Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։24

Ա. Լոպուխին 

24-25. «Որովհետև նրանք չգործադրեցին Իմ կանոնները և մերժեցին Իմ պատվիրաններն ու խախտեցին Իմ շաբաթները, և նրանց աչքերը դարձան դեպի իրենց հայրերի կուռքերը»։ [24] «Ես նրանց նաև այնպիսի կանոնակարգեր տվեցի, որոնք լավը չէին, և կանոններ, որոնցով նրանք չէին կարող ապրել»։ (Սինոդական թարգ․)
   
   «Նաև այնպիսի կանոնակարգեր տվեցի, որոնք լավը չէին» - այս արտահայտությունը կարելի է հասկանալ երկու ձևով։ Մեկնիչներից ոմանք այս «կանոնակարգեր» արտահայտության ներքո նկատի ունեն հեթանոսական կանոններն ու կռապաշտական ​​ծիսակատարությունները, և ընդ որում այսօրինակ ըմբռնումը հաստատվում է համատեքստով, քանի որ 26-րդ համարում կարծես հենց մեջբերված է նմանատիպ ոչ բարի («որոնք լավը չէին») կանոնակարգերի գործադրության մի օրինակ՝ մարդկանց որպես զոհաբերություն մատուցելու տեսքով։ Սակայն մեկնիչների մյուս խմբի ներկայացուցիչները, ոչ պակաս արժեքավոր հիմնավորումներ բերելով, այս «վատ կանոնակարգեր» արտահայտության ներքո հասկանում են ծիսական օրենքների այն դրույթները, որոնք խիստ դժվար էր կատարելը և որոնք մարդուն զրկում էին իր համար այդքան թանկ եղող բարոյական զարգացում ապրելու ազատությունից (մի բան, որը վերականգնվեց քրիստոնեության կողմից)՝ և դա այն դեպքում, որ նույնիսկ այդ օրենքների ցուցումները ամենաճշգրիտ կերպով կատարելու պարագայում մարդ զուրկ էր մնում հոգևոր բավարարվածություն ստանալուց: Սույն հատվածի նմանօրինակ ըմբռնմամբ Եզեկիել մարգարեն ասես կանխասում էր Պողոս առաքյալի հայացքները ծիսական օրենքների վերաբերյալ։ Համաձայն առաքյալի խոսքի՝ «օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքները բազմանան» (Հռոմ. 5։20): Այսպիսի ըմբռնումը հաստատվում է նաև սույն «կանոնակարգեր»-ի վերաբերյալ մարգարեի գործածած մեղմ արտահայտություններով՝ «որոնք լավը չէին» (և ոչ թե՝ «չար էին»), «որոնցով նրանք չէին կարող ապրել» (և ոչ թե՝ «պիտի մեռնեին»): Այս ընկալմանն ընդդիմացող առարկությունն այն է, որ սույն պարագայում շաբաթը պահելու օրենքը, որն ամենակարևոր ծիսական օրենքներից մեկն է, պետք է դասակարգվի «ոչ լավ կանոնակարգերի» ցանկում, մինչդեռ մարգարեն ինքն է շաբաթ օրվա այս օրենքը զետեղում ա՛յն ​​օրենքների շարքում, որոնք «կյանք են տալիս» (20-21-րդ համարներ)․ սակայն այս առարկությունը (հնչեցվում է Քեյլի կողմից) զուրկ է հիմնավորումից, քանի որ շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանն ավելի հին է, քան Մովսիսական օրենքները:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) օրէնքներս չգործադրեցին, պատուէրներս զանց առան, շաբաթներս պղծեցին, եւ իրենց աչքներն էլ իրենց հայրերի մտադրութիւնների վրայ էր:
(Արարատ թարգ․) որովհետև նրանք չգործադրեցին իմ պատվիրանները, մերժեցին իմ կանոնները, պղծեցին իմ շաբաթները, և նրանց աչքերը իրենց հայրերի կուռքերի հետևից էին։
(Գրաբար) փոխանակ զի զիրաւունս իմ ո՛չ արարին, և զհրամանս իմ մերժեցին, և զշաբաթս իմ պղծեցին. և զհետ խորհրդոց հարցն իւրեանց էին աչք նոցա։