Ա. Լոպուխին
15-16․ Լիան պատասխանեց. «Բավական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»: Ռաքելն ասաց. «Այդպես չէ: Քո որդու մանրագորների փոխարեն թող նա (Հակոբը) այս գիշեր պառկի քեզ հետ»: [15] Երբ երեկոյան Հակոբը դաշտից վերադարձավ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետև իմ որդու մանրագորների փոխարեն վարձել են քեզ»: Եվ նա գիշերը պառկեց նրա հետ: (Սինոդական թարգ․)
Լիան, կիսելով Ռաքելի հավատը մանրագորի բեղմնավորման ուժի նկատմամբ, չի համաձայնվում զիջել Ռաքելին, ընդ որում` ինչպես իր հանդիմանանքից, այնպես էլ Ռաքելի պատասխանից երևում է, որ Ռաքելը ամբողջապես տիրել էր Հակոբին (հմմ. «հաղթանակել է», հոդ. 8): Այնպես որ միայն Լիայի կողմից մանրագորների զիջումից հետո Ռաքելից թույլտվություն կորզելու միջոցով է, որ Լիան Հակոբի հետ ամուսնական շփման հնարավորություն է ստանում: Անկասկած, աստվածաշնչյան հեղինակը չի կիսում մանրագորի ազդեցության վերաբերյալ Լիայի և Ռաքելի ունեցած սնահավատությունը և, նույնիսկ, հետագայում Լիայի Իսաքար և Զաբուղոն որդիների, ինչպես նաև Ռաքելի Հովսեփ որդու ծննդյան վրա դրա ունեցած ազդեցությունը չնչին է համարում (հակառակ որոշ ռաբբիների և աստվածաշնչյան նոր քննադատների): Այս ամենը նա վերագրում է Աստծո օրհնությանը (բան. 18, 20, 22):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»: Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ: Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»:
(Արարատ թարգ․) Եվ Լիան ասաց Ռաքելին. «Քի՞չ էր, որ առար իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագորնե՞րն ես առնում»: Եվ Ռաքելն ասաց. «Այդ դեպքում այս գիշեր թող նա պառկի քեզ հետ քո որդու մանրագորների փոխարեն»:
(Գրաբար) Եւ ասէ Լիա. Ո՞չ իցէ քեզ շատ զի առեր զայրն իմ. միթէ և զմանրագո՞րս որդւոյ իմոյ առնուցուս։ Եւ ասէ Ռաքէլ. Ո՛չ այդպէս է. ննջեսցէ՛ ընդ քեզ զայս գիշեր՝ փոխանակ մանրագորաց որդւոյ քոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: