Ա. Լոպուխին
«Քսանյոթերորդ տարում, առաջին ամսին, ամսվա առաջին օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[17] (Սինոդական թարգ․)
571 թվականի մարտ ամիսը՝ նախորդող մարգարեական խոսքից 14 տարի անց։
17-21. «Քսանյոթերորդ տարում, առաջին ամսին, ամսվա առաջին օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ «Մարդո՛ւ որդի, Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց և ամեն ուս քերծվեց, բայց ո՛չ նրան, ո՛չ նրա զորքին որևէ մի վարձ չեղավ Տյուրոսից այն աշխատանքի համար, որը նա գործադրել էր նրա դեմ»։ «Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես Նաբուգոդոնոսորին՝ Բաբելոնի թագավորին եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որպեսզի նա թալանի նրա հարստությունը և կողոպտի նրա ունեցվածքն ու հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին»։ «Իբրև վարձատրություն այնտեղ կատարած իր աշխատանքի համար Ես նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև նրանք դա արեցին Ինձ համար»,- ասում է Տեր Աստված»։ «Այդ օրը պիտի վերադարձնեմ եղջյուրն Իսրայելի տանը և քո շուրթերը պիտի բանամ նրանց մեջ, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։
Այս հատվածը բովանդակում է Եգիպտոսի դեմ ուղղված մարգարեական 2-րդ ելույթը։ Այն թվագրվում է Եզեկիելի գրքում հիշատակված ժամանակագրական առումով ամենավերջին ամսաթվով՝ 2 տարի ավելի ուշ, քան նոր տաճարի մասին Եզեկիելի ունեցած վերջին մեծ տեսիլքը (40:1): Այս խոսքի համար շարժառիթ է հանդիսացել Նաբուգոդոնոսորի կողմից Տյուրոսի պաշարման անհաջող կամ ոչ ամբողջությամբ հաջողված ելքը։ Ինչպես մենք արդեն տեսանք (տե՛ս 26:10-րդ և 14-րդ համարի բացատրությունը), Եզեկիել մարգարեն չէր կանխատեսել, որ Տյուրոսը պետք է կործանվեր Նաբուգոդոնոսորի կողմից, այլ կանխագուշակել էր միայն այն, որ Տյուրոսը պետք է պաշարվեր Նաբուգոդոնոսորի ձեռամբ, իսկ այդ պաշարումն էլ պիտի ավարտվեր (անհայտ է, թե երբ և ում կողմից) Տյուրոսի լիակատար ոչնչացմամբ։ Այնուամենայնիվ, մարգարեությունը կարելի էր հասկանալ (ինչպես և այժմ հասկանում են ռացիոնալիստ (բանապաշտ) մեկնաբանները) Նաբուգոդոնոսորի կողմից Տյուրոսին լիակատար պարտության մատնելու իրադարձությունը կանխատեսելու իմաստով։ Հնարավոր է նաև, որ մարգարեական այս խոսքի համար շարժառիթ են դարձել երևան եկած լուրերը կամ գուցե՝ հավանական ասեկոսեներն այն մասին, որ Տյուրոսի վերաբերյալ Եզեկիելի մարգարեությունն անկատար է մնացել: Մարգարեն կանխատեսում է, որ Նաբուգոդոնոսորը, Տյուրոսի պաշարման ժամանակ գրանցած ոչ լիակատար հաջողությունից հետո Եգիպտոսում միանգամայն, կատարելապես հաջող ձեռքբերումներ է ունենալու։ Սակայն ռացիոնալիստական (բանապաշտական) քննադատությունն այս դեպքում նույնպես «մեղադրում» է Եզեկիելին ա՛յն բանի համար, որ Նաբուգոդոնոսորը Եգիպտոսի դեմ ուղղված արշավանք չի կազմակերպել և, հետևաբար, Եզեկիելի այս մարգարեությունը, ինչպես և Տյուրոսի դեմ ուղղված մարգարեությունն էր, այդպես էլ անկատար մնաց․․․Սակայն իրականում Նաբուգոդոնոսորն արշավել է Եգիպտոսի դեմ․ այդ երկրի դեմ ուղղված արշավանքի մասին վկայում են մի շարք աղբյուրներ (Հովսեփիոս Փլաբիոս - С. Арр. I, 19, Antiqu. X, 97, Ստրաբոն, Եվսեբիոս - Ргaeр. evang. IX, 41, Սինկել – Chonogr. I, 453 և ուրիշներ)․․․Իսկ ահա բուն սկզբնաղբյուրներից մեկը՝ Բաբելոնյան տարեգրության մեջ առկա համապատասխան հատվածները վկայում են, որ 37 թվականին Նաբուգոդոնոսորն արշավել է Միցիր երկրի դեմ (հմմտ․ «Միցրայիմ» - Եգիպտոսի եբրայեցերեն անվանումը)՝ պատերազմելով տեղի թագավորի դեմ, որի անունից հնարավոր էր ընթերցել միայն վերջին տառերը՝ «ասի» ((գուցե՝ Ամասի՞ս) Schrader, Keilinschr Biblioth III, 140, Բերթոլետ):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դարձեալ Եգիպտոսի մասին: Քսանեօթներորդ տարում, առաջին ամսին, առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ քսանյոթերորդ տարվա առաջին ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև ‘ի քսաներորդի և յեւթներորդի ամին, որ օր մի էր ամսոյն առաջնոյ. եղև բան Տեառն առ իս՝ և ասէ․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: