Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց Նա, Ով գալիս է իմ հետևից, ինձանից զորավոր է. ես արժանի չեմ Նրա կոշիկները բռնելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով»։
Միգուցե ոմանք ասեն. «Մենք ինչպե՞ս կարող ենք պտուղ տալ, երբ մեզ սպառնում են հատումով, երբ արդեն այդքան քիչ ժամանակ է մնացել, և վերջն արդեն իսկ մոտենում է»։ «Կարող ես, - պատասխանում է Հովհաննես Մկրտիչը, - որովհետև ձեզանից չի պահանջվում պտուղ տալ այն նույն եղանակով, ինչպես որ ծառն է պտուղ տալիս։ Ծառի պտղաբերելը թե´ շատ ժամանակ է պահանջում, թե´ ենթակա է եղանակային փոփոխություններին և թե´ մեծ խնամքի կարիք ունի։ Մինչդեռ դու պարզապես պետք է ցանկանաս դա, և այդժամ ծառն իսկույն ևեթ կծլարձակի»։
Այդօրինակ պտղաբերությանը մեծապես նպաստում են ոչ միայն ծառարմատի հատկությունները, այլ նաև` հենց հողագործի´ վարպետությունը։ Այսպիսով, որպեսզի նրանք չասեն, թե «դու մեզ շփոթեցնում ու ճնշում ես և բռնություն ես գործադրում մեզ վրա` կացինը արմատին դնելով և սպառնալով հատել մեզ ու հենց պատժի «միջոցով» մեզանից պտուղ պահանջելով», ուստի Հովհաննեսը, որպես ապացույց այն բանի, թե որքան դյուրին է պտուղ տալը, ավելացնում է հետևյալը. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց Նա, Ով գալիս է իմ հետևից, ինձանից զորավոր է. ես արժանի չեմ» Նրա կոշիկների կապերն արձակելու: «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով»։ Իր այս խոսքերով Հովհաննես Մկրտիչը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է միայն ցանկություն ու հավատք, և ոչ թե ջանք ու սխրանք: Եվ ինչքան դյուրին է մկրտվելը, նույնքան էլ դյուրին է փոխվելն ու ավելի լավը դառնալը։
Այսպես հրեաների հոգիները ցնցելով Դատաստանի հանդեպ երկյուղով, պատժի ակնկալիքով, կացնի մասին հիշեցումով, նրանց իրենց նախնիներից «օտարացնելով», նոր զավակների «ստեղծումով» ու հատվելու և այրվելու կրկնակի պատժով` այս բոլոր եղանակներով Հովհաննեսը նպատակ ուներ փափկացնել հրեաների կարծրասրտությունը և նրանց մեջ արթնացնել այդ չարիքներից ազատվելու ցանկությունը: Այս կերպ Հովհաննես Մկրտիչը, ի վերջո, սկսում է Քրիստոսի մասին պատմությունը, սակայն դա անում է ոչ թե մի ձևով, այլ Նրա մեծագույն առավելության մասին շեշտադրումով, իսկ այնուհետև էլ` հստակ տարբերակում մտցնելով Նրա (Քրիստոսի) և իր միջև, և որպեսզի չլինի թե` հրեաները կարծեին, որ ինքը (Հովհաննես Մկրտիչը) այդպես էր խոսում պարզապես հաճոյանալու համար, ուստի նա համեմատում է նրանցից յուրաքանչյուրի ասածը։ Բոլոր դեպքերում` Հովհաննես Մկրտիչն անմիջապես չասաց՝ «արժանի չեմ» Նրա կոշիկների կապերն արձակելու, այլ նախապես ցույց տվեց իր կատարած մկրտության անբավարարությունը` այն հիմնավորումով, որ այդ մկրտությունը ոչինչ ավելին չէր կարող անել, քան միայն` հրեաներին ապաշխարության բերելն էր (այդ իսկ պատճառով էլ Հովհաննեսը չասաց՝ «թողության ջրով», այլ՝ «ապաշխարության ջրով»): Այնուհետև Հովհաննես Մկրտիչը սկսեց խոսել Քրիստոսի´ կողմից կատարվելիք Մկրտության մասին, որը լեցուն էր անճառելի պարգևներով։
Եվ Հովհաննեսն այդպես վարվեց, «որպեսզի դու, - ասում է նա, - լսելով, որ Քրիստոս գալիս է իմ հետևից, չհամարձակվես արհամարհով վերաբերվել Նրան` իբրև ինձնից հետո եկածի: Ուստի ճանաչի´ր Նրա շնորհների զորությունը, և այդժամ դու պարզորոշ կհասկանաս, որ ես ոչ մի ավելորդ ու անպատշաճ խոսք իսկ չեմ արտաբերել` ասելով. «Արժանի չեմ» Նրա կոշիկների կապերն արձակելու»:
Եվ այսպես, երբ դու լսես, որ Նա «ինձանից զորավոր է», մի՛ կարծիր, որ ես այդ մասին ասում եմ պարզապես ըստ համեմատականության աստիճանի, քանի որ ես արժանի չեմ լինել նույնիսկ Նրա ծառաների թվում, և անգամ անարժան եմ Նրա ծառաներից վերջինը կոչվելուն ու Նրան ծառայելու մեջ նույնիսկ ամենաստորին սպասավորությունը մատուցելուն։
Ահա թե ինչու Հովհաննես Մկրտիչը պարզապես չասաց` «կոշիկները հանելու», այլ` «կոշիկների կապե´րն արձակելու», ինչը համարվում էր ամենավերջին բանը, որը ծառան կարող էր անել։ Այնուհետև, որպեսզի դու չմտածես, որ սա ասվել է գեթ Հովհաննեսի խոնարհության պատճառով, ուստի ինքը` Հովհաննես Մկրտիչը, որպես ապացույց մատնացույց է անում Քրիստոսի բուն գործերը. «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով»։ Տեսնո՞ւմ ես, թե որքան իմաստուն է Մկրտիչը։ Երբ նա ինքն է քարոզում, այդժամ խոսում է ահասարսուռ ու սարսափելի խոսքերով, սակայն երբ այդ նույն մարդկանց ուղարկում է Քրիստոսի մոտ, այդժամ խոսում է հեզությամբ և մխիթարական խոսքերով։ Այս պարագայում արդեն Հովհաննես Մկրտիչն այլևս չի խոսում ո´չ կացնի, ո՛չ կտրված և կրակի մեջ նետվող ծառի ու ո՛չ էլ գալիք բարկության մասին, այլ մատնանշում է մեղքերի թողությունը, պատժի վերացումը, արդարացումը, սրբացումը, փրկագնումը, որդեգրությունը, եղբայրությունը, ժառանգակից լինելն ու Սուրբ Հոգու առատահեղ բաշխումը։ Հովհաննես Մկրտիչն այս բոլորն ի նկատի ուներ, երբ ասում էր` «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով»՝ այս այլաբանության միջոցով արտահայտելով շնորհների առատահեղության գաղափարը։ Հովհաննեսը չասաց` Նա ձեզ կտա Սուրբ Հոգին», այլ թե՝ «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով», և ավելացրեց «ու հրով» արտահայտությունը՝ էլ առավել ընդգծելով շնորհի զորությունն ու զորավոր ներգործությունը։
Այս դեպքում, ուրեմն, պատկերացնո՞ւմ ես, թե ունկնդիրներն ինչպիսի հոգեվիճակում կհայտնվեին ա´յն մտքից, որ իրենք շուտով նմանվելու էին մարգարեներին, ու դա էլ բավական չէ` մարգարեներից մեծագույններին։ Այս իսկ պատճառով էլ, անշուշտ, Հովհաննես Մկրտիչը հիշատակեց կրակի մասին՝ հրեաների մտքում արթնացնելով մարգարեների մասին պատկերացումները, քանի որ հենց այդ մարդկանց (խոսքը մարգարեների մասին է) երևացած գրեթե բոլոր տեսիլքներն ուղեկցվել էին խորհրդանշական կրակով։ Այդ կերպ Աստված թփի միջից խոսեց Մովսեսի հետ, այդ կերպ Սինա լեռան վրա խոսեց ողջ ժողովրդի հետ, այդ կերպ` քերովբեների միջից, խոսեց Եզեկիելի հետ։
Տե´ս, թե Հովհաննեսն ինչպես է հուզում իր ունկնդրին ՝ նախապես ասելով այն, ինչը պետք է տեղի ունենար ամեն ինչից հետո։ Բոլոր դեպքերում` նախևառաջ պետք է տեղի ունենար Գառան մորթումը, մեղքի ոչնչացումը և թշնամության վերացումը, իսկ ապա` թաղումն ու Հարությունը և, վերջապես, Սուրբ Հոգու գալուստը։
Սակայն այս ամենի վերաբերյալ Հովհաննես Մկրտիչը դեռևս ոչինչ չի ասում և առաջին տեղում է դնում վերջինը, ա´յն, հանուն որի և կատարվել էր մնացյալ ամեն բան և որը կարող էր առանձնահատուկ կերպով մատնացույց անել Քրիստոսի գերապատվությունը։
Եվ Հովհաննեսն այսպես է վարվում, որպեսզի իր ունկնդիրը, գիտենալով իրեն շնորհվող Սուրբ Հոգու այդօրինակ զորության մասին, ինքն իրեն հարցներ` «ինչպե՞ս և ի՞նչ եղանակով է սա հնարավոր՝ մեղքի այսպիսի զորավոր տիրապետության պայմաններում»։ Եվ որպեսզի այդժամ, իր ունկնդրի մեջ նմանատիպ հիացմունք և ունկնդրելու պատրաստակամություն նկատելով, ճիշտ այդ ժամանակ սկսի քարոզել նաև տառապանքի´ մասին, քանի որ, իսկապես, Սուրբ Հոգու առատաբաշխ զորության մասին լսելուց հետո` նմանօրինակ պարգևի սպասումն ունենալով, ոչ ոք գայթակղության մեջ չէր ընկնի վերոհիշյալ տառապանքի պատճառով։ Ահա թե ինչու է Մկրտիչը դարձյալ աղաղակում. «Ահա´ Աստծո Գառը, Որն [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» (հմմտ. Հովհ. 1։29):
Հովհաննեսը չասաց՝ «թողություն է շնորհում», այլ՝ «Իր վրա է վերցնում», ինչն առավել մեծ հոգածություն էր ենթադրում, քանի որ նույնը չէ մեղքին պարզապես «թողություն շնորհելը»` առ ի համեմատություն «մեղքն Իր վրա վերցնելու» հետ. առաջինն առնչություն չունի որևէ վտանգի հետ, մինչդեռ երկրորդն անմիջականորեն կապված է մահվան հետ։ Հովհաննես Մկրտիչը նաև ասաց, որ Քրիստոս «Աստծո Որդին է» (Հովհ. 1։34): Սակայն նույնիսկ այս խոսքերն ունկնդիրներին դեռևս լիակատար պատկերացում չէին տալիս Քրիստոսի գերապատվության մասին, քանի որ գեթ այդ խոսքերից հրեաները չէին կարող եզրակացնել, որ Նա ճշմարիտ Որդին է, մինչդեռ Սուրբ Հոգու առատաբաշխ էջքից դա արդեն իսկ անվիճելի էր դառնում: Ահա թե ինչու Հայր Աստված, Հովհաննեսին առաքելով, նրա (Հովհաննեսի) համար որպես գալիք Մեսիայի գերապատվության առաջին ցուցիչ սահմանեց հետևյալը. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհ. 1։33): Ահա թե ինչու ինքը` Հովհաննեսն էլ ասում է. «Եվ ես տեսա ու վկայեցի, թե Սա՛ է Աստծու Որդին» (Հովհ. 1։34), քանի որ այդ նախորդող իրադարձությունն (Սուրբ Հոգու` Քրիստոսի վրա իջնելը և մնալը) ինքնին արդեն իսկ հաստատել էր Քրիստոսի` Աստծու Որդի լինելու իրողությունը։
Իսկ այդ ինչպիսի՞ կոշիկներ էր կրում Տերը, որ Հովհաննեսն ասաց, թե «Ես արժանի չեմ կոշիկները բռնելու»։ Այստեղ կոշիկը խոսում է տնօրինական խորհուրդների մասին, քանի որ «կոշիկ» է անվանվում Տիրոջ մարդեղացումը։ Եվ դրա վկան Ինքը` Տերն է, Որը և մարգարեի միջոցով բարձրաձայնում է. «Ես Եդոմի վրա պիտի մեկնեմ իմ կոշիկը» (հմմտ. Սաղմ. 59։10)։ Ահա թե ինչու Տիրոջ մարդեղացումը հայտնի էր որպես «ոտնահետք», որը հայտնվեց երկրի վրա և ընդգրկեց ողջ երկրի սահմանները։ Հենց սա է երկու տարբեր դիտանկյուններից բացատրում մարգարեն` բացականչելով. «Մեծարե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագե՛ք Նրա ոտքերի պատվանդանին, որովհետև այն սուրբ է» (հմմտ. Սաղմ. 98։5)։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա,
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց Ով գալիս է իմ հետևից, ինձնից հզոր է, և ես արժանի չեմ Նրա կոշիկները տանելու:
Նախ դատաստանի կրակով զարհուրեցրեց նրանց և նրանով, որ նրանց փոխարեն ուրիշներն էին [Աբրահամի որդիների շարքն] անցնելու, ապա խոսում է Քրիստոսի մասին և ո՛չ թե սաստով, այլ քաղցրությամբ, որպեսզի դյուրավ ընդունեին: Նախ իր մկրտության անկատարությունն է ցույց տալիս՝ ասելով. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար», որով հայտնում է, որ իր մկրտությունն ուրիշ զորություն չունի, քան նրանց ապաշխարության կանչելը, որպեսզի այդ ավելի փոքրով մաքրվելով՝ պատրաստ լինեին ընդունելու [ավելի մեծը], այնուհետև ավելացնում է. «Բայց Ով գալիս է իմ հետևից, ինձնից հզոր է, և ես արժանի չեմ Նրա կոշիկները տանելու»: Մարկոսն է՛լ ավելի խոնարհ խոսք է ներկայացնում. «Արժանի չեմ խոնարհվելու, որ արձակեմ Նրա կոշիկների խրացները 127» (Մարկ. 1։7): [Հովհաննեսը սրանով] ասում է. «Լսելով, որ Նա գալու է ինձնից հետո՝ մի՛ կարծիր, թե ինձնից հետո է եղել: Կամ երբ ասում եմ, որ ինձնից հզոր է, սա մի՛ համարիր իբրև մեծ ու փոքրի միջև համեմատություն: Որովհետև ո՛չ միայն համեմատվել չեմ կարող [Նրա հետ], այլև Նրա վերջին ծառաների հետ արժանի չեմ մի չնչին սպասավորություն մատուցելու [Նրան]»: Այդ պատճառով էլ [Հովհաննեսը] չի ասում՝ «կոշիկները», այլ՝ «կոշիկների խրացները»:
Իսկ ի՞նչ են «կոշիկի խրացները»: Կոշիկներն ու դրանց փոկերն ամրացնելու կապեր են կամ էլ այն, ինչ ոմանք հագնում են դրսից՝ կոշիկի տակից. հավանաբար այն ժամանակ էլ կար այդ սովորությունը: Իսկ խորհրդանշաբար՝ խրացը նշանակում է այն, որ հնարավոր չէ դյուրավ խափանել Քրիստոսի խորհուրդներից փոքրագույնն իսկ. [նկատի ունեմ] ո՛չ Նրա աստվածության հետ կապված [խորհուրդները], այլ տնօրինականները: [Չեն կարող խափանել] ո՛չ միայն մտքով մանուկները, այլև ոչ իսկ [Սուրբ] Հոգին ունեցողները և Հովհաննեսին հոգով նմանները:
Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և կրակով:
Տե՛ս Մկրտչի իմաստությունը: Երբ իր կողմից էր քարոզում, ահ ներշնչող բաներ էր ասում, իսկ երբՏիրոջ գալուստը հիշեց, քաղցր ու հաճելի [բաների մասին խոսեց]: Ոչ գալիք բարկությունը հիշեց, ոչ էլ անպտղաբեր ծառերի՝ տապարով հատվելն ու կրակի մատնվելը, այլ մեղավորների թողությունն ու պարտքերից ազատությունը, [Աստծուն] որդեգրությունն ու հաղորդակից լինելը և [Սուրբ] Հոգու պարգևների առատությունը: Այս ամենը նկատի ունենալո՛վ ասաց. «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու կրակով»: Մարգարեներից ավելի մեծի 128 այս մարգարեությունն արդարև իրականություն դարձավ, երբ, ըստ Ղուկասի պատմածի 129, [Սուրբ] Հոգին Երուսաղեմում՝ վերնատանը, շառաչյունով [հայտնվեց], առաքյալներին հայտնապես երևացին ասես կրակից բաժանված լեզուներ և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Ըստ ասածներիս՝ հենց նրանք էլ տեսանելի կերպով մկրտվեցին Սուրբ Հոգով ու կրակով: Եվ նրանց կողմից [մկրտված] ու նրանց հաջորդած հավատացյալները, թեպետ ո՛չ այդպես բացահայտորեն, սակայն աներևութաբար՝ ըստ հավատի, մկրտվում են նույն ձևով՝ [Սուրբ] Հոգով ու կրակով:
[Հովհաննես Մկրտիչը] կրակի հիշատակմամբցույց է տալիս նաև շնորհների առատությունը: Ինչպես որ կրակն է փոքր կայծից անսահման տարածվում՝ թե՛ նյութով, թե՛ ուժգնությամբ, այդպես էլ [Սուրբ] Հոգու շնորհն Ավազանի միջոցով սփռվում է այն բոլոր մարդկանց մեջ, ովքեր ճշմարիտ հավատքով ու մաքուր կյանքով նյութ են դառնում իրենց մեջ արծարծված [շնորհի] համար: [Կրակի հիշատակմամբ Հովհաննեսը] լսողների միտքը բարձրացնում է նաև դեպի Նրա հիշատակը, Ով կրակով երևաց մարգարեներին, ինչպես Քորեբում՝ Մովսեսին, Սինայում՝ ժողովրդին, քերովբեների վրա՝ Եզեկիելին 130, և ուրիշների ևս՝ տարբեր վայրերում ու ժամանակներում: Դրանով Աստված ցույց է տալիս նաև [Սուրբ] Հոգին՝ հայտնելով, որ [Հին Ուխտում հայտնված Աստված] և Սա տարբեր չեն, այլ միևնույն Աստվածը, քանի որ մեկն է Սուրբ Երրորդության պատիվը:
Քանի որ Քրիստոսի՝ մարդկանց տված պարգևների մեջ [Սուրբ] Հոգու շնորհն ըստ հերթականության վերջինն էր, [Հովհաննեսը] նախ դրա մասին խոսեց, որպեսզի հաճելի բաների հիշատակով արթնացնի լսողների միտքը: Որովհետև նախ պետք էր, որ Գառը մորթվեր, մեռներ, թաղվեր ու հարություն առներ, և ապա՛ գար Հոգին: Սրանց մասին [Հովհաննեսը] ոչինչ չասաց, այլ [խոսեց] դրանցից հետո լինելիքի մասին, որպեսզի [Սուրբ Հոգու շնորհի] պատիվը քարոզվեր, և հետո՛ [լսողներին] մատուցեր խաչի քարոզությունը՝ չգայթակղեցնելու համար: Այդ պատճառով էլ հետո՛ ասաց. «Ահավասիկ Աստծո Գառը, որն [Իր վրա] վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29): Չասաց՝ «ներում է», այլ «վերցնում է», որովհետև առաջինը կատարվում է առանց ճիգ թափելու՝ միայն կամենալով, իսկ երկրորդը՝ մահուչափ [չարչարանքով]:
Քրիստոսի բոլոր տնօրինական գործերից ոչ մեկից այնպես լավ չէր երևում Նրա Աստծո Որդի լինելը, ինչպես [Սուրբ] Հոգին տալուց: Ուստի Հայրը ևս, երբ ուղարկում էր Հովհաննես [Մկրտչին], Իր Որդու պատվի հետևյալ նշանն էր տվել. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհ. 1։33):
Հաճելի բաների մասին խոսելուց և լսողներին [Քրիստոսի] առաջին գալստյամբ ու նրա բարիքներով ուրախացնելուց հետո [Հովհաննեսը] ներկայացնում է ահաշունչ [իրողությունը]՝ Նրա երկրորդ գալստյան խորհուրդը, որպեսզի չլինի թե նրանք, ովքեր Հոգուց ձրի շնորհ են ստանում, դրա վրա հույսը դնելով՝ ծուլության մատնվեն: Այլ որպեսզի իրենց հոգին մաքուր և ազատ պահեն, [Հովհաննեսն] ասում է.
Ստեփանոս Սյունեցի (†735)
Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա,
«Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար»:
Իմ մկրտությունը մարմնական է, նման է սրբողի հոգուն: Իսկ որ ասաց՝ ապաշխարության համար, հայտարարեց, թե օգուտ է տալիս նրանց, ովքեր բարի կամքով և ուղիղ մտքով են մոտենում [մկրտությանը], և դատապարտում է նրանց, ովքեր դժկամությամբ են մկրտվում:
«Ինձանից հետո գալիս է ավելի հզորը, քան ես, որի կոշիկները արժանի չեմ ոտքերից հանելու» :
Ինձանից հետո գալու է Նա, որի երկու կոշիկների, այսինքն՝ մարմնանալու և դժոխք իջնելու [իմաստը] արժանի չեմ մեկնելու, կամ իմ մտքով իմանալու Հին ու Նոր Կտակարանների իմաստն ու զորությունը:
«Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով»:
Որպեսզի ոչ միայն մեղքերի թողություն շնորհվի, այլև [մեղքերի] լիակատար ջնջում և ոչնչացում: Ջրի [միջոցով] թողություն [տալը Սուրբ] Հոգով է լինում, [իսկ մեղքերի լիակատար] ոչնչացումը՝ իմանալի հրով:
«Ում կոշիկները արժանի չեմ հանել»
Այս ասվեց Մատթեոսի ավետարանի մեկնության ժամանակ, և երկու կոշիկները մեկնվում է որպես Աստծու Որդու մարմնանալը և դժոխք իջնել: Մեկը եթե իմանա այս խոսքի զորությունը, այնպիսին կհանի [կոշիկները], և հանելը առավել է, քան արձակելը, [ինչպես] որ Քրիստոսի պատմուճանի վերաբերյալ [ասվեց], որը անկար էր և վերևից ներքև հյուսված:
Իսկ այս ավետարանիչն ասում է. «Որի կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ» (Հովհ. 1։27): «Կոշիկի» վերաբերյալ արդյո՞ք խոսք ասել է որևէ [մեկնիչ], ով Քրիստոսի մարդանալու մասին արժանացավ ուսանել և իմանալ: Նախկին [մեկնիչներն] այս մասին խոսք չեն ասում: Ուստի և հարցնում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր» (Մատթ. 11։3):
Իսկ այլ մեկնիչ ասում է՝ «կոշիկները» Քրիստոսի գործերն են, ընթացքը և Աստվածության խոսքը, ինչը մարդուն անհնարին է իմանալ, ուստի և կանանցից ծնվածների մեջ մեծագույնը իրեն արժանի չհամարեց [այն մեկնել]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
11-12․ Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։
Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները Դան․ 9։24: Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»:
Հովհաննեսը չկամեցավ ժողովրդին այդ թյուր ենթադրությունների մեջ թողնել: Ուստի, սկսեց բացարձակորեն հայտարարել, թե. «Ես ձեր կարծեցյալ խոստացված Մեսիան չեմ. Նա ուրիշ է. ինձանից հետո է հայտնվելու. Նա ինձանից բարձր է և ավելին կարող է անել: Այնպես որ ես հազիվ արժանի լինեմ Նրա կոշիկները վերցնելու կամ կապերն արձակող ծառան կոչվելու: Իմ կատարած մկրտությունը զուտ ջրի արտաքին մկրտություն է: Իսկ Նրա տալիք մկրտությունը Սուրբ Հոգու ներքին մկրտությունն է, որ կրակի պես սրբում է ամեն մի աղտ: Իմ պաշտոնը ձեզ ապաշխարության հրավիրելն է, որպեսզի Նրա հայտնվելու ժամանակ պատրաստ լինեք. Նա գալու է հզոր կալատիրոջ նման, եղանը ձեռքին` կալը մաքրելու և խառնուրդ դեզն էրնելու համար: Ցորենը պիտի զատի հարդից, բարիներին առանձնացնի չարերից, ցորենը պետք է լցնի իր շտեմարանը, իսկ հարդը կրակին է տալու` մի կրակ, որ անմար է»:
Հովհաննեսի խոսքերը խիստ էին և ահարկու: Սակայն, նա կարողանում էր նաև դրանք քաղցրացնել, որպեսզի ժողովուրդը չփախչի, այլ ապաշխարության գնա: Հետևաբար, սպառնալիքի խոսքերը համեմում էր մխիթարական ավետիսներով և բացատրում փրկագործության մեծ խորհուրդը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: