Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։1

Ա. Լոպուխին

Քաղաքի այրումը՝ այնտեղից Յահվեի հեռանալուց առաջ։ Այստեղ նույնպես նկարագրվում է միայն պատժի նախապատրաստությունը (1-8-րդ համարներ), սակայն պատիժն դարձյալ մնում է չնկարագրված և դրա փոխարեն մարգարեն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է ա՛յն կառքի կառուցմանը, որով Յահվեն հեռանալու է (9-22-րդ համարներ):

 

«Եվ ես տեսա, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, ասես շափյուղա քարի պես, գահի նման մի բան երևաց նրանց վրա»։ [1] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ ես տեսա, և ահա» - սա մի նկատառում է, որը մատնացույց է անում, որ սկսվում է տեսիլքի նոր (երրորդ) հատվածը: Այժմ, երբ տաճարում տեղի ունեցած պղծությունների և դրանց նկատմամբ իրականացված դատաստանի մռայլ պատկերն անցել է մարգարեի հայացքի առջևով, նա առիթից օգտվում է ևս մեկ անգամ մտահայելու տեսիլքի հիասքանչ պատկերին, որին նա այժմ ի զորու է նայել առանց այն սկզբնական սարսափ և, հետևաբար՝ ավելի ուշադիր հայացքով: Այդ պատկերի մեջ մարգարեի ուշադրությունն ամենից շատը գրավում է երկնակամարի (հաստատության) վրա գտնվող գահի տեսիլքը, որը հանդիսավորապես նկարագրվում է 1:26-րդ համարից սկսած՝ թեպետև ոչ բառացիորեն, սակայն առանց որևէ նոր բան հավելելու: Ուշագրավ է, որ այստեղ ոչինչ չի ասվում գահի վրա Բազմողի մասին։

   Բայց այդ հանգամանքը հազիվ թե մեզ իրավունք է տալիս եզրակացնելու, որ գահը թափուր էր, քանի որ գահակիր կառքը հայտնվել էր, որպեսզի տաճարից հեռացներ Աստծո փառքը: Այստեղ գահի նկարագրությունը նպատակ ունի ցույց տալու, թե որտեղի՛ց է սկիզբ առնում քաղաքի նկատմամբ Աստծո դատաստանի վերջին գործողությունը, դատաստան, որը պիտի նկարագրվի հաջորդ համարից սկսած՝ քաղաքի այրման տեսարանով: Կարծես թե մինչև այժմ մարգարեն ինքն իրեն հաշիվ չէր տվել, որ դատողը Նա՛ է, Ում ինքը տեսել էր Քոբարի վրա, և որ դատաստանը գալիս է երկնակամարի (հաստատության) վրա գտնվող այդ սարսափազդու գահից։ Նկարագրության ընթացքը կարող է ծագեցնել նաև այն միտքը, որ դատավարության առաջին, ամենակարևոր գործողությունը, որը նկարագրված է 9:4-11-րդ համարներում և դրսևորվում է գրեթե ողջ բնակչության մահվան դատապարտմամբ, իրականացվել է ոչ այնքան նույնությամբ, ինչպես երկրորդը՝ քաղաքի այրման դատապարտվելը․ դա նույնիսկ ամբողջությամբ տեղի չի ունեցել միևնույն դատավորի կողմից՝ այնտեղ անմիջապես Շեխինան է եղել դատապարտողը (9:3-4), իսկ այստեղ՝ երկնակամարի վերևում գտնվող գահի վրայից է իրականացվել դատաստանը, սակայն թե ում կողմից, չի ասվում, և այդ լռությունը բնորոշ է մարգարեի ակնածալից զգուշավորությանը, որը նա ցուցաբերում է տեսիլքը հաղորդելու գործում։ Այստեղ գահի մասին հիշատակության հայտնվելը կարելի է բացատրել նաև այն իրողությամբ, որ Աստծո փառքը սրբարանի շեմից դարձյալ տեղափոխվեց քերովբեների վերևում գտնվող, իր համար նախատեսված վայրը, որպեսզի 4-րդ համարում ևս մեկ անգամ վերադառնար շեմի մոտ։ Աստծո փառքի այս տեղափոխությունը, որը պետք է որ վրիպած լիներ մարգարեի աչքից, և այդ իսկ պատճառով էլ նրա կողմից չի հիշատակում, կարող էր պայմանավորված լինել դիակների «ներկայության» հետևանքով տեղի ունեցած սրբարանի պղծումով: Գահի նկարագրության հարցում այստեղ մարգարեն նույնիսկ ավելի զուսպ է, քան 1։26-րդ համարում։ Այնտեղ ասվում էր՝ «գահի նմանություն», այստեղ՝ «կարծես․․․գահի նման մի բան» («կեմառե դեմուտ»)։ Բայց և այնտեղ ասվում էր՝ «շափյուղա քարի տեսքով», իսկ այստեղ՝ «ասես շափյուղա քարի պես»։ Յոթանասնից թարգմանության մեջ պարզապես ասվում է՝ «գահի նմանությամբ» և «շափյուղա քարի պես»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար:
(Արարատ թարգ․) Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։
(Գրաբար) Եւ տեսանէի ահա ՚ի վերայ հաստատութեանն որ էր ՛ի վերայ գլխոց քերովբէիցն իբրև զվէմ շափիղ'այ ական, և ՛ի վերայ նորա նմանութիւն աթոռոյ՚: