Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:31

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու:

   

    Երբ ծաղրուծանակի ենթարկեցին Նրան, կարմիր քղամիդը մերկացրին Նրա վրայից, Նրա հագուստը հագցրին Նրան և տարան Նրան խաչը հանելու:

   Ըստ խորհրդանշական իմաստի` երբ հերձվածողների ծաղրուծանակը սկսվեց, այնուհետև ուրիշներ էլ ուրացան Նրա մարմինը, որ «քղամիդով» է խորհրդանշվում, որովհետև ասացին, թե միայն Խոսքն է թվացյալ կերպով երևացել. սա՛ է [նշանակում] «Նրա հագուստը»: Հրեաները ծաղրուծանակի ենթարկեցին և երբ հագեցան դրանից, այնուհետև մահվան սկիզբը դրին. մերկացրին թագավորական զգեստը, որպեսզի շատերը չկարծեին, թե իրենց թագավորին են խաչում, այլ որպեսզի դատապարտեին ու խաչեին Նրան իբրև մի օտարական մահապարտի: [Եվ Տերը թույլ տվեց սա], որպեսզի փայտով առողջացներ փայտի [միջոցով գործված] հանցանքը 15789:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու:
   
    Անշուշտ անսովոր շտապողականություն տիրեց հրեաներին, երբ Պիղատոսի բերանից լսեցին «» հրամանը։ Միգուցե կասկածում էին, թե դատավորը կարող է մտափոխվել ու նոր միջադեպ ստեղծել։ Մահապատիժն ի կատար ածելու համար երկար նախապատրաստության հարկ չկար։ Երեք ավազակների խաչելութան վճիռն արձակված էր, խաչերը պատրաստված,կարգադրություններն արված, և իրականացնելու համար ճամփա ելնելու պատրաստ։ Երեքից մեկը՝ Բարաբբան,ժողովրդի խնդրանքով ներվեց ու դուրս եկավ, և միայն նրա փոխարեն Նազովրեցի Հիսուսին դնելով՝ գործը կավարտվեր ու դրա համար ո՛չ ժամանակ էր անհրաժեշտ, ո՛չ՝ պատրաստություն։
    Մահապարտության ցանկացած վճիռ գործադրելու համար, հռոմեացիները սովորություն ունեյին չորս զինվորի հանձնել նրան և մի հարյուրապետ ՝ նրանց հսկելու համար։ Երեք մահապարտների համար չորսական զինվոր էր նշանակվել, որոշվել էր հսկող հարյուրապետը, Բարաբբայի համար նշանակված չորսը, որ, վերջինիս ազատ արձակվելով, պատրաստ սպասում էին, անմիջապես մեկնեցին ձեռքերը, Հիսուսին իրենց մեջ առան և տիրացան նրա անձին, որպեսզի մինչև վերջ կատարեն իրենց հանձնված դահիճ պարտականությունը։
    Այստեղ միջանկյալ ձևով կամենում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Հիսուսի խաչելության հուզիչ ու կսկծալի գործողությունը ընդարձակ նյութ է եղել քրիստոնեկան զգացումների ու գաղափարների համար․ թե՛ բարեպաշտները, թե՛ գրագետները և թե՛ արվեստագետները ամեն գնով, նույնիսկ երևակայության թռռիչքներով աշխատել են դրան ավելի սրտագրավ ու զգայուն կերպարանքներ տալ։ Բանախոսություններն ու բանաստեղծությունները, մեկնություններն ու տեսությունները, պատկերներն ու արձանները, շքանշաններն ու զարդերը հավերժացել ու փառաբանել են Գողգոթայի Մարտիրոսությունը։ Ամենքն էլ իրենց բուռն զգացումներին հագուրդ են տվել այնպիսի հանգամանքներով, որոնցից ոչ բոլորն են պատմական։Ճշմարտությունը ստուգելու համար բավական են միայն քննել խաչելության շուրջը պտտվող գրվածքների ու պատկերների տարբերությունները։ «Համապատումիս» նպատակն է ամուր հենվել պատմական կետերի վրա, հետևել ավետարանական հիշատակումների ճշտություններին, հեռու մնալ երևակայական պարագաներից, ուստի մեր ընթերցողները թող չզարմանան, եթ մեր բացատրություններում գտնեն այնպիսի մանրամասներ, որոնք սովորաբար տարբեր են իրենց կարդացած գրքերից և տեսած պատկերներից։
    Երբ Հիսուսին տանելու եկան, Նա դեռևս ձաղանքների տարազով էր՝ կարմիր քղամիդով, փշե պսակով և եղեգնյա գավազանով և այսպես նրան պահելը ավելորդ մի պատիժ էր,որ չկար վճռում։ Զինվորը հարկ համարեցին վերցնել քղամիդն ու պսակը և հագցրին իր սովորական պատմուճանը, որ գանակոծելու պատճառով հանել էին։Սովորական պատկերներում միշտ Հիսուսի գլխին փշե պսակ են պատկերում, որը սրտերը շարժելու համար հարմար պարագա է կամ թերևս Ավետարանի «Մերկացուցին ի նմանէ զքղամիթն» ասելու և պսակը չհիշելու հետևանքն է։ Սակայն երբ քղամիդն հանեցին, ասում է Ավետարանը,վերջ տրվեց ձեղանանց տարազին, այսիքնն լռելյայն հասկացվում է, որ պսակն ու եղեգը ևս վերցրեցին։ Անկար պատմուճանը՝ գլխից ներքև իջնող մի զգեստ էր,որը հագցնելու համար անհրաժեշտ էր հանել փշե պսակը։ Ուստի հարկ չկար, որպեսզի արդեն հանված ձաղանքի տարազի մի մասը կրկին դրվեր, քանի որ ձաղանքների ժամանկ էլ, նպատակն էլ արդեն անցել էր։
    Օրենք էր, որ դատարանից մինչև խաչելության վայր պատժի գործիքը մահապարտն ինքը շալակած տաներ։ Դա թե՛ իբրև նախատինք էր և թե՛ չարչարանքի միջոց։ Այդ սովորության համաձայ, Հիսուսին ու մյուս ավազակներին շալակել տվեցին իրենց խաչերը։ Նրանք առջևից, զինվորները հետևից, բոլոր կողմերից հետաքրքրասեր բազմությամբ շրջապատված, սկսեցին առաջանալ դեպի Գողգոթայի բարձունքը, որը այդ մահապատիժների համար նշանակված վայրն էր և գտնվում էր Երուսաղեմ քաղաքի արևմտյան կողմում, քաղաքը շրջապատող պարիսպներից դուրս։ Պիղատոսի դատարան եղող Անտոնյան դղյակից մինչև Գողգոթա, մեր հաշվարկով, հազիվ չորս հարյուր մետր հեռավորություն լինի։
    Գողգոթա անունը վաղ եբրայերեն գուղգոթա բառի աղավաղված ձևն է, որը նշանակում է «տեղի գանկի» կամ «տեղի կառափի», թեև մեր թարգմանության մեջ գրված է «տեղի կառաելոյ» Մարկ. 15:22 «գագաթն» Ղուկ. 23:33 կամ «տեղի գագաթան» Հովհ. 19:17։ Վերջին բացատրությունները բնագրին ավելի մոտ են, որովհետև հրեաները կառափելու կամ գլխատելու սովորություն չունեյին։ Իսկ գագաթն բառը պետք է հասկանանք որպես գագաթ կամ գանգ։Գողգոթա բառը լատինների մոտ թարգմանվել է կալվարիում՝ միևնույն գանգի իմաստով։ Գողգոթան գանգի տեղ կոչվելու համար ոմանք ասացին, թե Ադամի գերեզմանը կամ գանգն այնտեղ լինելու համար է այսպես կոչվել, բայց սա լոկ բարեպաշտական մի ենթադրություն է։ Ուրիշներն էլ ավելացրին, թե այսպես է կոչվել որովհետև այդ բլրի վրա ամենուր ցրված են խաչյալների և մահապարտների գանգերն ու ոսկորները։Սակայն այսպիսի վայր Երուսաղեմում չէր կարող լինել, որովհետև հրեաների օրենքը պահանջում էր,որ կախվածներն ու խաչվածները նույն օրը սպանվեին ու թաղվեին։ Ամենահավանական բացատրությունը մնում է այն, թե այդ անունը ծագում է նրանից, որ գողգոթայի գագաթը նման է ճաղատ գանգի։
    Պատմականորեն չենք կարող հաստատել, որ Հիսուսի խաչն ավելի մեծ էր երկու ավազակների խաչից, ինչպես պատկերում են նկարիչները։ Սակայն բոլորովին անհավանական չենք համարում, քանի որ Հիսուսի համար գործածված խաչը Բարաբբայի համար էր նախատեսված։ Բարաբբան լինելով ավազակապետ ու մյուս մահապարտների գլխավորը, կարող էր ավելի մեծ խաչ ունենալ։
    Խաչի ձևի ու մեծության մասին ինքընստինյան ոչինչ ասել չենք կարող․ շատ տեսակներ կային, ինչպես նաև կարող էին կամայական ձևերով նույնպես պատրաստվել։ Խաչի էությունը կախաղանն էր, բայց ոչ թե վզից կախելով խեղդելը, այն թևերից,ետքերից կամ մարմնից կախելով՝ թողնելով մահապարտին բացօթյա, մերկանդամ, սոված մինչև կենսական օրգանների խանգարմամբ և ուժերի սպառմամբ վրա հասներ մահը։Կախելու կամ կապկպելու համար սովորաբար գործածում էին պարան, կամ մեխով գամում էին։ Խաչը երբեմն ուղաբերձ տնկված մի ձող էր կամ էլ երբեմն դրան ավելացվում էր հորիզոնական դիրքով երկրորդը։ Երբեմն երկու ձողերը շեղակի կպցվում էին միմյանց, և մահապարտի ձեռքերն ու ոտքերը շեղակի տարածվում էին չորս մասերի վրա։ Երբեմն էլ երկրորդ ձողը ներքևի կողմը դրվելով՝ մահապարտը կախվում էր գլխիվայր։ Այս վերջինի օրինակներն ունենք Անդրէաս առաքեալի խաչ և Պետրոս աքաքեալի խաչ կոչված ձևորում։ Սովորական խաչի վրա մահապարտի թևերը տարածվում էին հորիզոնական, իսկ ոտքերը միացվում էին ուղղահայաց ձողին։ Սովորություն էր նաև երկու ազդրերի մեջ փայտի մի կտոր ավելացնել, որի վրա մահապարտը հնագչում էր՝ նմանվելով հեծյալի։ Հաճախ ոտքերի ներքևում փոքրիկ հավելված էր դրվում՝ իբրև պատվանդան։ Կամ ոտքերն ավելի դյուրին գամելու համար շեղանկյուն փայտ էր ավելացվում ներքևում։ Հորիզոնական ձողը երբեմն ուղղահայացի գագաթին էր ամրացվում երեքթևյան խաչ կազմելով։ Անգամ ուղղահայաց ձողի վրայից մի հատված էր դուրս թողնվում՝ Գիր վնասու դնելու համար։ Այդ ժամանակ խաչը քառաթև տեսք էր ունենում։
    Մեծության մասին խոսելիս պետք է ասենք, որ անշուշտ խաչյալի ոտքերը,գետնից կտրելու և ամենքին հպելի չլինելու համար, պետք է մի կանգունաչափ վեր մնային։Կախված մարմինը երկու կանգունից ավելի էր լինում։ Գիր վնասուն դնելու հատվածն էլ ավելացնելով՝ խաչը չորս կանգունից կամ երեք մետրից ավելի տեսանելի մաս պիտի ունենար։ Մյուս կողմից գետնի մեջ ամուր հաստատելու և կախված մարմինն ապահովաբար վերցնելու, ուղղահայաց ձողը գոնե մի կանգուն գետնի մեջ մխվելու մաս էլ պիտի ունենար, որի պատճառով մոտավորապես հինգ կանգունի կամ չորս մետրի չափ երկարություն էր ունենում, նրա
համեմատությամբ էլ՝ հորիզոնական։ Այդ չափերով ձողը, նպատակին ծառայելու համար, պատշաճ հաստատություն պիտի ունենար։ Նշանակում է, որ Հիսուսի ուսին բավականին ծանրություն էր դրված։
    Վերջապես, խաչափայտի նշանավոր մասունքների հետազոտությունը ցույց է տալիս, որ Հիսուսի խաչափայտը մայրի ծառի ընտանիքից էր, որը պատկանում է ծանր փայտերի տեսակին։