Ա. Լոպուխին
6-10. Հուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առավ, որի անունը Թամար էր: [6] Հուդայի անդրանիկ որդի Էրը հաճելի չթվաց Տիրոջը, և Աստված առավ նրա հոգին: Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ և զավա՛կ պարգևիր քո եղբորը»: Երբ Օնանը հասկացավ, որ զավակը իրենը չի լինի, իր եղբոր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետնին, որպեսզի զավակ չտա իր եղբորը: Օնանի արածը Աստծուն դուր չեկավ, ուստի նրա հոգին էլ առավ: (Սինոդական թարգ․)
Հուդան իր անդրանիկ որդուն` Էրին, ամուսնացնում է (ըստ երևույթին, վաղ տարիքում) Թամարի հետ («արմավենի». Թամարի ծագումը նշված չէ, գուցե փղշտացի էր), բայց որդու վաղաժամ հանկարծամահ լինելը (անժառանգ) փաստում է, որ նա անհաճո էր Աստծուն (հմմ. Առակ., 10:27):
Հուդան կիրառեց հնագույն, այսպես կոչված, լևերատ ամուսնության սովորույթը, որն ավելի ուշ տեղ գտավ Մովսիսական օրենքում (Բ Օր. 25:5–10), (լատ. Levir՝ եբր. jabam, տեգր): Այսինքն, սա այն ամուսնությունն էր, երբ անժառանգ այրուն ամուսնացնում էին տեգրոջ կամ էլ ամուսնու մեկ այլ մերձակա արյունակից բարեկամներից մեկի հետ՝ վերականգնելու համար մահացած ամուսնու սերունդը: Արդյունքում այս նոր ամուսնությունից ծնված առաջնեկը ստանալու էր մահացածի անունը: (Լևերատ ամուսնության սովորույթը, որոշ փոփոխությամբ, գոյություն է ունեցել նաև եգիպտացիների, հնդկացիների մոտ, իսկ այժմ էլ մոնղոլական ցեղերի մոտ է հանդիպում): Հուդան Թամար հարսին կնության է տալիս իր երկրորդ՝ Օնան որդուն: Սակայն վերջինս իրեն դրոշմեց նողկալի մեղքով, որն էլ ստացավ նրա անունը՝ օնանիզմ: Նրա մեղքի ծանրությանը ավելանում է մահացած եղբոր, ում անունը պետք է կրեր միայն առաջնեկը, հիշատակի հանդեպ նրա անբարեհաճ վերաբերմունքից, ինչպես նաև շահադիտական նպատակով եղբոր ժառանգությունը ժառանգելու որոշումից: Աստծո պատիժը նրան էլ հասավ:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Յուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առաւ, որի անունը Թամար էր:
(Արարատ թարգ․) Եվ Հուդան իր առաջնեկ որդու՝ Էրի համար կին առավ՝ անունը Թամար:
(Գրաբար) Եւ առ Յուդա կին Էրայ անդրանկին իւրում, որում անուն էր Թամար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: