Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին:
Այդ ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան ապարանք և ամբողջ գունդը Նրա վրա հավաքեցին:
Ասես միաբանվել էին իրար հետ, որ սատանան ամենքի մեջ կաքավեց. որովհետև համարենք, թե հրեաները նախանձից ու թշնամությունից էին կատաղել, բա զինվորնե՞րն ինչու և ինչի համար. պարզ չէ՞, որ սատանան էր մոլեգնում բոլորի մեջ: Ուստի ամբողջ գունդը հավաքվելով` [Հիսուսին] անարգելն իր համար զվարճություն էր համարում` ըստ սաղմոսի. «Շատ շներ շրջապատեցին, և չարերի խմբերն ինձ պաշարեցին» (Սաղմ. 21։17), որոնք Պիղատոսի ու Հերովդեսի զինվորներն էին, որ կամ հրեաներին հաճոյանալու համար էին ծաղրուծանակի ենթարկում [Հիսուսին], կամ էլ իրենց չար բնավորության պատճառով գործում այդ ամբողջ անօրինությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
27-30. Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին: Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին: Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»: Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին:
Երբ Պիղատոսը յուրայիններին հրամայեց գանակոծել Հիսուսին, ինչպես երևում է, չափն ու ձևը չորոշեց, այլ միայն սպաներին հանձնարարեց, որ Հրեից կարծեցյալ թագավորին կամ Ինքն Իրեն Հրեից թագավոր ներկայացնողին հարմար պատժի ենթարկեն: Այստեղից էլ զինվորների ազատությությունը՝ հանցապարտ դատված Նազովրեցու նկատմամբ ուզածն անելու, ցանկացած խայտառակությունն գործադրելու: Ինչպես Պիղատոսը, այնպես էլ իր զինվորականները հրեաների նկատմամբ անարգական վերաբերմունք ունեին և իրենց ձեռքն ընկած ծիծաղելի թագավորին ծաղրուծանակի ենթարկելով նպատակ ունեին ծաղրել ողջ հրեաներին, նրանց իշխանությանն ու պատիվը: Դրան առիթ տվողները նույն իրենք՝ հրեաներն ու իրենց խելացի համարված ժողովականներն էին, որոնք, Հիսուսի նկատմամբ ունեցած ատելությունը հագեցնելու համար, Նրան իբրև կայսրության դեմ ապստամբի և Հրեից թագավորությունը վերականգնել ջանացողի էին ցանկանում ներկայացնել: Այս կերպ նույնիսկ իրենց ազգն էին խայտառակում՝ իբրև ապստամբ, խռովարար ու թագավորության հետամուտ ամբաստանելով մեկին, որ ո՛չ զենք ուներ, ո՛չ զինվոր, ո՛չ էլ բանակ ու հանդերձանք կամ մի վայր, ուր ամրացած ու պաշտպանված լիներ: Ծիծաղելի թագավորություն, բայց ավելի ծիծաղելի էին այն հորինող ու թագավորին ներկայացնողները:
Երբ գանակոծությունը բավականին խորանում է, զինվորները կամ սակրավորները դադարեցնում են ծեծը և Հիսուսին, որ արդեն մերկացրել էին գանակոծության համար, մարմինը գավազանների անխնա հարվածների տակ ճմլել ու խոշտանգել, տանում են պրետորիոնի ներսը, զորանոցի գավիթը: Այնտեղ որքան պրետորիոնի պահպանության համար զինվորներ կային, թափվում են Հիսուսի գլխին և, հրեա ազգը ծաղրելու նպատակով, ծաղրական թագավորին սկսում են ծաղրել: Այսպես ոչ միայն ծաղրում են Հիսուսին՝ իբրև ծաղրելի թագավոր, այլև հրեաներին, ցուցադրելով, որ նրանք ծաղրելի թագավորներից ավելի բանի արժանի չեն:
Զինվորների ծաղրը ամբողջությամբ նման էր հռոմեական լեգեոնականի արարքին, որը մի կողմից նախատինք էր՝ հպատակ ու հաղթված հրեների համար, իսկ մյուս կողմից՝ ձեռքերն ընկած խեղճի նկատմամբ կոշտ ու անգութ վերաբերմունքի դրսևորում: Հիսուսին, որ արդեն մերկացրել էին գանակոծության համար, նստեցնում են մեջտեղում, ծաղրելի մի նստարանի՝ իբրև գահի վրա, մեջքին են գցում լեգեոնականների գործածած կարմիր քղամիդի կամ զինվորական վերարկուի հնացած ու մի կողմ նետված պաստառը՝ իբրև արքայական ծիրանի, ձեռքն են տալիս մի եղեգի կտոր, որպես թագավորական մական: Ձեռքերի տակ եղած փշոտ ճյուղը ոլորելով կնյունով կապում են և, որպես պսակ, դնում գլխին ու սկսում են ծաղրել. «Ահա հրեաներին վայել մի թագավոր»: Ծաղրելը դեռ բավական չէր, խեղճին նաև տանջում ու նեղում էին, թքում երեսին, ապտակներ իջեցնում, ավելի կսկծացնելու համար ձեռքի եղեգնով խփում էին փշով ծածկված գլխին և առջևից անցնելով՝ ծաղրելով խոնարհվում էին և ծաղրական երկրպագություններ անում՝ պաշտոնական ողջույնի աղաղակ բարձրացնելով. «Ողջ լեր թագաւոր Հրէից»: Այդ խայտառակ ձաղանքը պրետորիոնի ներքին գավթում բավականին երկար տևեց, լոկ հռոմեացի
զինվորների ձեռքով ու նրանց գնդում, ուր հրեաներ չէին մտել: Այդպիսի տանջանքի համար դատավորը որոշակի հրաման չէր տվել, ո՛չ էլ մահապարտության վերջնական վճիռն արձակել, այլ, ինչպես ասել ենք, անորոշ կերպով գանակոծելու և պարզ պատժի ենթարկելու հրաման կար միայն: Մնացածը պահակ զինվորների կամ սակրավոր բարապանների ուզած գործերն էին: Հրեաները, եղածը մոտիկից չտեսնելով, անշուշտ, կատարվածի մասին լուրն իմանում էին ու խոսքերով, թերևս նաև պարգևներով, դրդում զինվորներին՝ սաստկացնել և երկարացնել իրենց հնարամիտ տանջանքները: Չէին հասկանում կամ հասկանալ չէին ուզում, որ երբ իրենք գործակցում էին Հիսուսին իբրև ծաղրելու ենթակա թագավոր ձաղկանքի ենթարկելուն՝ բուն իրենց ազգին ու ազգությանը ծաղրելուն էին նպաստում:
Հիսուսին ծաղրի ենթարկելիս օգտագործած առարկաների մեջ կարևորը փշե պսակն էր, իր տարօրինակ նորությունով և նենգ հեգնությամբ: Կասկած չկա, որ զինվորները ինչպես եղեգն ու քղամիդը, նույնպես և փշե պսակը ձեռքի տակ եղածից պատրաստեցին, իսկ ձեռքի տան ունեին վառելիք ու չոր ճյուղեր: Այսօր երեսունից ավելի վայրերում ցուցադրվում են այդ փշե պսակի մասունքները, իսկ ամենանշանավորներն են Փարիզի, Պիզայի, Թրևի ու Պրուժի եկեղեցիներում պահվածները, որոնց հետազոտությունից պարզվում է, որ գործածված ճյուղերը փշատենու կամ վայրի եղջերափշի չոր ճյուղեր էին՝ կլորացված, շրջանաձև դարձրած և կնյունով կապած: Փշատենու փշերը բավականին սուր ու ամուր են, մանավանդ գանգի շրջանում խայթող ու սաստիկ ցավ պատճառող, արյունալից վերքեր կարող են պատճառել՝ գլուխն ու երեսը զարհուրելի կերպարանքի վերածելու չափ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: