Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այդ ժամանակ սատանան թողեց Նրան, և ահա, հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին Նրան»։
Քանի դեռ պայքարը շարունակվում էր, Քրիստոս հրեշտակներին թույլ չէր տալիս հայտնվել, որպեսզի այդպիսով չխրտնեցներ սատանային` նախքան կորսար նրան։ Բայց երբ Քրիստոս ըստ ամենայնի մերկացրեց սատանային և նրան ստիպեց փախչել, հենց այդ ժամանակ էլ հայտնվեցին հրեշտակները։ Այստեղից պետք է գիտենաս, որ սատանայի նկատմամբ քո հաղթանակներից հետո ևս հրեշտակները քեզ ծափահարություններով կընդունեն ու բոլոր իրավիճակներում կպաշտպանեն քեզ։ Հրեշտակները ճիշտ այդ կերպ ընդունեցին և Աբրահամի գոգը տարան աղքատության, սովի և ամեն տեսակի վշտերի բովում թրծված Ղազարոսին։ Քրիստոս, ինչպես նախկինում ևս ես արդեն ասացի, այստեղ շատ նախօրինակներ ցույց տվեց ա´յն ամենի մասին, ինչը պետք է պատահի նաև մեզ հետ։ Այսպիսով, քանի որ այս ամենը տեղի ունեցավ հենց քեզ համար, ուստի դու էլ նախանձախնդի´ր եղիր ու ընդօրինակի´ր Փրկչի հաղթանակը։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան:
Ապա սատանան Նրան թողեց, և ահա հրեշտակները մոտեցան և ծառայում էին Նրան:
Հրեշտակները հեռու չէին Նրանից, մոտ էին: Որովհետև եթե հրեշտակների բանակը շրջապատում է Տիրոջից երկյուղածներին 170, որքա՛ն առավել հրեշտակների և սրբերի Տիրոջը: Սակայն քանի դեռ [Տերը] պատերազմում էր, թույլ չէր տալիս, որ նրանք երևան, որպեսզի թշնամին չկարծեր, թե հաղթանակը նրանց օգնությամբ է եղել: Այլ նախ հալածեց նրան և ապա հայտնեց հրեշտակներին, որպեսզի դու սովորես, որ քո փորձության ժամանակ էլ հրեշտակները մոտ են և հաղթանակիցդ հետո քեզ երկինք են ընդունելու, ինչպես որ Ղազարոսին էլ ցավերից ու սովամահ լինելուց հետո հրեշտակները հանգստացրին Աբրահամի գոգում 171:
Սակայն ի՞նչ է պետք հասկանալ այդ ժամանակ հրեշտակների ծառայություն մատուցելը: Երևում է, ինչպես ասում են ոմանք, դա կերակուր մատուցելն էր [Հիսուսին] մարմնի բնության կարիքների համար, բայց ոչ թե այստեղ եղած [կերակուրները], այլ որոնք հենց այդ ժամին [Տերը] ստեղծում էր արարչագործությամբ: [Ստեղծում էր] ոչ թե կարիքից հարկադրված, Նա, Ով մեզ պես չէր հարկադրվում [անելու] այն, ինչ չէր կամենում, այլ որպեսզի ամաչեցներ փորձչին, ով պահանջում էր քարերը հաց դարձնել: Ցույց տվեց, թե՝ «Ոչ միայն քարերից, այլև ոչնչից կարող եմ կերակուր ստեղծել, երբ կամենամ, որով արդարացվում է Հայրը, որ Ինձ Որդի կոչեց»:
Հարկավոր է քննել, թե ավետարանիչներն ինչպե՛ս են գրել այն փորձությունների մասին, որոնք իրենց աչքով չէին տեսել, քանի որ [Տերը] միայնակ էր անապատում, պատերազմն անմարմնական էր, և Տիրոջից էլ չէին լսել [այս մասին], որովհետև վայել չէ մտածել այսպիսի բան. չի երևում, թե որևէ սուրբպատմել է իր փորձությունների ու հաղթանակների մասին: Այլ այս մասին թող հավաստի [համարվի] հետևյալը: Ինչպես որ Հոբին փորձության ենթարկելու համար [սատանայի]՝ Աստծուն խնդրելու մասին 172 հնարավոր չէր, որ մարդը գրեր [այլ կերպ], եթե ոչ՝ աստվածային հայտնությամբ, քանի որ խոսակցությունն անմարմինների միջև էր տեղի ունեցել, և ինչպես որ Մովսեսը, թեպետ արարչագործությանը ներկա չէր, սակայն Հոգով գրեց Աստծո խոսելու և գործելու մասին, այդպես նույն Հոգով էլ [ավետարանիչները] գրեցին, թեև չէին տեսել ու լսել: Սրանից էլ պարզ է դառնում, որ ոչինչ չեն խոսել մարդկային իմաստությամբ, այլ Սուրբ Հոգուց շարժված, ո՛չ միայն սա, այլ Ավետարանի բոլո՛ր խոսքերը:
Սակայն փորձությունների հերթագայությունը Մատթեոսն ա՛յլ կերպ է ներկայացնում, Ղուկասը՝ այլ: Երկուսն էլ հույժ խորհրդաբար են [այդպես վարվում]: Մատթեոսը պահեցողության [փորձությունից] հետո Տաճարի աշտարակի [փորձությունն] է ներկայացնում և ապա՛ լեռան, ինչը ցույց է տալիս հաղթողների օրինակը: Երբ մեկը պահքով է ճգնում, փորձիչը [նրա հետ] փառասիրությամբ է պատերազմում, և եթե դրանից [մարդը] չի ընկճվում, [փորձիչը] ջանում է [ընկճել] ագահության ախտով: Եթե սրան էլ է [մարդն] ընդդիմանում, հաղթում է չարի խորհուրդին: Իսկ Ղուկասը պահեցողության [փորձությունից] հետո նախ լեռան [փորձությունն] է ներկայացնում և ապա՛ աշտարակինը: Սա ցույց է տալիս պարտվողների կարգը: Երբ մեկը հաղթվում է որկրամոլությունից, հարկադրված հանձնվում է ագահությանը՝ որովայնի պեսպես ցանկությունները բավարարելու համար: Եվ մինչ սրանց մեջ ուզածի պես ուռճանում է, մտածում է փառքի բարձունքի մասին՝ ո՛չ աստվածային բաների, այլ աշխարհի հարստության: Սրանից էլ հաղթվելով՝ չարի ծառայության տակ է ընկնում:
Ի՞նչ պետք է հասկանալ նաև Մարկոսի այն խոսքը, թե [Տերը] գազանների հետ էր 173: Հասկանում ենք, որ սա ասվում է ոչ միայն խոր անապատի պատճառով տեսանելի գազանների հետ լինելու մասին, այլև աներևույթ գազանների, ոչ թե մեկ կամ սակավաթիվ, այլ բոլոր: Թեպետ տեսնում ենք, որ փորձությունների հարցում ներն ուղղվում են մեկի կողմից, այսինքն՝ դևերի իշխանի, սակայն նրա հետ էր նաև նրա բովանդակ գունդը, որը նրա հետ ընկավ երկնքից, և նրանց է [Մարկոսը] «գազաններ» կոչում հոգնակի թվով: Որովհետև երբ տեսան ու լսեցին Հորդանանում [Հիսուսի] հետ տեղի ունեցած նորահրաշ բաները, ահով լցվեցին, և երբ Նա այն անապատը ելավ, հավաքվեցին այդ պատճառով՝ տարբեր փորձություններով տեսնելու Նրա զորությունը:
Պետք է քննել նաև այն, թե ինչո՛ւ երեք ավետարանիչները գրեցին փորձությունների մասին, իսկ Հովհաննեսը՝ ոչ: Պատճառն այն է, որ այդ փորձություններն ըստ մարդկային բնության էին, և [առաջին երեք ավետարանիչները Տիրոջ] մարդեղությունից սկսեցին պատմել, ուստի իրավացիորեն գրեցին նաև փորձությունների մասին: Իսկ Հովհաննեսը, քանի որ սկսեց [գրել] Նրա աստվածությունից, չէր կարող [փորձությունների] մասին գրել, որովհետև Աստված չի փորձվում որևէ կերպ՝ ըստ Հակոբոս առաքյալի 174:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: