Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»:
Փշերից պսակ կազմելով` դրեցին Նրա գլխին:
Փշերից ասես թագ պատրաստեցին ըստ Նրա թագավոր լինելու, որպեսզի ծաղրեին Նրան, բայց նրանց ապերախտությունը հեղափոխվեց ու բարիք դարձավ, որպեսզի դրանով խոցոտվեր թշնամին, և [Քրիստոսի] գլխի պսակով վերացվեին Եվայի անեծքն ու Ադամի մեղքի փուշը: Այդ փշե պսակը նշանակում էր նաև աշխարհի հեղձուցիչ հոգիների վանումը, որոնք ստեղծում են աստվածային խոսքի պատրանքը, որն Իր աշակերտներից վերցրեց [Հիսուսը] և դրա փոխարեն Իր ձեռքով լուսափայլ, աննյութ ու աստվածային պսակ դրեց մարտիրոսների ու արդարների գլխին:
Եվ եղեգ` Նրա աջ ձեռքում:
Ժանտ ու պղծալից մարդիկ մարմնի տեղ չթողեցին, որ չանարգեին, և ոչ մաս, որ չպսակեին, որովհետև մերթ գլուխը կռփահարում 1574 էին, մերթ փշով պսակում, նաև կարմիր հագցրին, գանեցին, երեսին թքեցին ու ապտակեցին: Իսկ ձեռքը եղեգ դրեցին, ինչպես ասում է [ավետարանիչը], թագավորական գավազանի փոխարեն: Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]. ինչպես որ եղեգով են դատավորները հաստատում դատավճիռը, այդպես էլ մեր Տերն Իր ձեռքը դրված եղեգով ոմանց [անունները] գրեց կյանքի համար, ոմանց էլ` մահվան: Ձեռքը եղեգ վերցնելով` խորհրդանշում է նաև մեր տկարության վերացումը` ըստ այսմ. «Տրորված եղեգը չի փշրի» (Ես. 42։3, Մատթ. 12։20), և դրանով մեզ պարգևեց Իր արքայության ցուպն ու գավազանը` թագավորություն ու քահանայություն, որովհետև մեր այս տկար մարմնով դասվեցինք աջա կողմում: Այլև [Տերը] ցուպ դարձավ աշխարհի համար, քանի որ այն ծերացավ ու Նրա վրա հենվեց:
Նրա առաջ ծնկի գալով` ծաղրում էին ու ասում. «Ո՛ղջ եղիր, հրեաների՛ թագավոր»:
Նրա վրա թափեցին բոլոր տեսակի ծաղրանքներն ու արհամարհանքը, որպեսզի սրանով փրկվենք ծաղրող դևերի ձեռքին խաղալիք դառնալուց, որովհետև Աստծուն հատուկ է հակառակով հաստատել հակառակը, օրինակ` ծառայությամբ` թագավորությունը, ինչպես երևում է Հովսեփին պատահածից 1575, տկարությամբ` զորությունը, ինչի մասին Պողոսն է քարոզում 1576, և այլ այսպիսի բաներ: «Ողջ եղիր» ասելով` [նկատի ունեին] թե` «Միայն թերի ու շինծու անունով և ոչ թե իսկապես ունես թագավորությունը», իսկ մենք սրանով` միայն անունով թագավորությունից բարձրացանք դեպի ճշմարտություն` տիրելով ախտերի և մահվան վրա: Նաև իրավացիորե՛ն ասացին «հրեաների թագավոր», որովհետև [Նրան] խոստովանողների համար Նա եղավ թագավոր և փրկիչ` ըստ այսմ. «[Որպեսզի] Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ..., և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է ի փառս Հայր Աստծո» (Փիլպ. 2։10-11):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»:
«Եղեգը տվեցին նրա աջ ձեռքին»:
[«Եղեգը»] խորհրդանշում է տկարությունը, որը վերցնելով Իր ձեռքը՝ վերցրեց մեր տկարությունը և մեզ պարգևեց Իր արքայության զորության գավազանը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:27

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: