Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: [1] (Սինոդական թարգ․)
Մարգարեություններ ամմոնացիների, մովաբացիների, եդոմացիների և փղշտացիների դեմ։ 25-րդ գլխից սկսվում է Եզեկիել մարգարեի գրքի երկրորդ (մխիթարական և ուրախացնող) բաժինը, մի բաժին, որի առաջին հատվածը, նախորդող մարգարեներ Եսայու, Ամոսի և Երեմիայի օրինակով, եզրափակվում է օտար ժողովուրդների դեմ ուղղված խոսքերով (25-32-րդ գլուխներ): Այս ժողովուրդներից մարգարեն իր մարգարեությունների համար «ընտրում» է Իսրայելի ամենամոտ հարևաններին, որոնք Իսրայելի հանդեպ ցուցաբերած իրենց մշտական թշնամությամբ այնքան են խոչընդոտել այդ երկրի խաղաղ կյանքին և ուղղընթաց զարգացմանը, որ ապագայում նմանօրինակ կյանքի և զարգացման հնարավորությունն ունենալու համար անհրաժեշտ է համաշխարհային պատմության թատերաբեմից իսպառ վերացնել այդ ժողովուրդներին։ Այստեղից էլ հետևում է այն, որ այդ խոսքերը տեղադրված եմ ապագայում փառքով պսակվելիք Իսրայելի մասին մարգարեություններից անմիջապես առաջ։ Եվ այստեղից էլ հետևում է այս ժողովուրդների (բացառությամբ եգիպտացիների)՝ անխուսափելիորեն կորստյան դատապարտումը՝ առանց ավելի լավ ապագայի վերաբերյալ հույսի առկայծումի, որը Երեմիան «շնորհում» է որոշ ժողովուրդների (Երեմ․ 12:15, 46:26, 48:47, 49:6): Հեթանոսական ժողովուրդների ճակատագրի վերաբերյալ մարգարեական ակնարկը, ժողովուրդնե՛ր, որոնց մարգարեն ընդունում է խորհրդանշական յոթ թվի ներքո (հմմտ․ Բ Օրին. 7:1, Ամոս 1-ին գլուխ, Երեմ. 47-րդ գլուխ և այլ տեղիներ), Եզեկիելը սահմանում է աշխարհագրական հաջորդականությամբ՝ սկսելով Հուդայի հյուսիս-արևելքից և նկարագրելով նրան շուրջը բոլորված շղթան՝ ամմոնացիներ (25:1-7), մովաբացիներ (8-11), եդովմացիներ (12-14), փղշտացիներ (15-17), Տյուրոս (26-28:19), Սիդոն (28: 20-26) և Հրեաստանի ամենահեռավոր հարևանը՝ Եգիպտոս (29-32): 7 թիվը, որն անտարակույս հայտնի է իր սիմվոլիզմով, հավանաբար խորհրդանշում է հեթանոս ժողովուրդների ամբողջությունը։ Այս թիվը «ձևավորելու» համար Սիդոնը թվարկվում է Տյուրոսից առանձին, չնայած որ Եզեկիելի ապրած ժամանակաշրջանում այն արդեն վաղուց ենթարկվել էր Տյուրոսին և կորցրել էր իր կարևորությունը։ Խոսքի ավելի ծավալուն հատվածը հատկացված է Տյուրոսին և Եգիպտոսին՝ տվյալ ժամանակաշրջանում վերջիններիս ունեցած համաշխարհային նշանակության պատճառով: Մինչդեռ Բաբելոնին Եզեկիելը չի անդրադառնում (ի տարբերություն Երեմիայի. տե՛ս Երեմ․ 50-51-րդ գլուխներ), գուցե այն պատճառով, որ Եզեկիել մարգարեն Բաբելոնը դիտում էր որպես Աստծո պատժի գործիք՝ ուղղված Իսրայելի դեմ, և հետևաբար, Բաբելոնին անմասն էր համարում այն բոլոր վնասներից, որոնք նա, համաձայն մարգարեի ընկալման՝ Աստծո կամքի համաձայն, հասցրել էր Իսրայելին (22:4-5), ինչպես նաև ա՛յն պատճառով, որ Բաբելոնը, Հուդայից ունեցած իր հեռավորության պատճառով, չէր կարող էապես ազդել Իսրայելի գալիք ճակատագրի վրա:
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» - այստեղ բացակայում է ամսաթիվը, որն այդքան սպասելի էր խոսքի նոր շարքի և գրքի նոր բաժնի սկզբի կապակցությամբ, ինչի պատճառը, հավանաբար, այն է, որ այս խոսքը գրվել է ավելի ուշ, քան 26-րդ գլխում և հետագա գլուխներում տեղ գտած խոսքերը (այն, անկասկած, գրվել է Երուսաղեմի անկումից հետո․ 3-րդ, 8-րդ, 12-րդ և 15-րդ համարներ, Հերոնիմոս Երանելին նույնպես ինչ-որ կերպ հավատում էր դրան, և հետևաբար, այս խոսքը գրվել է ոչ շուտ, քան Հեքոնիայի գերության 12-րդ տարին՝ 33:21-րդ համար), սակայն այն տեղադրվեց այստեղ՝ ելնելով խոսքի համակարգման անհրաժեշտությունից, ուստի և ամսաթիվ նշելու դեպքում կխախտվեր գրքում նշված ամսաթվերի խիստ ժամանակագրական հաջորդականությունը (չհաշված, սակայն, 29:17-րդ համարում տեղ գտած թվագրությունը, հմմտ․ 1-ին համար և 31:1-ին համար):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Ի Եւ եղև բա՛ն Տեառն առ իս ՝ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: