Վարդանն ինձ ազատեց վանական բոլոր պարտականություններից ու ծեսերից, բացի կիրակնօրյա Սուրբ Պատարագից, և վանքի նկուղային սենյակներից մեկում ինձ բանտարկեց` ետևիցս դուռը կողպելով: Ինքն էր միայն ինձ այցելում և ճաշ բերում: «Այս բանտը դրախտի կվերածվի, երբ ամբողջ էությամբդ Աստծուն սիրել սովորես: Մինչ այդ այն դագաղդ է: Այս աշխարհը բոլոր մարդկանց համար զարդարված դագաղ է, այնքան հարուստ, որ ոչ ոք այնտեղից դուրս գալ չի ուզում: Դու, սակայն, ուզելու ես փրկվել նրա ահավոր մերկությունից, իսկ դրա միակ ճանապարհը սերն է` աստվածային սերը: Աստվածային այդ սերը քեզ մանրելու և փոշիացնելու է, մինչև որ «ուղտն ասեղի ծակով անցնի»:
Իսկապես, այդ խցիկում բանտարկված` Աստծուն սիրելուց զատ ուրիշ բան չունեի անելու: Եթե այստեղ չկարողանայի Աստծուն սիրել ամբողջ էությամբս, ուրիշ էլ որտե՞ղ պիտի կարողանայի: Փոքրիկ պատուհանից լույսը ծորում էր հատակի վրա` կետի տեսք թողնելով: Խոշորացույցը, տափակ փայտի կտորն ու Դիոնիսիոսի յոթէջանոց գրքույկը մոտս էին: Փայտի ճիշտ կենտրոնում մի կետ բացեցի` խոշորացույցով այրելով, և դրա տակ գրեցի. «Կետն Աստծո երեսն է»: Դժվար էր երկար նայել կետին, որովհետև երբ ուշադիր դիտում էի, հանկարծ կորչում էր տեսադաշտիցս: Մի պահ դիտելուց հետո կետը վերածվում էր ամբողջության, իսկ
ամբողջությունը՝ կետի: Աստված ասես ինձ աչքով էր անում կետի միջից. երբ փորձում էի ներս մտնել, Աստված կորչում էր ամբողջի մեջ: Իմ և Կետ-Աստծո միջև հետաքրքիր թաքստոցի-խաղ սկսվեց: Մարդկային բոլոր հատկանիշներից Աստված մերկանում էր` կետի ետևում թաքնված խորհրդի վերածվելով:
Սուրբ Դիոնիսիոսի գաղափարներն ամբողջովին ինձ համոզել էին այն, որ Աստծուն գտնելու համար պետք է Աստծո վերաբերյալ բոլոր գիտելիքներից հրաժարվեմ և մուտք գործեմ անգիտության ոլորտ: Սուրբի տրամաբանությունը շատ պարզ էր. Աստծո մասին մեր բոլոր իմացածներն ու անվանումներն արարածների աշխարհից են փոխառվել` մարդկային մտքի մաղով անցնելով: Նույնիսկ Աստված Իր մասին խոսելիս ստիպված է լինում գործածել մարդկային բառեր, որպեսզի արարածներն ու մարդկային հարաբերություններն առհասարակ դրանցով նկարագրվեն: Միտքը կարող է միայն այս բառերն ըմբռնել ու գործածել, իսկ Աստված անեղ է և բոլորովին տարբեր Իր արարածներից: Աստվածաբանությունը հավատացյալին կարող է միմիայն դեպի նշանակետ ուղղությունը ցույց տալ, բայց չի կարող տալ «նշանակետը», որ Աստված է: Ուստի հավատացյալը առ կենդանի Աստված գնալու ճանապարհին պիտի հրաժարվի իր համար թանկագին գաղափարներից` մեկ առ մեկ քննելով, որ դրանք Աստված չեն և չեն կարող Աստծուն ճշգրիտ ներկայացնել: Աստծո վերաբերյալ բառերը, անունները, գաղափարները պետք է սանդուղքի աստիճանների նման օգտագործել, նրանց վրա կանգնել, քննարկել ու որոշել, որ նրանք Աստված չեն և ժխտելով այդ ստորագրյալները` դեպի վեր ընթանալ: Օրինակ` Աստված լույս է, բայց Նա մեր իմացած լույսը չէ: Աստված սեր է, սակայն մեր իմացած բոլոր սերերն արարածներին են պատկանում: Աստվածային սերն ի՞նչ է. մենք չենք կարող ըմբռնել: Ըստ Սուրբ Գրքի, Աստված «Հայր» է, բայց մեր մարմնավոր հայրերին որքանո՞վ է նման: Սուրբն այնքան անխղճորեն էր Աստծո վերաբերյալ բոլոր անունները ժխտում, որ ի վերջո, միայն մնում էր փառավոր «խավարը»,
ուր Աստված թաքնվել է Իր իսկությամբ: Աստվածային խավարը մտքի համար խավար է անհրաժեշտությունից ելնելով և ոչ թե իր էությամբ, որ ինչ-որ տարբերություն ունի խավարից և բարձր է լույսից:
Մի օր Վարդանը նետ ու աղեղով ներս մտավ. շատ թանկարժեք աղեղ էր` ոսկեզօծ ու սադաֆից պատրաստված: Բաղեշի կառավարիչ թուրք փաշան էր նրան նվիրել որպես երախտագիտության նշան: Որսի ընթացքում, երբ փաշան դաշտում սեղանի շուրջ ուրախանալիս է լինում, հանկարծ տեսնում է Վարդանին ու երեք հայ վանականի, որ այդ տեղերով են անցնելիս լինում: Փաշան նրանց ճաշի է հրավիրում և հարգալից պատվի արժանացնում: Ճաշի ավարտին Վարդանը շնորհակալություն է հայտնում փաշային և ասում. «Աստված պիտի ուրախացնի ազնվասիրտ փաշային և նրա տխրությանը վերջ պիտի տա»: Փաշայի զարմացած
երեսին նայելով` Վարդանը մարգարեանում է. «Այս տարի փաշայի որդին, ի վերջո, զավակ պիտի ունենա իր երկրորդ կնոջից»: Փաշան զարհուրում է. «Բայց դու որտեղի՞ց գիտես այս բոլորը, դու ո՞վ ես»: Վարդանը ժպտալով շարունակում է. «Մենք չգիտենք, թե ում ենք հյուրասիրում, երբ Աստծո անունով մեկին ընդունում ենք: Դուք եկող տարի այս ժամանակ ձեր առաջին թոռնիկին պիտի սիրեք: Տուրսուն պիտի լինի նրա անունը»: Այդ ժամանակ փաշան, ծնկների վրա ընկած, սկսում է Վարդանի ձեռքը համբուրել` ասելով. «Տեսնում եմ, որ դու սուրբ էվլիա ես: Տուրսուն իմ մեռած եղբոր անունն էր: Պատերազմի ընթացքում նա իմ ձեռքերի վրա հոգին ավանդեց, և ես երդում էի տվել, որ առաջին թոռնիկիս նրա անունով պիտի կոչեմ»: Ահա փաշան ուրախացած ուզում է իր ոսկիներից Վարդանին տալ, բայց նա, բնականաբար, մերժում է: Այդ պահին փաշան իր թանկարժեք աղեղն ու նետերն է Վարդանին նվիրում, որոնք որպես զարդ և հիշատակ պահում էր իր աշխատասենյակի պատի վրա կախված:
Չգիտեի, որ այս աղեղը մի օր հոգևոր գործի համար պիտի ծառայի, և ես, այն որպես օրինակ վերցնելով, դաս պիտի տամ իմ աշակերտին: Նայի՛ր, եթե այս աղեղը որպես աստվածաբանություն ընդունենք, ըստ Սուրբ Դիոնիսիոսի, հավատացյալը, որ կույր է, իր խելքը որպես նետ զետեղում է նրա մեջ: Ընդունենք` այս սենյակը տիեզերքն է, իսկ արևը` Աստված: Նետաձիգը երբեք արևը չի տեսել, սակայն սովորել է, որ արևը տիեզերքից վեր ու բարձր է, ուստի եթե կարողանա տիեզերքից դուրս ելնել, կարող է արևին հասնել: Իր աղեղի շնորհիվ նետը դեպի արևն է ուղղում և ուզում է հասնել ու որսալ արևը: Իր խելքը հավատով լարում է` նետարձակելու համար դեպի արևը:
Վարդանն աչքերը փակում է և նետը, որ պարանով իր մեջքին էր կապված, պատահական քաշում է: Նետը մխրճվում է պատի մեջ: Վարդանը հետ է քաշում ու կրկին արձակում, և նետը, այս անգամ պատին խփվելով, ընկնում է:
– Ահա, սխալ աստվածաբանությունները խելքը սխալ ուղղությունների են առաջնորդում, ինչը միշտ հուսախաբությամբ է վերջանում: Հավատացյալի միտքը միշտ արարածի է հանդիպում և ոչ թե կենդանի Աստծուն: Տարօրինակ երևույթներից կամ առեղծվածային գաղափարներից հափշտակված` հանդիպում է սատանային, հրեշտակներին, դևերին, այլ հոգիների և էներգիաների՝ դրանք աստված կարծելով: Հետևաբար Դիոնիսիոսը մեզ սովորեցնում է, որ եթե բոլոր այդ արարածների մեջ սպրդես, դեպի արևը տանող ճանապարհը «դատարկություն» է: Մերժել բոլոր արարածներին և միտքն ուղղել դեպի այդ դատարկությունը. նրա առաջարկած ժխտական աստվածաբանությունն այդ բացը գտնելը և խելքն այնտեղից դեպի արևն ուղղելն է:
Վարդանը կրկին աչքերը փակեց և սկսեց ձեռքերով պատերը շոշափել: Քարերին մեկ առ մեկ դիպչելով` ասում էր.
– Սա քար է և ոչ թե դատարկություն: Սա էլ դատարկություն չէ, սա էլ չէ: Աստված լույս չէ: Նա խավար էլ չէ: Աստված ո՛չ ժայռ է, ո՛չ էլ ջուր խմելու, ո՛չ միություն է, ո՛չ էլ բազմություն: Նա մեր իմացած Եռյակի նման էլ չէ: Ո՛չ մեր իմացած Հայրն է, ո՛չ էլ Որդին: Անշուշտ, Նա աղավնի էլ չէ, Նա բոլորովին տարբեր է: Ահա սա է դատարկությունը, սա է դեպի Աստված բացվող պատուհանը: Դիոնիսիոսն ուզում է ասել, որ խելքդ այդ դատարկությունից դո՛ւրս ուղարկիր, որովհետև դա է Արևի ճանապարհը:
Վարդանը պատուհանից դուրս գցեց նետը, ապա ետ քաշեց և մի քանի անգամ նույնը կրկնեց և ինձ հարցրեց.
– Հասկացա՞ր:
– Այո՛, հա՛յր սուրբ, բայց նետը ոչինչ չորսաց, դատարկ վերադարձավ նետաձիգին: Խելքը չհասավ առ Աստված և չկարողացավ Արևին խփել:
– Հա՛, հա՛, հա՛, ահա դա է անկյունադարձը, դա է մտքի մեծագույն հեղափոխությունը, որ հավատացյալը կարող է ունենալ: Այդ անճարակ փորձերից հետո միտքը համոզվում է, որ արևին հասնելը իր գործը չէ և ուրեմն խոնարհվում է այս մեծ «Խորհրդի» առջև` սրտին ճանապարհ տալով, որպեսզի այն փորձի հասնել:
– Իսկ սրտին հաջողվո՞ւմ է այդ անել, հա՛յր սուրբ. կարո՞ղ է արևը որսալ:
– Այո՛, այն ուրիշ ճանապարհ գիտի. ոչ թե գրավել, այլ գրավվել, ոչ թե խփել, այլ խփվել: Սիրտը մեծ աման է, ոչ թե մկաններից, այլ հոգուց են նրա պատերը շինված: Այն նաև գիտի սիրել և արևի հետ սիրո պարը պարել: Այն չի գնում դեպի արևը, այլ սպասում է, որ արևն իրեն այցելի:
Վարդանը ծնրադրեց և ձեռքերը վեր բարձրացրեց աղոթելու նման: Քիչ հետո կարծես հրաշք պատահեց: Առավոտյան արևը սկսեց մուտք գործել պատուհանից ներս ու Վարդանի վրա ծորեց` նրան ողողելով գեղեցիկ, կենսուրախ լույսով:
– Աստված Իր Սուրբ Հոգով գալիս է սիրտը համբուրելու, և սիրտն արևի համն է ճաշակում, ինչպես Քրիստոս խոստացավ. «Ահա ես դռան առջև եմ ու բախում եմ: Եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, ներս կմտնեմ և նրա հետ կընթրեմ, նա ել` Ինձ հետ»: Ահ, դա այնպիսի խրախճանք է, որ մարդուս ամբողջ էությունն է գինովացնում, միտքն էլ ներքև` սիրտն է իջնում և հագենում երկնային մեղրով:
Վարդանը ոտքի ելավ, դեպի ինձ թեքվեց ու հարցրեց.
