Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
Իսկ Հիսուսը լուռ էր:
Կամ օգուտ չկար պատասխան տալուց, որովհետև լսող չկար, քանի որ ձևով էր ատյան թվում, իսկ իրականում ավազակների հրապարակ էր, կամ էլ ամբաստանությունների սուտ լինելը [Տերը] լռությամբ ցույց տվեց, թե բոլորովին սուտ լինելու պատճառով անգամ պատասխանի արժանի չեն: Այլև մար գարեությունն իրականացրեց. «Եղա ես որպես մարդ, որ չի խոսում և հրապարակում չի բացում բերանը» (հմմտ. Սաղմ. 37։14-15): Նաև եթե վերին Իմաստությունը խոսեր, լռելով կպապանձվեին վարի բոլոր կարծեցյալ իմաստությունները և կխափանվեր մահը, որով պիտի փրկություն գործվեր ամբողջ աշխարհի համար:
Քահանայապետը պատասխանեց` ասելով Նրան. «Երդմնեցնում եմ Քեզ կենդանի Աստծով, որ ասես մեզ, թե Դո՞ւ ես Քրիստոսը` Աստծո Որդին»:
Ինչո՞ւ է կենդանի՛ Աստծով երդվում: Կամ մեռելոտի կուռքերից զատում է [Նրան], կամ էլ հայտնում թե` «Դու կենդանի չե՛ս մնալու, որ Քեզ Աստված և Աստծո Որդի ես քարոզում», որովհետև թեպետ շատերն էին Նրա մասին ասում, որ Քրիստոսն է, սակայն Նրա բերանից չէին լսել. Նա միշտ պատվիրում էր աշակերտներին ոչ ոքի չասել Իր մասին, թե Քրիստոսն է: Ուստի քահանայապետը կամենում է, որ [Հիսուսն] Իր մասին վկայություն տա, իսկ իրենք այն ի դերև հանեն, ինչպես որ ասացին մի անգամ. «Դու ես Քո մասին վկայում, և Քո վկայությունը ճշմարիտ չէ» (Հովհ. 8։13), և դրանով իշխանների ու դատավորների զայրույթը շարժելով` սպանեն Նրան:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:59
63-65․ Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»: Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը:
Վարդապետության մասին Հիսուսին ուղղված հարցադրումները խարդավանք էին՝ Նրա բերանից խոսք քաղելու համար, թե Ինքն է խոստացված Մեսիան՝ Օծյալ Քրիստոսը, Մարդու Որդին, բայց և միանգամայն՝ Որդին Աստծու։ Հիսուսի պատասխանը մերկացրել էր Կայիափայի դարանակալ ճարտարությունը, և Հիսուս, առանց Իր ասածները ետ վերցնելու, բերանից չէր հանել քահանայապետի սպասած հայտարարությունը։ Տեսնելով, որ այս ձևով նպատակին չի հասնելու, վերջին միջոցին է դիմում և Հիսուսին երդվելու բռնադատության տակ թողնելով՝ հանուն Աստծո երդվեցնելով, «Երդմնեցուցանեմ զքեզ Յաստուած կենդանի», պահանջում է, որ բացեիբաց ասի, թե արդյոք ի՞նքն է խոստացված Մեսիան, Աստծո Որդին՝ մարգարեների գուշակածը և Իսրայելի ակնկալածը․ «Դո՞ւ ես Քրիստոս՝ Որդի Աստուծոյ օրհնելոյն»։ Աստծո անունն էր ասվում, հանուն Աստծու էր պահանջվում, երդվեցնելու պայմանով էր հարց տրվում, և Հիսուս չի վարանում՝ համարձակ ու անկաշկանդ հայտարարել այն․ «Ճշմարիտ է, ասածիդ պես ես նույն ինքը խոստացված Մեսիան եմ, որին դուք սպասում եք աստվածային զորությամբ ճոխացած և երկնային կարողությամբ մինչև ամպերը բարձրացած և հաղթանակած տեսնել։ Այդպես էլ պիտի երևամ ես, թեպետ այժմ այսպես ընկճված և հաղթված եք տեսնում, որովհետև այդպես է մարգարեությունների մեջ գրված, եթե դրանք ճիշտ ուսումնասիրեք»։
Հիսուսի պատասխանը պետք է լավ տպավորություն թողներ ժողովականների վրա, եթե նրանք ուղիղ սիրտ ունենային և պետք է մղեր նրանց մարգարեությունները քննելու, սակայն բոլորի միտքն արդեն ստության և խարդախության վրա էր հաստատված և ժողովի սկզբից մինչև վերջ, բոլոր ջանքերը խարդախությամբ և դավաճանությամբ Հիսուսի վրա հանցանք բարդելու և դրանով մահապատժի վճռի հիմք գտնելու համար էր, և վերջապես կարծեցին, թե գտան։ Կայիափան առաջինը Հիսուսի բերանից «Մեսիայն եմ» բացատրությունը լսելով, խելահեղությամբ, թատերական ամեն ձևերը գործածեց, բոլորի վրա տպավորություն թողնելու համար և ձեռքը զգեստին տանելով, վրայի օթոցը և ներքևի պատմուճանը պատռեց։ Սաստիկ ուրախությունից և անակնկալ հաջողությունից մոռացավ, որ ինքը քահանայապետ է և քահանայապետին արգելված է ժողովրդական այդ ռամկական միջոցները․ «Եւ քահանայն մեծ յեղբարց իւոց, յորոյ վերայ գլխոյն արկեալ իցե զիւղն օծութեան... զհանդերձս իւր մի՛ պատառեսցէ» Ղևտ. 21:10։ Հակառակ այդ բացահայտ հրամանին, Կայիափան «»«պատառեաց զհանդերձս իւր» ՝ Մատթեոսի և «պատառեաց զպատմուճանս իւր»՝ ըստ Մարկոսի և երբ օրենքի պահպանության կեղծ բծախնդրությամբ ուզում էր ուրիշին ամբաստանել, ինքը իսկ պաշտոնական և ատյանում օրենքը ոտնակոխ էր անում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: