Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:65

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը:
   
   Այդժամ քահանայապետը պատռեց իր հագուստն ու ասաց. «Հայհոյե՛ց:

    Տեսնո՞ւմ ես, թե ինչպես պարզ դարձավ նրա հարցի [դիտավորությունը]. երբ [Հիսուսն] Ինքը վկայի, նրանք Նրան մահվան դատապարտեն: Բայց ինչո՞ւ պատռեց հագուստը: Իբր ըստ Օրենքի է շարժվում. որովհետև ասված այդպիսի խոսքերը հայհոյություն էին կարծվում, և [լսողներն իրենց] հագուստը պատռում էին: Ինչպես Հեսուն, Եզեկիան, Եզրասը 1541 և այլ շատեր, նույնպես և սա վարվեց, որպեսզի ամբաստանությունն ավելի սաստկացներ, նաև լսողներին ահ ներշնչեր, եղածն իբրև մեծ բան ցույց տար և բոլորին վրեժխնդրության շարժեր, ինչպես որ Ստեփանոսի հետ արեցին, որովհետև «փակեցին ականջներն ու բոլորը նրա վրա շարժվեցին» (Գործք 7։56). [քահանայապետը] ջանաց նաև այստեղ անել դա: Նաև «պատռեց իր հագուստը»,որովհետև նեղվեց Նրա զորությունից և որպես հին ու քրքրված տիկ` չդիմացավ Նրա նոր գինու վարդապետությանը: Բայց սա էլ ասենք. այն, ինչ Աստված պատրաստվում էր ցույց տալ Իր Միածնի միջոցով, նախապես կերպավորեց երկրի բնության մեջ և դրոշմեց արդարների մեջ. որովհետև արեգ ամսին 1542 ծաղիկները պատռում են երկրի ծոցն ու դուրս գալիս, և նույն ժամանակ էլ քահանայապետը պատռեց իր հագուստը, որից քահանայությունը դուրս ելավ և եկավ սփռվեց մեր Փրկչի վրա:

 

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:63
   
65-66․ Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը: Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է:
   

    Կայիափան իր թատերական սոսկումի և գայթակղության ձևերն ավարտելով՝ ճգնում է օրինական ձև տալ եղած գործողություններին և դիմում է ժողովականներին, իբրև նախագահ, կայացնել դատավարության ամփոփումը և նրանց կարծիքն իմանալ։ «Նազովրեցի Հիսուս,- ասում է նա,- իբրև ամբաստանյալ կանգնեց մեր ատյանի առաջ, ուզեցինք վկաներին լսել, բայց կարծում եմ, որ այլևս նրանց կարիքը չունենք։ Նա ամբաստանվում էր, թե Աստծու անունը հայհոյում է՝ Աստծու անունն իր վրա վերցնելով, և ահա նա այստեղ, բոլորիդ առջև իր հայհոյությունը ասաց ։ Մեր օրենքում ասվում է, թե «Որ անիծանիցէ զԱստուած... եւ անուանեաց զանուն Տեառն. մահու մեռցի» Ղևտ. 24:16։ Որեմն ի՞նչ կարծիքի եք Նազովրեցի Հիսուսի մասին․ «Զիա՞րդ թուի ձեզ»։
    Ժողովականները, որ արդեն դատապարտելու նպատակով էին հավաքվել և մինչ այդ պահը դատապարտելու պատրվակ ստեղծելու համար էին աշխատում, երկար խորհրդակցելու կարիք չունեին կարծիք կազմելու և որոշումները արտահայտելու համար։ Բոլորը միաբերան պատասխանեցին՝ «Մահապարտ է», և այդ որոշումով էլ սինեդրիոնի գիշերային նիստն ավարտվեց։
    Կատարված գործողության բնույթն ու արժեքը ճշտելու համար մենք հարկ ենք համարում ասել, թե այդ «Մահապարտ է» որոշումը Հիսուսի դատապարտության վերջնական վճիռը չէր, որովհետև ոչ միայն Ղուկասն է առավոտյան նիստի մանրամասնությունները մեզ տալիս, այլև մյուս երեքն էլ հաստատում են, թե ժողովականները հաջորդ օրն էլ կրկին «խորհուրդ արարեալ» ՝ գործը ձեռնարկեցին։ Արդ, եթե առաջին նիստը վերջնական լիներ, երկրորդ նիստի անհրաժեշտությունը չէր լինի։ Մյուս կողմից, Միշնայի օրենքների առիթով ասացինք, որ մահապարտության վճիռները մեկ նիստով չէր վերջանում և երևում է, որ այդ պայմանի ձևակերպությունը ուզեցին պահել։ Արդեն ամեն մի դատավարության ժամանակ սկզբում հարցաքննություններ են ընթանում, ապա պաշտպանությունը, որից հետո էլ վերջնական խորհրդակցությունը և վճռական որոշումը։ Գիշերային նիստը դատավարության առաջին կամ հարցաքննության մասն էր, այն տարբերությամբ, որ փոխանակ իրական ամբաստանության վկաներին լսելու, կամայական ամբաստանության պատրվակներ ստեղծելու վրա աշխատեցին։ Եվ երբ Հիսուսի խոսքերի միջից հաջողվեց բառ որսալ, աշխատանքը դադարեցրին՝ «Մահապարտ է» ասելով, կամ ասելով, թե այսքանը մեզ բավական է մահապարտության վճիռ կայացնելու համար։
    Սրանով էլ ժողովը փակեցին, և ամենքն իրենց գիշերային հանգստի կամ զատկական գիշերային ուրախությունները շարունակելու մեկնեցին, առավոտյան կրկին հավաքելու և վերջնական որոշում տալու, մահապարտության վճիռն արձակելու և վճիռն իրականացնելու նպատակով հռոմեացի դատավորին դիմելու համար։ Իսկ Հիսուսին հանձնեցին քահանայապետի բարապաններին, որպեսզի լավ հսկողության տակ պահեն Նրան, մինչև առավոտ թույլատրելով նրանց, որ իրենց ուզածի պես վարվեն Նրա հետ, միայն թե փախչելու կամ փախցնելու հնարավորություն չտրվեր, և Հիսուս ձեռքից բաց չթողնվեր։