Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։22

Ա. Լոպուխին

22-23․ «Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և Նա ասաց ինձ. «Վե՛ր կաց և գնա՛ դաշտ, և Ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»»։ [22] «Ես ես վեր կացա և գնացի դաշտ, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որը ես տեսել էի Քոբար գետի մոտ, և ես երեսնիվայր ընկա»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի արտաքին վիճակի նկարագրությունը նրա հաջորդող կանխասացությունների ժամանակ։ Այդքան կարճ ժամանակահատված հետո (այժմ կամ Եզեկիելի մարգարեության 3։16-րդ համարում նկարագրված հայտնությունից անմիջապես հետո, ինչպես որ վկայում է 22-րդ համարում ամսաթվի բացակայությունն այն դեպքում, երբ այն առկա է 16-րդ համարում․ ամեն դեպքում այդ ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է, հմմտ․ 1, 2 և 8։1)  Քոբարի տեսիլքի այսքան վսեմագույն և բացառիկ կրկնությունը կարող է պայմանավորված լինել իր ծառայությունն սկսելու առնչությամբ մարգարեի շարունակական տատանողականությամբ՝ նկատի ունենալով այդ ծառայության անպտուղ լինելու վերաբերյալ մարգարեի հիմնավոր կանխատեսումը: Իրավացի չէ այն ենթադրությունը, որ 3:16-րդ համարում նկարագրված հայտնությունից հետո մարգարեն սկսել է իր քարոզությունը, սակայն այդուհետև ստիպված է եղել լռել, ինչի պատճառով էլ 3։25-27-րդ համարներում նրան տրվում է նոր ծրագիր. եթե դա այդպես էր, ապա ի՞նչ կարիք կար այդ մասին լռելու և 21-րդ ու 22-րդ համարների միջև «բաց տարածություն» թողնելու (Բերթոլետ): Եթե Եզեկիելին մարգարեական ծառայության կանչող խոսքի «պատճառով» մարգարեի մեջ առաջացած որոշ տարակուսանքների պարզաբանման համար բավական էր նրան հաղորդված ներքին հայտնությունը (Եզեկ․ 3:16-21), ապա մարգարեին իր ծառայության մեջ փաստացիորեն ներգրավելու և նրա գործունեության վերաբերյալ մանրամասն ու ճշգրիտ հրահանգներ տալու համար անհրաժեշտ էր մի արտաքին հայտնություն, Աստծո մի նոր երևում։

   «Գնա՛ դաշտ» - սա պետք էր անել այն խորհրդավոր գաղտնիության համար, որը պահանջում էր տեսիլքը: «Դաշտ» բառը եբրայերենից ավելի ստույգ թարգմանությամբ նշանակում է «հարթավայր», որը շրջապատում էր այն բլուրը, որի վրա գտնվում էր Թել-Ավիվը։

   «Տիրոջ փառքն այնտեղ էր» - Հետևաբար, այս անգամ արդեն մարգարեն այնտեղ գտավ Աստծո Փառքը, իսկ Քոբար գետի շրջակայքում Աստծո Փառքն էր հայտնվել, «եկել» մարգարեի մոտ։ Նույն կերպ նաև հաջորդ տեսիլքում, որը նկարագրված է 8-9-րդ գլուխներում, մարգարեն Աստծո Փառքը գտնում է արդեն տաճարում: Երկիր իջնելով՝ Աստված կարծես թե չի լքում այն ​​մինչև այս պահը և մինչև 8-9-րդ գլուխներում ծավալված իրադարձությունները։ «Այնտեղ էր» («կանգնած») արտահայտությունը ցույց է տալիս, որ «Տիրոջ Փառք» ասելով մարգարեն նկատի ունի ամբողջ հայտնությունը, և ոչ թե, օրինակ, միայն Նրան, Ով բազմել էր գահի վրա։ Հետևյալ բառերը նույնպես վկայում են այդ մասին. «Այն փառքի պես, որը ես տեսել էի Քոբար գետի մոտ»։ Այսպիսով, այդ նույն երևույթն ամբողջությամբ կրկնվեց մարգարեի աչքերի առջև։ Չնայած չի բացառվում, որ «Տիրոջ Փառք» արտահայտությունն այստեղ օգտագործվում է նեղ իմաստով՝ վերաբերելով միայն Քոբարի վրա երևացած Մարդկային Կերպարանքին, քանի որ. 1) Արտահայտման եղանակն այնքան վճռական չէ, որքան 43:3-րդ համարում, 2) ամբողջ տեսիլքի կրկնությունն այստեղ այնքան անհրաժեշտ չէր, որքան 8-9-րդ և 43-րդ գլուխների պարագայում, 3) այստեղ անհրաժեշտ էր միայն Տիրոջ Կերպարը, ինչպես 8:2-րդ համարում: Քոբարի մասին հիշատակությունը ցույց է տալիս, որ այս գետը չի հոսել Թել-Ավիվի հարևանությամբ։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրայ հանգչեց, ու նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, դու էլ այն դաշտը ելի՛ր, այնտեղ քեզ հետ խօսելու եմ»:
(Արարատ թարգ․) Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։
(Գրաբար) Եւ եղև ‘ի վերայ իմ անդ ձեռն Տեառն, և ասէ ցիս. Արի՛ և ե՛լ դու ‘ի դաշտ անդր, և ա՛նդ խօսեցա՛յց ընդ քեզ։