Ա. Լոպուխին
«Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար պատրաստի՛ր այն ամենը, ինչ անհրաժեշտ է տարագրության համար, և օրվա կեսին տեղափոխվի՛ր նրանց աչքերի առաջ, և քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքերի առաջ. գուցե նրանք հասկանան, թեև նրանք ապստամբների տուն են»։ [3] (Սինոդական թարգ․)
«Ինչ անհրաժեշտ է տարագրության համար» - սլավոներենում՝ «գերության անոթներ», այսինքն՝ նկատի ունի գավազանը, սանդալները, գոտին, մի պարկ պաշարը, մի շիշ ջուրը (ինչպես որ ցույց են տալիս գերության ուղևորվող քարավանների ասորական պատկերները), հնարավոր է նաև՝ կենցաղային սպասքի մի մասը։
«Օրվա կեսին տեղափոխվի՛ր նրանց աչքերի առաջ» - Այս հրամանը կրկնվում է երեք անգամ (Յոթանասնից թարգմանության մեջ, սակայն, երկրորդ «տեղափոխվի՛ր» (կամ՝ «տարագրվիր») արտահայտությունը բացակայում է)՝ որպես առանձնահատուկ շեշտադրությունն ապահովելու համար կիրառվող նշան։ Բայց սույն համարում այս պատվիրանը տրված է ընդհանուր արտահայտություններով և ամենաէական գծերով՝ իրերը պատրաստել, գործողությունները կատարել օրվա ընթացքում, տեղափոխվել մեկ ուրիշ տեղ: Իսկ ահա մանրամասները տրված են հաջորդող համարներում։ Սա պետք է ի մտի ունենալ՝ «օրվա կեսին տեղափոխվի՛ր» արտահայտությունը ճիշտ հասկանալու համար։ Ինչպես որ ցույց է տալիս հաջորդ համարը, ցերեկով պետք է կատարվեր միայն տարագրության նախապատրաստությունըշ, իսկ բուն տարագրությունը պետք է տեղի ունենար երեկոյան։ Սակայն քանի որ այստեղ նախապատրաստական աշխատանքներն ամենակարևորն են, ուստի ամբողջ տարագրության մասին նույնպես կարելի է ասել, որ այն պետք է իրականացվի օրվա ընթացքում։
«Քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր» - և ոչ թե Թել-Ավիվից՝ մեկ այլ բնակավայր, քանի որ 8-րդ համարում մարգարեն դարձյալ Թել-Ավիվում է, և ոչ թե քաղաքից դուրս կամ մեկ ուրիշ տանը․ նա միայն գաղթականի դերն է կատարում, իրեր է կրում և այլն, ինչպես որ մանրամասնորեն բացատրվում է հաջորդող համարներում։
«Գուցե նրանք հասկանան» - հավանական է, որ այս արտահայտությունն ավելի մեծ հաջողություն կունենա, քան թե արտասանությամբ սրան նման այս մյուս արտահայտությունը․ «Ուզում են նրանք լսել, թե ոչ»։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քո գերութեան պատրաստութի՛ւնը տես, ցերեկը գերութեա՛ն գնա նրանց աչքի առաջ, քո տեղից ուրիշ տե՛ղ քոչիր նրանց աչքի առաջ, որ տեսնեն, քանի որ նրանք դառնացնողների տուն են:
(Արարատ թարգ․) Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ արա՛ դու քեզ հանդերձ գերութեան, և վարեա՛ց 'ի գերութիւն զաւուրս առաջի նոցա. և գերեսջի՛ր 'ի տեղւոջէ քումմէ յա՛յլ տեղի առաջի դոցա՝ զի տեսցեն. քանզի տուն դառնացողաց են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: