով մոտիկ մի տեղ թաքնվեցին, եւ երբ ձերբակալող խումբը Հիսուսին բռնած տանում էր, նրանք էլ մեջտեղ են գալիս, եւ իրենք իրենց չբացահայտելու ձեւ ընդունելով՝ որպես գործի հետ հարաբերություն չունեցողներ, բավականին հեռվից հետեւում էին քաղաք վերադարձող խմբին սպասելով, մինչեւ որ Աննայի ապարանքից Հիսուսին հանեն, Կայափիայի ապարանքը տանեն, ջանալով իրենք էլ մտնել եւ, ներքեւի գավթում նստած սպասավորներին եւ ժողովրդին խառնվելով՝ եղածն ու լինելիքը իմանան։
Հովհաննեսը դռնապանի հետ ծանոթ է լինու եւ առանց դժվարության հաջողվում է ներս մտնել։ Ենթադրվում է, որ Զեբեդիոսը քահանայապետին ձուկ մատակարարողն էր, եւ Հովհաննեսն էլ առիթ էր ունեցել ձուկ տանել, ուստի ճանաչում էին իրեն, բայց երեւում է, որ քահանայապետի սպասավորները չգիտեին, որ նա Հիսուսին է աշակերտել եւ նրա հետեւողներից է։ Հովհաննեսի համար ասվածը, թե աշակերտն այն ծանօթ էր քահանայապետին, պետք է հասկանալ, որ նա ծանոթ էր ոչ թե անձամբ քահանայապետին, այլ քահանայապետի տանը։ Նրանք, ովքեր այստեղ անձամբ քահանայապետին ծանոթ լինելն ե ընդունում, այդ անանուն աշակերտին չեն նույնացնում Հովհաննեսի հետ, այլ՝ սինեդրիոնի անդամ եւ Հիսուսին համակրող ծածաուկ աշակերտներից մեկի հետ։ Բայց այս բացատրությունը չի համաձայնվում ավետարանի խոսքին, թե Երթային զհետ Յիսուսի Սիմոն Պետրոս եւ միւս աշակերտն, այսինքն, այդ երկուսը իրար ընկեր եւ Հիսուսի հետ գտնվող Տասներկուսից են։ Հովհաննեսն էլ է սովոր իր անունը չտալ, այլ իր մասին գրել միւս աշակերտն կամ աշակերտն զոր սիրէրն Յիսուս դարձվածքներով։ Երբ Հովհաննեսը ներս է մտնում, Պետրոսը մնում է դրսում եւ դռնից դուրս է սպասում՝ ծանոթ չունենալով եւ մտնելու հնար չգտնելով։ Հովհաննեսը տեսնում է, որ ուրիշ ճար չկա, ոտքի է ելնում, դիմում է ծանոթին, դրսում մնացողի իր ծանոթ եւ վստահելի անձը լինելը երաշխավորում եւ հաջողվում է նրան էլ ներս բերել։ Պետրոսը առանց ինքն իրեն հայտնելու, Հիսուսի հետ ամենեւին գործ չունեցողի պես ներս է մտնում, խառնվում քահանայապետի ծառաներին, սպասավորներին, սենեկապաններին, դռնապաններին եւ այլ խմբերի, որոնք կրակ վառած, շուրջը նստած տաքանում էին, եւ դեսից դենից խոսում։ Իհարկե, նրանց խոսակցության գլխավոր նյութը վերեւում կատարվող Նազովեցին Հիսուսի հարցաքննությունն էր։ Պետրոսն ու Հովհաննեսն էլ խոսքի մեջ էին մտնում, առանց իրենք իրենց հայտնելու եւ առանց Հիսուսին համակրելու նշան ցույց տալու։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: