Ա. Լոպուխին
13-15․ Զաբուղոնը ծովի եզերքին պիտի բնակվի, ու նավահանգիստ պիտի լինի, և նրա սահմանը մինչև Սիդոն պիտի հասնի: [13] Իսաքարը մի ամրապինդ էշ է՝ պառկած գոմերի մեջտեղում: Եվ երբ տեսավ, որ հանգիստը լավ է, Եվ երկիրը՝ գեղեցիկ, Իր ուսը ծռեց բեռ կրելու համար Եվ հարկատու ծառա դարձավ։ (Սինոդական թարգ․)
Հակոբի՝ Լիայից ունեցած վերջին երկու որդիների՝ Զաբուղոնի ու Իսաքարի ցեղերի բախտի մասին (կրտսեր եղբոր մասին, չգիտես ինչու, առաջինն է խոսվում): Զաբուղոնի ցեղին՝ որպես վերջինիս հարստության աղբյուր (Բ Օր. 33։19), ծովափնյա դիրք է խոստացվում (այն ընկած էր Գալիլեական ու Միջերկրական ծովերի միջև). նրա սահմանը հարավում հասնում է մինչև Սիդոն (Տյուրոսի մասին հիշատակություն չկա. այն երևան է եկել ավելի ուշ՝ մ․թ․ա․ մոտ 1200 թ.: Այս փաստը բերվում է որպես մարգարեության հնության ապացույց): Նշված սահմանին (Հեսու. 19։10 և հաջորդ համարները) երբեք չհասնելով՝ Զաբուղոնի ցեղը գլխավորապես ապրում էր միջազգային առևտրին մասնակցելով:
Իսաքարի ցեղին հողագործության և անասնապահության համար բարեբեր տարածք պետք է հատկացվի. ցեղի խորհրդանիշը փարախների միջև պառկած ամրակազմ էշն է (սա է եբրայերեն «mishpetaim» բառի առավել ճշգրիտ իմաստը, ռուսերեն՝ «протоки вод», սլավոներեն՝ «пределы»): Այս համեմատությունը ոչ մի վիրավորական բան չի պարունակում (արևելյան էշն ավելի գեղեցիկ է եվրոպականից), թեև այն բնութագրում է Իսաքարի ցեղի ավելորդ կապվածությունը հողագործությանն ու անասնապահությանը, ինչպես նաև ռազմական ու քաղաքական գործունեության նկատմամբ բացարձակ անտարբերությունը՝ պատերազմելու փոխարեն ստրկության նախընտրելը: Երկու ցեղերի տարածքները մանրամասն նկարագրում է Հովսեփոս Փլավիոսը («Հրեական պատերազմի մասին», Գ. Գիրք, 3։1, 2):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստ ու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:
(Արարատ թարգ․) Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում։ Եվ կլինի նավահանգստում, Եվ նրա սահմանը մինչև Սիդոն կհասնի:
(Գրաբար) Զաբողոն` յեզերս ծովու բնակեսցէ, եւ ինքն նաւահանգիստ նաւաց. եւ ձգեսցէ մինչչեւ ի Սիդոն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: