Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։14

Ա. Լոպուխին

««Ես եմ Տերը, Ես ասում եմ. «Դա լինելու է, և Ես պիտի կատարեմ. չեղյալ չպիտի համարեմ և չպիտի խնայեմ ու կարեկցություն չպիտի ցույց տամ։ Քո ճանապարհների և քո արարքների համեմատ պիտի դատեն քեզ»,- ասում է Տեր Աստված»։ [14] (Սինոդական թարգ․)
   

 «Չեղյալ չպիտի համարեմ» - Յոթանասնից թարգմանությունն այս համարին մի այսպիսի մեծ հավելում է կատարում. «Դրա համար Ես դատում եմ քեզ ըստ քո արյան և քո մտածումների, ես դատում եմ քեզ, անմաքո՛ւր, տխրահռչակ և մեծ բարկությամբ»: Չնայած որ այստեղ հնչեցված միտքը նոր չէ (հմմտ. 10-րդ համար), բայց այն իրողությունը, որ սրբազան տեքստում բացթողումները հոգեբանական տեսանկյունից ավելի հնարավոր էին, քան հավելադրումները, և այն հանգամանքը, որ Յոթանասնից թարգմանությունը Եզեկիելի գրքի առնչությամբ մանավանդ աչքի է ընկնումբ ավականին մեծ ճշգրտությամբ, շատ մեկնիչների ստիպում է ենթադրել այս հավելման բնօրինակության մասին կամ գոնե մեծ դժվարությամբ հերքել դրա ճշմարտացիությունը։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես՝ Տէրս խօսեցի: Ու գալու է օրը, անելու եմ այդ ու չեմ խորշելու, ոչ էլ ողորմելու եմ կամ զղջալու, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ պատժելու եմ քեզ», - ասում է Ամենակալ Տէրը: - «Ուստի քեզ պատժելու եմ ըստ քո թափած արեան, ըստ քո մտածումների եմ պատժելու քեզ, ո՛վ պիղծդ ու անուանարկեալդ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը»»:
(Արարատ թարգ․) Տերը՝ ես եմ խոսել. լինելու է, և ես պիտի կատարեմ այն. չեղյալ չպիտի համարեմ, չպիտի խնայեմ, կարեկցություն չպիտի ցույց տամ. քո ճանապարհների և քո արարքների համեմատ պիտի դատվես»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Ես Տէր խօսեցայ, և եկեսցէ և արարից՝ և ո՛չ խորշեցայց, և ո՛չ ողորմեցայց, և ո՛չ մխիթարեցայց. այլ ըստ ճանապարհաց քոց՝ և ըստ գնացից քոց դատեցայց զքեզ, ասէ Ադովնայի Տէր։ Վասն այդորիկ ե՛ս դատեցայց զքեզ ըստ արեանց քոց. և ըստ խորհրդոց քոց դատեցայց զքեզ պիղծդ և անուանարկ, որ յաճախեցեր ‘ի դառնութիւնս։