Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ այս լուրը տարածվեց այդ ողջ երկրով մեկ»։
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:25
 
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:
 
 Եվ այս մասին լուրը տարածվեց այդ ամբողջ երկրով:
 Ինքը հրամայեց, որ ոչ ոքի չասեն, բայց հրաշքի լուրը մի տեղ չմնաց, այլ տարածվեց՝ ըստ այսմ. «Չի կարող թաքնվել այն քաղաքը, որ լեռան վրա է կանգնած» (Մատթ. 5։14): Բայց ես հիանում եմ այստեղ եղած այլաբանության կարգի վրա: Որովհետև երբ Հիսուսը մարմնով եկավ այս աշխարհի իշխանի տունը, տեսավ այն հուսահատությունը, որ այս աշխարհում սերմանվել էր հարության հանդեպ, քանի որ [մեռելների վրա] սաստիկ ողբուկոծով իրենց մարմինն արյունլվա էին անում, մազերը պոկում՝ չարից սովորած լինելով, և հարություն քարոզեց բազմիմաստ և բազմատեսակ խոսքերով ու գործերով՝ ասելով. «Ով հավատում է Ինձ, թեկուզ մեռնի, ապրելու է» (Հովհ. 11։25): Մահը քուն է համարվում [Քրիստոսի] առաջին գալուստից մինչև երկրորդը՝ ըստ այսմ. «Ննջեցին և քուն մտան» (հմմտ. Մատթ. 25։5):
 Բայց որոշ վայրենամիտ մարդիկ չլսեցին ավետարանի ուսմունքին, և նրանց մասին առաքյալն ասում է. «Ինչպե՞ս են ձեզնից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա.... միթե ովքեր ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն» (Ա Կոր. 15։12, 18), և թե՝ «Չեմ կամենում, որ տրտմեք ննջեցյալների վերաբերյալ, ինչպես ուրիշները, որ հույս չունեն» (Ա Թես. 4։12), ովքեր քամահրելով ծիծաղում էին, բայց «երբ դուրս եկավ ամբոխը», այսինքն՝ մեր ադամածին բնության լրումը՝ մարդկության համար Արարչի սահմանած թվաքա-նակով ամբողջացած՝ մանուկներով ու երիտասարդներով, տղամարդկանցով ու կանանցով, ինչպես ամբոխը, այդ ժամանակ Անդրանիկն աշխարհ մտավ՝ ըստ առաքյալի. «Տերն Ինքը հրեշտակապետի ձայնով, վերջին փողահարությամբ, [կգա], և ի Քրիստոս մեռելներն առաջինը հարություն կառնեն» (հմմտ. Ա Թես. 4։15): Եվ «ամենքը», այդ աղջկա նման, «կլսեն Աստծո Որդու ձայնն ու դուրս կգան» (Հովհ. 5։28-29)՝ [Աստծո] ներգործությամբ՝ ասես [Նրա] ձեռքով: Եվ հողում տարրալուծվածներն ու անկերպ նյութի վերածվածները հարություն առնելով կկանգնեն և արթնանալով կցնծան: Այստեղից ճշմարիտ [հարության] լուրը կտարածվի ամենքի մեջ, մանավանդ այն երկրում, որ հեզերի ժառանգությունն է (Սաղմ. 36։11, Մատթ. 5:5), և հողեղենները, միախառնվելով հրեղեններին, «ամեն ժամ Տիրոջ հետ կլինեն» (հմմտ. Ա Թես. 4։16):
 Իսկ [հարություն առածին] հորը հանձնելը [խորհրդանշում է] թագավորությունը Հայր Աստծո ձեռքը տալը (Ա Կոր. 15։24). նաև՝ «Ահավասիկ ես և իմ մանուկները, որոնց տվեց ինձ [Աստված]» (Ես. 8։18): Եվ հարությունից հետո [Տերը] Հոր սեղանից նրանց ուտել է տալու նոր գիտությունը, նրանց, ովքեր օրհնում են Փրկչին Հոր և Հոգու հետ հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: