Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։30

Ա. Լոպուխին

«Ես նրանց մեջ փնտրում էի մի մարդու, որը պարիսպ կկառուցեր և բաց տարածության մեջ Իմ առաջ կկանգներ այս երկրի համար, որպեսզի Ես չկործանեի այն, բայց չգտա»։ [30] (Սինոդական թարգ․)
   

   «Որը պարիսպ կկառուցեր»՝ բացվածքը (ճեղքը) փակելու համար (Եզեկ․ 13։5-րդ համարը)։ Այդ մարդն Աստծո առաջ իր բարեխոսությամբ կարող էր կանխել ժողովրդի կործանումը, ինչպես որ արեց Մովսեսը (Ելք 32-րդ գլուխ): Մեկնիչներն այստեղ իրավացիորեն են հարցնում, թե Եզեկիելն ինչու այստեղ հենց Երեմիային կարողունակ չհամարեց՝ այդ առաքելությունը ստանձնելու համար, չնայած այն հանգամանքին, որ Եզեկիելը ճանաչում էր Երեմիային (ինչի մասին վկայում է Երեմիայի մարգարեության լայն տարածումը) և որ Երեմիան մեկ անգամ չէ, որ կանգնել էր Աստծո առջև՝ ժողովրդի համար բարեխոսելու նպատակով (7:16, 11:14, 15:1): Նմանօրինակ պարագաներում զուտ աղոթական բարեխոսությունը, սակայն, բավարար չէ. ինչ-որ բան պետք է անել ժողովրդին ուղղելու համար, այնպես, ինչպես որ արեց, օրինակ, Մովսեսը։ Մինչդեռ Երեմիան և նրա ժամանակակիցներն այս առումով ոչինչ կամ գրեթե ոչինչ չկարողացան անել, ինչը մեղադրանք է՝ ուղղված ոչ թե Երեմիայի, այլ Երուսաղեմի և Հուդայի դեմ, որոնց բարոյական վիճակն էլ հենց վկայակոչում է մարգարեն այս հատվածում (այստեղից էլ հետևում է հաջորդ համարի բովանդակությունը)։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Նրանց միջից մի մարդ փնտռեցի, որ ուղիղ ընթանար, զայրոյթիս պահին առջեւս յօժարակամ կանգնէր, որպէսզի չջնջէի նրանց, բայց չգտայ:
(Արարատ թարգ․) Եվ ես նրանց մեջ պարիսպը շինող և խրամատի մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա։
(Գրաբար) Եւ խնդրեցի ‘ի նոցանէ այր մի որ ուղի՛ղ գնայցէ, և կայցէ առաջի իմ մտադիւր ‘ի ժամանակի բարկութեան՝ զի մի՛ ջնջեցից զնոսա, և ո՛չ գտի։