– Հասկացա՞ր:
– Այո՛, հասկացա,– պատասխանեցի,– բոլոր հարցերիս լիուլի պատասխաններ տրվեցին:
– Շատ լավ,–ասաց Վարդանն ու վերցրեց Դիոնիսիոսի գիրքը, խոշորացույցն ու փայտը, որի վրա Կետ-Աստծո երեսն էի գծել:
– Այլևս սրանց կարիքը չունես, արդեն փառավոր պատուհան ունես: Ուզածիդ չափ վայելի՛ր, այժմ մնաս բարով:
Ես սկսեցի դիտել պատուհանը, որտեղից օրերով և գիշերներով միտքս դեպի ունայնություն ուղղեցի: Ամբողջ էությունս մեծ անդնդի վերածվեց, ներաշխարհս տխրեց ու չորացավ: Մտքիս համար ոչ մի բռնվելու տեղ, կռթնելու ոչ մի հենարան չկար: Մինչև այսօր իմ իմացած ամեն բան մերժում էի, որովհետև նրանք Աստված չէին: Աստծո և իմ միջև մեծ անջրպետ գոյություն ուներ, և այդ ունայնության մեջ միտքս Վարդանի նետի նման միշտ վայր էր ընկնում, որովհետև բռնվելու տեղ չուներ: Հաճախ էր միտքս այդ մերկության դեմ ապստամբում: Տեսիլքներ, ձայներ, գույներ էին գալիս` միտքս զբաղեցնելու, բայց ես բոլորն էլ մերժում էի: Մի օր հայտնվեցի ունայնության մեջ, և միտքս այնքան խաղաղ էր, որ ուրիշ ոչ մի բան այլևս չէր փնտրում: Դա Աստծո ճանապարհի վրա վերջին կայարանն էր: Միտքս հասել էր իր բնական վիճակին` իր վերջին նավահանգստին. Չէր գտել Աստծուն, բայց մոտեցել էր Նրան ամենամոտ մերձավորությամբ: Ի՜նչ լավ էր այնտեղ: Չգիտեմ` քանի ժամ էի գնացել, բայց երբ արթնացա, անթարգմանելի մի կատարելություն էր ինձ պարուրել, այնքան լավ էի զգում թե՛ հոգով, թե՛ մարմնով: Լցված էի ուժով և զորությամբ: Վարդանին հարցրի այդ վիճակի մասին, գոհունակ դեմքով ժպտաց և ասաց.
– Միտքդ ինչպե՞ս էր մորդ արգանդում և կամ առաջին ամիսներին, հիշո՞ւմ ես:
– Ոչ ոք չի կարող հիշել այդ ժամանակները: Հավանաբար հիշարժան որևէ բան չի պատահել:
– Իսկ ես քեզ ասում եմ, որ մեր մտքի ամենակարևոր ու փառավոր գործունեությունն այդ ժամանակներում է պատահում: Ի՞նչ կասես:
Նայեցի Վարդանի երեսին չհավատալով, իսկ նա Քրիստոսի խոսքերից մեկը մեջբերեց` դեմքիս ծիծաղելով.
– «Մանուկների հրեշտակները տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է»: Ասա՛ ինձ, Հովհաննես Մկրտիչն ինչպե՞ս շարժվեց իր մոր որովայնում, երբ մայրը լսեց Մարիամի ողջույնը: Եվ մենք ինչո՞ւ ենք մանուկներին մկրտում. Մտքի ամենազորավոր վիճակն իր մտածած պահը չէ, այլ մտածելուց դադարած, հանգիստ առած պահն է, երբ այն վերածվում է հայելու և ստանում աստվածային ճառագայթները: Ինչո՞ւ է, որ ամեն գիշեր քնում և միշտ թարմացած ու նորոգված ենք արթնանում: Խոր քունը՝ աներազ և անհիշատակ, ի՞նչ է անում մեզ: Արդյո՞ք մեզ արգանդային վիճակին է վերադարձնում, և մենք տեսնում ենք Աստծո երեսը, որ հավասարապես է ժպտում թե՛ բարիներին, թե՛ չարերին: Իսկ եթե մեկը գիտակցաբար է սպասում` Աստծո ներկայության առջև միտքն առկախելով, ի՞նչ է պատահում. Եսայի մարգարեի ասածը. «Աստծուն սպասողները չեն հոգնում, այլ արծվի նման թևերն ընդարձակելով` հանգստանում են: Երիտասարդները հոգնում են ու տկարանում, բայց Տիրոջը սպասողները երբեք չեն հոգնում»: Երբ միտքդ սկսում է հաճույք ստանալ աստվածային ունայնության մեջ հանգստանալիս, սիրտդ սկսում է արևի այցելությանը պատրաստվել: Թեև միտքն այդ վիճակում հիշելու և մտածելու բան չունի, բայց գոհանում է` իմանալով, որ դատարկությունն այնքան էլ դատարկ չէ, այլ ճշմարիտ լեցունություն, որ ներառում է բոլոր սերմերն ընդգրկող հողը՝ աստվածայինը:
Վարդանն ինձ խցից դուրս հանեց ու վանական բնականոն կյանքին վերադարձրեց:
– Միտքդ այլևս արգելք չպիտի լինի սրտիդ շարժումներին, այլ պիտի օգնի նրան` իր հանդարտությամբ սպասելու արևի այցելությանը:
Իրապես, կյանքս բոլորովին փոխվեց: Այդ դատարկությունը կարծես հոգիս իսպառ դատարկել էր ամեն ավելորդությունից: Եկեղեցու աղոթքներն ու շարականներն արդեն այլ կերպ էին դուրս գալիս բերանիցս: Երբեք չէի մտածել, որ բառերն այդքան հզոր կարող են հնչել և ազդել հոգուս վրա: Կարծես թե նոր էի բոլոր բառերը սովորում, առաջին անգամ երկրպագություն անում: Խնկի հոտը երբեք այդքան հաճելի չէր եղել: Բնքնաբերաբար, առանց իմանալու իմ մեջ հեղափոխություն էր տեղի ունեցել: Վարդանն ասաց, որ հոգուս մեջ նոր տեղ է բացվել ամեն ինչի համար: Երբ աստվածային ունայնության մեջ մտած միտքը ետ է դառնում, բառերի ճիշտ իմաստների վերաբերյալ հատուկ հասկացողություն է ձեռք բերում, որովհետև այդ ունայնությունը բոլոր իմաստների արգանդն է, որտեղից ծնունդ են առնում նաև բոլոր գաղափարները: Վարդանը խոստովանեց, ի վերջո, որ արևի և նետի միջև, այսինքն` Աստծո և մարդկային մտքի միջև ձգվող այդ ունայնությունը կամ դատարկությունն Աստծո Բանն է, Լոգոսը, Աստծո Միտքը, որի մեջ են բոլոր մտքերի արմատները թաղված, որոնք սնվում են Իրենից` առանց իմանալու, թե ինչպես: Դու հայտնում ես Նրան քո իղձերն ու փափագները, որ ուզում ես հասնել արևին, և Նա, իմանալով քո սերն արևի հանդեպ, վարձատրում է քեզ ջանքերիդ դիմաց: Ձկնորսը դատարկ ծովն է նետում իր ուռկանը և ձկներով լեցուն այն դուրս է քաշում, այդպես չէ՞: Վարդանն իր իմացած քարայրներում ինձ արդեն տալիս էր քառասուն օրվա առանձնության արտոնություն:
– Բոլոր քարայրները նույն ազդեցությունը չունեն,– ասում էր նա,– մի շարք քարայրներ նույնիսկ խենթացնում են ոչ փորձառու ճգնավորներին, որովհետև բացսական դաշտում են գտնվում, կամ այնտեղ «չբարիներ» են բնակվում: Այդպիսի վայրերը շատ ընտիր են ճգնավորի համար, երբ նա բավականին զորանում է և իր հոգևոր մկանները փորձության ենթարկելու համար Սուրբ Հոգուց մղվում դեպի այդ վայրերը այնպես, ինչպես մեր Տերն անապատ տարվեց, կամ ինչպես սուրբ Անտոն անապատականն էր համառորեն հեթանոսների գերեզմանատան դամբարաններում օրեր ու գիշերներ անցկացնում չբարիներին հանդիպելու և այդ հողաշերտը նրանց ձեռքից գրավելու համար:
– Ինչո՞ւ ես «չբարի» կոչում սատանային ու դևերին և նրանց անունները չես տալիս:
– Շշշ...,– արեց Վարդանը` մատը շուրթերի վրա դրած,– մեր որոշ հայրեր երբեմն այդ անվանումն իրենց գրություններում գործածում են, որպեսզի իրենց բերանում հաճախ չառնեն չարի անունը: Արդեն քաջ գիտես բառերի զորությունը հոգևոր աշխարհում, որտեղ էակներն իրար հետ հաղորդակցվում են հարազատ զգացումներով և անուններով, որոնք բոլորի կենդանի հասցեներն են: «Տեր Աստծուդ սուրբ անունն իզուր տեղը բերանդ չառնես», որովհետև Տերը հատուկ կերպով է ներկայանում այնտեղ, որտեղ Իր Սուրբ Անունն է կանչվում: Հիշո՞ւմ ես կապակցությունը «կետի» և «ամբողջության». ահա այդպես Աստված և Իր Անունը: Այդ է պատճառը, որ խստիվ արգելված է կանչել մեռելների հոգիները կամ դևերի կախարդական անունները, որոնք առիթ են փնտրում մարդկանց կյանք թափանցելու: Հիմարները կարծում են` այդ ամենը հաճույք է, բայց Աստծո խոսքը զգուշացնում է. «Իր ձեռքն օձի բնից ներս մտցնողը նրա իսկ կողմից կխայթվի»: Դու առանձին ես անցկացնելու ժամանակդ անապատում, որ չբարիների ու բարիների բնակավայրն է: Շատ կարճ ժամանակում կհասկանաս, որ այդ ամայություններն այնքան էլ ամայի չեն, որքան դու կարծում էիր:
Ասածները ճիշտ էին, և ես այդ բոլորը տեսա, սակայն ներո՛ղ եղեք, չեմ ուզում խոսել, մանավանդ որ արտոնված էլ չէ ինձ շատ բաների մասին խոսել: Նույնիսկ եթե խոսեմ էլ, իմաստ չի ունենա ձեզ համար: Քարայրներում անցկացրած քառասնօրյա շրջանում Վարդանն ինձ արտոնել էր մենակ մի նյութի մասին մտածել: Մտածելու արվեստի մեջ նա մոլեռանդորեն «կետի» կողմնակիցն էր: Ըստ Վարդանի` Արքայության դուռը «կետն» էր, և միայն հզորներն են ջարդելով այնտեղից ներս մուտք գործում: Իսկ շփոթված միլիոնավոր մարդիկ նման են քաղցած շան, որ հարյուրավոր ոսկորների դաշտում շվարած, ոսկորներից մեկը թողնելով` մյուսի վրա էր անհագորեն հարձակվում` ջանալով ամբողջը միանգամից ուտել:
– Ուզում եմ, որ այս անգամ «շնորհի» մասին մտածես,– ասաց ինձ:
– Եթե ուզում ես, այդ նյութի վերաբերյալ քեզ երեք ժամ բանախոսություն կտամ,– պատասխանեցի ինքնավստահ:
– Իսկապե՞ս: Շատ լավ, ուրեմն կարո՞ղ ես ինձ ասել, թե որոնք շնորհ չեն:
– Մեղքն ու չարը:
– Մեղքն ու չա՞րը: Դրանք Աստծո մեծագույն շնորհներն են, վարդապե՛տ:
Երբ Վարդանն իմ ապշած դեմքը տեսավ, ծիծաղեց:
– Երեք ժամ պիտի խոսեիր ու դա չգիտեիր, հա՞, ահա ա՞յս է քո գիտությունը: Քառասուն տարի աստվածաբանություն ես սովորել երեք ժամ շնորհի մասին խոսելու համար: Հիմա քառասուն օր պիտի մտածես, թե ինչը շնորհ չէ:
Վարդանը գնաց, և ես սկսեցի առանձին օրեր ու գիշերներ մտածել, մինչև որ կամ ուղեղս էր կանգ առնում մտածելուց, կամ քունը գրավում էր աչքերս: Եթե նույնիսկ մեղքն ու չարն են Աստծո շնորհ, ուրեմն ի՞նչն էր մնում. ամբողջ տիեզերքը, ստեղծված ամեն ինչ շնորհ է, Աստծո նվեր: Վարդանը, սակայն, հարցրել էր, թե ինչը շնորհ չէ: Երեսուն օր հետո կրկին ինձ այցելեց և անճարակությունս տեսավ:
– Չկա, հա՛յր սուրբ, չկա: Ամեն ինչ շնորհ է: Ամբողջ տիեզերքը շնորհի օվկիանոս է, և ամեն ինչ Աստծո ժպիտի նվերն է, Նրա սրտի ծաղիկները` մեզ պարզված: Չկարողացա նույնիսկ մեկ բան գտնել, որ շնորհ չլինի: Տեսա, որ նույնիսկ մեր բարի գործերը, վերջին հաշվով, Աստծո շնորհներն են:
– Դու մտքովդ փորձեցիր պատասխանը գտնել: Հիմա հարցրո՛ւ «Իմաստությանը», որպեսզի Նա քեզ շնորհ անի:
Գիտես, որ շնորհ կա, որ օգնում է հայտնաբերել երազները, հանելուկներն ու գաղտնիքները, ինչպես Հովսեփ Գեղեցիկը, Դանիել մարգարեն ու Սողոմոն թագավորը նրանից օգտվեցին և բազմաթիվ խնդիրներ հրաշալիորեն լուծեցին:
Երբ սկսեցի Աստծուն աղաչելով հարցնել` կոչ ուղղելով Նրա «Իմաստությանը», սկսեցի զանազան ձևերով Մարիամ Աստվածածնի տեսիլքները տեսնել: Նա, սակայն, ինձ հետ չէր խոսում, և աղաչանքներս անպատասխան էին մնում: Հանկարծ իմ մեջ մի զգացում ծնվեց. նրա ներկայության առջև կանգնելն ու նրա գեղեցկությունը վայելելը հազար հարցերի պատասխանից ավելի թանկագին էին: Ես հասկացա, որ երկնային էակներն ավելի կարևորություն են տալիս ընկերությանն ու սիրուն, քան գիտությանը: Երեսունիններորդ օրը Տիրամայրն ինքը տեսիլքի մեջ ինձ հարցրեց. «Ի՞նչ է, որ շնորհ չէ»: Ես լալով պատասխանեցի. «Դու գիտես, ո՛վ Մայր, դու գիտես»: Այդ ժամանակ ձեռքը մեկնելով` երկինքը ցույց տվեց: Հանկարծ մի թռչնի թևահարության ձայն լսեցի: Աջ ուսիս շուրջը մի սպիտակ աղավնի էր թռչում: Երբ փորձում էր ուսիս վրա թառել, տեսիլքից արթնացա: «Աղավնի», այսինքն` Սուրբ Հոգու խորհրդանիշը: Սուրբ Հոգին, որ պարգևիչն է բոլոր շնորհների, սակայն և այնպես Ինքը շնորհ չէ: Նա հավիտենական Ընկեր է: Ես հասկացա, որ այս հարցումը լոկ պատրվակ էր, որովհետև դրա պատասխանը գտնելու ճանապարհին ես ճշմարիտ խոնարհություն սովորեցի. ես ոչինչ եմ առանց Աստծո շնորհի և ոչ մի իրավունք չունեմ հպարտանալու, ինչպես սուրբ Պողոսն էր ասում. «Հպարտացողը թող Տիրոջով հպարտանա»:
Մի ուրիշ օր Վարդանն ինձ մի ոսկե դրամ տվեց և ասաց. «Սա վերցրո՛ւ, ծախսի՛ր», և ինքը գնաց: Ես օրերով մտածեցի, թե ինչ էր ուզում դրանով ասել: Քարայրի մեջ բանտարկված` դրամն ինչպե՞ս և որտե՞ղ պիտի ծախսեի: Արդյո՞ք պիտի ներքև իջնեի և որպես ողորմություն այն մի աղքատ հովվի տայի: Ձյուն էր եկել, և ես ամբողջ ուժովս դրամը նետեցի հեռու ձյուների մեջ ու հանգստացա: Գիտեի, որ այդ էր հարցի ճիշտ լուծումը:
– Ինչպե՞ս ծախսեցիր փողը,– հարցրեց Վարդանը:
– Քե՞զ ինչ,– պատասխանեցի,– ո՞վ կարող է իր ծախսած փողերի հաշիվը պահել, և մահկանացուներիս համար ի՞նչ տարբերություն կա ծախսված ու կորսված դրամի միջև:
Այսպես երկու տարի անցավ, և ես առանձին ճգնություններով կամ հենց վանքում շարունակեցի Վարդանից մասնավոր կրթություն ստանալ: Գիտեի, սակայն, որ կրակով չէի մկրտվել:
– Ե՞րբ պիտի մկրտվեմ,– հարցրի Վարդանին:
– Չգիտեմ,– ասաց,– գրեթե ամեն ինչ պատրաստ է, և փայտը բավականին չորացել է՝ պատրաստ բռնկվելու: Ավելի լավ է, կրկին մտնես նկուղային խուցը և ուղղակի հարցնես Կրակով Մկրտողին՝ Քրիստոսին:
Աղոթքներիս որպես պատասխան` շարունակ մի երազ էր գրեթե նույնությամբ կրկնվում: Մի կույր երեխա` յոթը տրեկան (տարիքը հստակ գիտեի), մեծ քաղաքի մայթերի վրա դրամ էր մուրում և որպես խաղ փոքր, ողորկ խճաքարեր էր հավաքում: Չորս-հինգ անգամ երազը կրկնվեց, և շվարած փորձում էի հասկանալ դրա իմաստը, ուստի և աղաչանքներս երազներ մեկնելու շնորհ տվող Աստծո Իմաստությանը կրկին ուղղեցի: Մի գիշեր քնի մեջ կրկին նույն երազը տեսա և նույն կույր երեխային, բայց հանկարծ հոյակապ մի տեսիլք բացվեց աչքերիս առջև: Կարծես երկնային Երուսաղեմը լիներ: Փառավոր պալատում` աթոռի վրա, բազմել էր Տիրամայրը, և Մանուկ Հիսուսը նստած էր նրա ծնկների վրա: Տերը համբուրեց Իր Մորն ու ներքև իջավ: Վազելով պալատից ու սուրբ քաղաքից դուրս ելավ, հասավ երկրային քաղաքը, գտավ մուրացկան երեխային ու բարեկամացավ նրա հետ, ապա ձեռքից բռնելով` նրան պալատ տարավ: Տերն ուզում էր նրա հագուստները պարտեզում փոխել, բայց երեխան դիմադրում էր և չէր ուզում փոխվել: Նա նաև հպարտ էր իր հավաքած քարերով, որ Մանուկ Հիսուսին էր ցույց տալիս, Ով գրպանից մի ափ թանկագին քարեր հանեց ու խաղ առաջարկեց երեխային. վերջինս պիտի մեկ քար տար Իրեն, իսկ Ինքը` մեկ ադամանդ երեխային: Երբ երեխան ձեռքն առավ ադամանդը, շոշափելուց հետո դեմքը թթվեցրեց ու գետին նետեց թանկագին քարը` ասելով. «Իմն ավելի գեղեցիկ է, ողորկ է ու նուրբ», և Հիսուսի ձեռքից իր խճաքարը խլեց: Մանուկ Հիսուս, բռնելով նրա ձեռքից, պարտեզում պատրաստված մի հիասքանչ սեղանի առջև նրան նստեցրեց:
Տիրամայրը նստել էր սեղանի գլխին: Մանուկը ձանձրացավ սեղանի առաջ նստելուց և աթոռից իջնելով` մի անկյունում ծնրադրեց և շարունակեց մուրալով հաց ուզել: Տերը մի ափսե ճաշ դրեց նրա առջև: Ուտելիս երեխան ճաշի կեսն իր վրա թափեց և գետինը կեղտոտեց: Հիսուս Մանուկը զարմացած և ճարահատ Իր Մոր մոտ գնաց ու հարցական նշան արեց Իր ձեռքերով: Սուրբ Մարիամն ասաց Նրան. «Եթե երեխայի աչքերը չբացես, չի կարող Քեզ հետ խաղալ: Եթե ուզում ես, որ Քեզ հետ ընկերանա և մեզ հետ պալատում ապրի, պետք է նրա աչքերը բացես»: Տերը ժպտադեմ մոտեցավ երեխային ու հարցրեց. «Ուզո՞ւմ ես տեսնել»: «Այո՛,– պատասխանեց երեխան,– ամեն բանից ավելի շատ դա եմ ուզում»:
«Շատ լավ, եթե աչքերդ բացեմ, ինձ ի՞նչ կտաս»: Երեխան մի պահ մտածելուց հետո պատասխանեց. «Բոլոր քարերս քեզ կտամ», և բոլոր քարերը Տիրոջ ափերի մեջ լցրեց: Երբ Տերը ձեռքը երկարեց ու դիպավ երեխայի աչքերին, հանկարծ հասկացա, որ այն կույրը ես էի: «Թող աչքերդ բացվեն»,– հրամայեց Տերը, և աչքերս անիմանալի լույսով բացվեցին: Արթնացել էի` ամբողջ էությունս լույսով ողողված, և խուցս` աննկարագրելի փառքով լցված: Չեմ կարող ձեզ բացատրել, տղա՛ք, թե այդ «Լույսը» որքա՜ն էր ուժեղ ու սքանչելի: Նա արևի լույսը չէր, այլ կարծես թևավոր հոգի լիներ, որ թանձրորեն լցրել էր սենյակը և ողջ էությունս պարուրել` լուսավորելով ամեն ինչ` առանց մի գաղտնիք թողնելու:
– Ծնրադրեցի և մի բանի համար էի աղոթում, որ այդ լուսավոր գիտակցությունը ինձ շուտով չլքի ու չհեռանա ինձանից: Չէի ուզում ոչ ոքի տեսնել, ոչ մի ուրիշ բան անել կամ ասել, բացի այդ նոր զգացումը վայելելուց: Առավոտ շուտ վանքից ելա ու սկսեցի քայլել: Երբ քայլում էի, ամեն բան սպիտակ լույսով էր ողողված: Կարծես միայն այդ կենդանի լույսը լիներ ամեն ինչի հիմքը, որ ամեն բան իրար էր միացնում: Ես ևս այդ լույսի մեջ էի ու մասնակից էի նրան: Դժվար էր իմանալ` երբ և որտեղ էր այդ լույսը միլիոնավոր արարածների վերածվում: Կարծես աստվածային «հող» լիներ այդ լույսը, որից բոլոր արարածները մարմին ու կերպարանք էին ստանում: Արևագալի ժամերգության մի երգ ինքնաբերաբար թափվեց շուրթերիցս.
– Լո՜յս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց, Հայր երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս՝ ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս Քո իմանալի:
Այն ուրախ ու սիրալիր լույս էր: Արևի լույսից տարբեր էր, որովհետև անձնավորված էր, նույնիսկ ինձանից ավելի անձնավորված: Նա տիեզերքի Հոգին էր, Աստծո պատմուճանը, որ ամեն բան մեծ սիրով պարփակում էր, որի մեջ վախի ստվեր չկար, որոհետև վախ ազդող ամեն ինչի արմատները ևս այդ լույսի մեջ էին թաղված` որպես մեկ և նույն եղելության մասնիկ: «Ո՞վ ես դու, ո՛վ սիրելի»,– ինքնաբերաբար հարց առաջացավ իմ մեջ, և պատասխանը ևս ինքնաբերաբար օդի մեջ ձևավորվեց. «Ես Տեր Աստվածն եմ, և չկա մեկ ուրիշը: Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը: Ես եմ, որ խաղաղություն եմ արարում և հաստատում եմ չարը: Ես եմ Տեր Աստվածը, որ կատարում եմ այս ամենը»: Հիշեցի, որ սրանք Եսայի մարգարեին ուղղված խոսքերն են: Ես հասկացա նաև, որ Աստվածաշնչում գրվածներն ամբողջովին պահվել են լույսի մեջ: Լոգոսը թաքնված էր նրա մեջ: Որդի Աստծո ասած բոլոր խոսքերը Լույսի միջոցով վերածվում էին ձևերի: Նրա բառերն արձագանքում էին բոլոր արարածների գովաբանության և իմ երգի մեջ:
Լո՜յս, ի լուսոյ ծագումն, արեգակն արդար, անճառ ծնունդ Հօր Որդի, յառաջ քան զարեւ անուն Քո գովեալ ընդ Հօր. ի ծագել լուսոյ առաւօտուս՝ ծագեա՛ ի հոգիս մեր զլոյս Քո իմանալի:
Թունավոր մի օձ սողալով անցավ ոտքերիս տակով: Ա՜հ, ի՜նչ գեղեցիկ էր: Եթե բռնեի, մեծ հաճույքով կարող էի թունավոր շուրթերը համբուրել: Մի առվակի ափին նստեցի ու նայեցի հոսող ջրին: Մի գորտ թիթեռնիկի կուլ տվեց, որի կյանքը կամաց-կամաց մյուսին անցավ: Լույսի մեջ մահգոյություն չուներ, որովհետև Նա հավիտենական էներգիա էր` շրջարկող ու շնչառնող, ամեն ինչ սնուցող Կենաց հաց, Կյանք: Լույսի ստեղծագործությունն էր Մահը, որի միջոցով կյանքը փոխանցվում էր մի արարածից մյուսին: Ոչ մի արարած ինքնանպատակ չէ, այլ օղակ` մյուսին կապված: Մինչ այդ ինձ թշնամի երևացող հակառակ իրերն ու գաղափարները հաշտվեցին: Հասկացա, որ դրանք միևնույն իրականության բևեռնէրն էին և գոյություն ունենալու համար իրար կարիք ունեին: Հասկացա, թե ինչու է հարկավոր սիրել թշնամուն, որ իրականության մեջ կորած եղբայրն է, նույն ամբողջության տարբեր մեկ մասնիկը:
Ի Հօրէ բղխեալ Հոգի, աղբիւր բարութեան, լուսով Քով լցո՛ զմեզ յայսմ առաւօտուս:
Նայեցի ջրին ու հասկացա, որ տիեզերքի մեջ աճապարանքի պատճառ չկա, և ամեն մի պահ այնքան հարուստ է, որ կարիք չկա վաղվա համար հոգ տանելու կամ շտապելու: Լույսի մեջ ձանձրույթի ստվեր գոյություն չուներ: Ամենապարզ ծաղիկը կամ միջատը բավական էր, որպեսզի մարդ նրանով ժամերով հափշտակվի ու զվարճանա: Հնարավոր չէր նույնիսկ սպառել ամենապարզ խոտի անհուն մանրամասնությունը:
– Աչքերս բացվել էին և եթե կրկին փակվեին, կյանքիս ամենամեծ աղքատությունը դա կլիներ: Բայց այդ լուսավոր «ամբողջությունը» կամաց-կամաց ինձ լքում էր: Հասկացա, որ այն նախանձոտ սիրելի է ու պայման է դնում, որ աչքերդ ուրիշի չդառնան, չնայեն, եթե հայացքդ ուրիշ արարածի ուղղես, Ինքն էլ Իր լույսը ետ կքաշի, և միայն արարածները կմնան տեսադաշտիդ վրա: Ես դեպի իմ իմացած քարայրը վազեցի և նրա կիսամութ առանձնության մեջ արցունքներով փնտրեցի այդ գեղեցիկ «ամբողջը» ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ: Մնաց ինձ հետ, ավելի ճիշտ` ես նրա հետ մնացի և զգացի, որ Տիրոջը երբեք այդպէս չէի ճաշակել և ափսոսացի առանց Նրա իմ անցկացրած տարիների համար: Երեք օր ու երեք գիշեր տարօրինակ հափշտակության մեջ մնացի: Խրախճանքն ընդհատվեց ծանոթ ձայնի բարևով: Քանի որ վանք չէի վերադարձել, միաբանները, արդեն խուճապի մատնված, ամենուր սկսկել էին ինձ փնտրել և չգտնելով տեղյակ էին պահել նաև Վարդան վարդապետին, ով ևս դուրս էր եկել ինձ փնտրելու: Մեծ ժպիտով քարայր մտավ, խորը շունչ քաշեց, հետո կրկին շնչեց, կարծես օդի մեջ մի բան հոտոտելիս լիներ:
– Այս ի՞նչ վիճակ է, Մանո՛ւկ վարդապետ, վանքից փախել, վար- դերի ես դիպել և հիմա գաղտնի զվարճանում ես:
Ես մտածում էի, թե նա ինչի մասին է խոսում: Ըստ մեր վանական օրենքի` արգելված էր անուշահոտություն գործածելը:
– Նաև այստեղ փակվել, լավ բաներ ես ուտում ու խմում առանձին:
– Երեք օր է` ոչինչ չեմ կերել ու խմել, հա՛յր սուրբ:
– Սուտ մի՛ խոսիր, ամբողջ երեք օր անխառն կաթ ես խմել, մեղր ու կարագ կերել, քեֆ ես արել, այժմ էլ ընտիր գինով ես հարբած: Ես կույր չեմ, ամեն բան տեսնում եմ: Իմաստալի ժպիտով նայում էր երեսիս, և ես հասկացա, որ այլաբանական իմաստով է խոսում: Ես էլ ժպտացի և գլուխս շարժեցի` նրա ասածներն ընդունելով: Նստեց ինձ մոտ, նա-յեց աչքերիս, ծնկիս թփթփացրեց.
– Շատ գոհ եմ, որ արդեն ծոմդ լուծել ես և երկնային զորեղ ուտելիքներ ես ուտում ու խմում: Մեր քրիստոնյա անմիտ եղբայրները մինչև իրենց մահ ծոմ են պահում` Աստծուց չուտելով ու չխմելով: Նրանք գաղափար անգամ չունեն, ասես էլ, չեն հասկանա, որ կարելի է Աստծուն ուտել, խմել, շնչել, դիտել, Նրա հետ պարել ու խաղալ:
– Հա՛յր սուրբ, բայց սա շատ տարբեր բան է, մինչև որ մեկը չապրի, չի կարող հասկանալ: Սա շնորհ է, երկնային նվեր, որի համար ես բան չարեցի, պարզապես Քրիստոս եկավ և աչքերս բացեց: Եթե Նա չաներ, ես չէի կարող Նրա Արքայություն մտնել:
– Սխալ աստվածաբանություն է: Տերն ասաց. «Ես եմ Ճանապարհը»: Իրապես, դեպի Աստված տանող բոլոր ճանապարհ- ները Նրան են պատկանում, և Նա Իր վրա ոտք դրած բոլոր ճամփորդների ամեն մի քայլը գիտի ու մեծ հետաքրքրությամբ է դիտում: Աստծո մասին մի գաղտնիք քեզ ասեմ: Մեր Աստվածը շատ անհամբեր է դեպի Իրեն ընթացողների նկատմամբ և երբեք ձեռնածալ չի սպասում ճանապարհի ավարտին, որ ուխտավորն Իրեն հասնի: Նա է, որ միշտ ընդառաջում և ճանապարհի կեսին է դիմավորում տուն վերադարձող անառակ որդուն: Դու, ահա, արժանացար այս «կես-ճամփայական» շնորհին: Բայց և այնպես, դու էիր, որ քաջություն ունեցար գծից այն կողմ անցնելու և անդունդ նետվելու: Միայն այն արծվաձագը, որ անդունդ է նետվում, իմանում է, որ անդունդը կարող է կրել իրեն, և ի՜նչ-ի՜նչ օգտաշատ, ճախրանք պարգևող հովեր են այնտեղ իր վրա փչում: Բարի՜ եկար մեր Անդունդը:
Վարդանը կրկին շնչեց օդը` խորապես զմայլվելով սքանչելի բուրմունքով, որ իմ կողմից աննշմարելի էր:
– Ահ, ի՜նչ զգլխիչ, ի՜նչ դյութական է: Մարդ ուզում է այստեղ անմիջապես ընկնել ու մեռնել, ուզում է հալվել, ամբողջովին տարրալուծվել և իսպառ անհետանալ:
– Ես բան չեմ զգում, հա՛յր սուրբ, հոտ և այլն չեմ առնում:
– Իրապե՞ս: Դու, որ ոտքից գլուխ այս անուշահոտությամբ ես օծված, չե՞ս կարող հոտոտել դրա բուրմունքը: Մեղք ես, ա՛յ տղա, սպասի՛ր` քեզ օգնեմ: Սա Սուրբ Հոգու ներկայության նշաններից մեկն է, որ կրակով մկրտվածների զգայարանները կարող են ըմբռնել:
– Քանի որ ես կրակով մկրտված չեմ, բնական է, որ չեմ կարող այն ընկալել: Այս երեք օրվա ընթացքում երբեմն զգլխիչ հոտեր առնում էի, բայց դրանք շատ կարճ ու փախուցիկ պահեր էին:
– Դու էլ ես կրակով մկրտվել,– ասաց Վարդանը վստահություն ներշնչող շեշտով,– պարզապես Սուրբ Հոգին կամաց-կամաց է քեզ այրել, եռօրյա աննշմարելի հրկիզումով: Ուզո՞ւմ ես` քեզ փաստ ցույց տամ:
Եվ անմիջապես մատը մտցրեց բերանս և իր մատը շրջեց ատամներիս վրայ:
– Տեսնո՞ւմ ես, բերանիդ մեջ փտած ատամ չունես, նույնիսկ ընկածներն են վերստին աճել: Երեսուներկու կատարյալ ատամներ ունես, տե՛ս:
Ես չհավատալով ատամներս շոշափեցի, ճիշտ էր. Պակաս ատամ չունեի: Ուրախությունից սկսեցի լաց լինել: Ամբողջ կյանքիս ընթացքում տկար ատամներս միշտ ցավատանջ փուշ էին եղել: Շատ էր պատահել, որ ատամի ցավի պատճառով հուսահատված մահն էի փնտրել: Եվ Տերն իբրև նվեր Իր այցելության` ինձ նոփ-նոր ատամներ էր բերել: Ինչպե՞ս արցունքաթաթախ լաց չլինեի:
– Լավ, քեզ մի քիչ էլ ուրախացնեմ,– ասաց Վարդանը և ոտքի ելնելով` ձեռքերը գլխիս վրա դրեց:
– Այժմ ցանկացի՛ր, որ կարողանաս հոգևոր բուրմունքները հոտոտել և երեք անգամ խորապէս շնչի՛ր` կանչելով Սուրբ Երրորդության Անունը:
– Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո. ամեն:
– Աստվա՛ծ իմ, այն ի՜նչ հմայք էր, ի՜նչ գեղեցկություն: Դա երևի երրորդ երկինքն էր: Չէի կարող նստած մնալ. կամ պետք է պարեի, կամ ծնրադրած երկրպագեի գինովցած, հարբած: Վարդանն ինձ բացատրեց, որ Աստծուց վերածնվածները երեխաների նման պետք է սովորեն զարգացնել աստվածային բնության կարելիությունները, որոնք իրենց մարդկային բնության մեջ Սուրբ Հոգու ներթափանցումով են ժառանգում: Վարդանն ինձ հետ չորս օր մնաց և ինձ այնպիսի գիտելիքներ սովորեցրեց ու փոխանցեց, որ իմաստ չունի նրանց համար, ովքեր կրակով մկրտված չեն: Չորրորդ օրը Վարդանը մեկնեց ու վերադարձավ Ամրդոլ: Ես այնտեղ մնացի և տասնհինգ տարի լեռներում անցկացրի:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: